Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը. ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լաչինի միջանցքով տեղաշարժի շարունակվող խափանումները և դրանց հետ կապված հումանիտար հետևանքները խոր մտահոգություն են առաջացնում: ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Նիլ Բուշը:

«Ցավում ենք, որ չնայած այս հարցը բարձրացվել է այստեղ՝ ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների և քաղաքացիական բնակչության անխափան տեղաշարժն ապահովելու համար»,- նշել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Միացյալ Թագավորությունը տեսնում է, որ երկու կողմն էլ մտահոգություններ ունեն 2020 թ. հրադադարի հետ կապված ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ:

«Մենք Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ձեռնարկել բովանդակալից բանակցություններ՝ հասնելու կայուն և խաղաղ կարգավորման, որը կապահովի երկարատև խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Միացյալ Թագավորությունը մեր մշտական, անսասան և անվերապահ աջակցությունն է առաջարկում միջազգային մեխանիզմներին, ներառյալ՝ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու ուղղությամբ։ Պարզ է, որ միայն խաղաղ երկխոսության միջոցով է հնարավոր հասնել խաղաղության»,- եզրափակել է դիվանագետը։




Լրահոս