ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Գազային շահերն առաջնային դասելու պայմաններում՝ քաղաքակիրթ աշխարհն անտեսում է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներն Արցախում ու Ադրբեջանի կողմից պետական ցեղասպան քաղաքականության իրականացումը:
🆘Ավելի քան մեկ ամիս է՝ 120 հազար մարդ ամեն օր գոյաբանական կռիվ է տալիս թշնամու կողմից շրջափակված իր հայրենիքում, զրկված է կրթության, ազատ տեղաշարժի, սեփականության, սոցիալական ապահովության և տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում իր արժանապատվությունը պահպանելու, երեխայի դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման ծնողական իրավունքներից, վտանգված է իր հիմնարար՝ կյանքի իրավունքը:
Ձմեռային ցրտագույն պայմաններում Արցախում չկա գազ ու բավարար էլեկտրաէներգիա: Օրեցօր սպառվում են սնունդն ու պարենամթերքը, ինչի պատճառով փակվել են հարյուրավոր ուսումնական հաստատություններ: Շուրջ 300 երեխա պարտադրաբար զրկված է ծնողի հետ ֆիզիկական կապից…
🔺Ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի»։