2022 թվականի դեկտեմբերի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել էինք հոդված «ՀՀ ոստիկանությանը խաբել են» վերտառությամբ, որում ներկայացրել էինք ՀՀ ոստիկանությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության արդյունքները, համաձայն որոնց պարեկապահակային ծառայության ավտոմեքենաների համար մրցույթում հաղթած ՍՍ ընկերության կողմից մատակարարված տեսախցիկները չեն համապատասխանում մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրին, ըստ որի տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշների ճանաչման ֆունկցիա մինչև 300կմ/ժ արագությամբ շարժվելիս, սակայն Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նախնական փորձարկվել է տեսախցիկների՝ պետհամարանիշների ճանաչման ֆունկցիան արագության ընթացքում, ու արձանագրվել է, որ դրանց առավելագույն արագությունը, որի ժամանակ կարող էին ճանաչել մեքենայի պետհամարանիշները, 220-230կմ/ժ է:
Սակայն, մեր օրաթերթի կողմից այս տվյալների հետագա ուսումնասիրություններով այդ տեղեկությունները այդպես էլ չհաստատվեցին: Մեր խմբագրությունը կապ հաստատեց ՍՍ ընկերության հետ՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով: Վերջինս էլ իր հերթին կապ է հաստատել ABETECHS GmbH (Grundig Security) ընկերության հետ, որից ձեռք է բերել տեսախցիկները՝ մեր հրապարակման մեջ նշված տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: ABETECHS GmbH (Grundig Security) ընկերությունը հավաստիացրել է, որ մատակարարված տեսախցիկները ոչ միայն համապատասխանում են պահանջվող պայմաններին, այլ համապատասխան կարգաբերումների դեպքում կարող են գրանցել նաև մինչև 400 կմ/ժ արագություն, այդ տեսախցիկները կիրառվում են աշխարհի տարբեր երկրների իրավապահ համակարգերում և լավագույնս ծառայում են իրենց առջև դրված խնդիրների լուծմանը: Բացի այդ, ՍՍ ընկերությունը դեկտեմբերի 15-ի հրապարական մեջ տեղ գտած տեղեկատվության առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ ոստիկանությունից խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե ո՞ր լիցենզավորված կազմակերպության կողմից է իրականացվել տեսախցիկների փորձարկումը, ի՞նչ տարբերակով և ի՞նչ մեթոդոլոգիայով, ի՞նչ կարգաբերումներ են կիրառվել փորձարկման ընթացքում, հնարավորության դեպքում փորձարկումն իրականացրած անձանց տվյալները և կատարված փորձարկման արձանագրած արդյունքները: Սակայն ՀՀ ոստիկանության կողմից այդպես էլ որևէ տեղեկատվություն կամ պարզաբանում չի տրամադրվել:
Քանի որ ՀՀ ոստիկանության և որևէ այլ մարմնի կամ ընկերության կողմից չի ներկայացվել նախորդ հրապարակման մեջ նշված փաստերը հիմնավորող ապացույցներ և տվյալներ, ուստի ստացվում է, որ ՀՀ ոստիկանությանը ոչ ոք էլ չի խաբել: և նախորդ հրապարակումը հիմնված է եղել չշգրտված տեղեկությունների վրա: Ավելին, մեր ունեցած ըեղեկություններով այդ տեսախցիկների միջոցով պարեկապահակային ծառայությունը մինչ այժմ կարողացել է հայտնաբերել և կանխել բազմաթիվ խախտումներ, ինչը նպաստում է հանրապետությունում օպերատիվ վիճակի վերահսկելիության ուժեղացմանը: