էդգար Կարապետյանը, հանդիսանալով Երևան քաղաքի Արարատյան փողոցի 43 հասցեում գտնվող «Ապավեն տերմինալ» ՓԲ ընկերության բանվոր և գտնվելով ամենամյա հերթական արձակուրդում, 2022 թվականի մարտի 02-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր մոտ ապօրինի պահվող, հիմնական նշանակության ռազմամթերք հանդիսացող «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակով, գտնվելով ոչ սթափ վիճակում, մուտք է գործել ընկերության տարածք, որտեղ ցանկացել է տեսակցել ընկերության տնօրեն էդուարդ Սարիբեկյանին:
Այդ ժամանակ ընկերության տարածքում անվտանգության ծառայություն իրականացնող, «Վիկինգ» ՍՊ ընկերության պահնորդ Ավետիս Արամայիսի Ավետյանից տեղեկանալով, որ տնօրեն էդուարդ Սարիբեկյանը չի գտնվում ընկերությունում, բարկացել է և «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակն աջ ձեռքի ափում պահած, Ավետիս Արամայիսի Ավետյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, աջ ձեռքի բռունցքով հարվածել է վերջինիս գլխի ձախ հատվածին՝ պատճառելով ձախից ակնակապճի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, արյունահավաքի, գանգուղեղային վնասվածքի՝ գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի ձևով, առողջության տևական քայքայումով միջին ծանրության մարմնական վնասվածք: էդգար Կարապետյանի հարվածի արդյունքում Ավետիս Ավետյանը կորցրել է հավասարակշռությունը և իր հասակի բարձրությունից վայր ընկնելով՝ ստացել աջ սրունքի շրջանի սալջարդ վերքի և սրունքի զույգ ոսկրերի դիաֆիզի տեղաշարժված, բեկորավոր, բաց կոտրվածքներ, այդ կերպ՝ էդգար Կարապետյանը Ավետիս Ավետյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք: Դրանից հետո, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ էդգար Կարապետյանը նռնակը նետել է ընկերության պարսպից դուրս՝ անվտանգ տարածք և պայթեցրել այն:
Գործը դատարանում է:
Ք. Մ.