Հայաստանում սկսել են քիչ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել: Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները: Օրինակ, մեր հանրապետությունում նախորդ տարվա 11 ամիսներին ամուսնացել է 15 հազար 508, ամուսնալուծվել՝ 4115 մարդ:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2020 թվականի 11 ամիսներին ամուսնացել է 10 հազար 769 մարդ, 2021-ի նույն ժամանակհատվածում՝ 15 հազար 902, իսկ 2022 թվականի հունվար-նոյեմբերին՝ 15 հազար 508 մարդ: Այսինքն մեկ տարվա ընթացքում 394-ով պակասել է ամուսնությունների թիվը: Ամուսնալուծությունների դեպքում հակառակ պատկերն է. 2020 թվականի 11 ամիսներին ամուսնալուծվել է 2866 մարդ, 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 4069, իսկ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին՝ 4115 մարդ:
Կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե առաջին անգամ մայրանալու և թե ընդհանուր առմամբ մայրանալու ժամանակ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաև առկա են դեպքեր՝ երկրորդ և այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում:
Սյունէ Համբարձումյան