Հացի արտադրության ծավալները նվազել են. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալները փոքր-ինչ նվազել են:

ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 238 հազար 821 տոննա հաց, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում արտադրվել է 240 հազար 7 տոննա հաց:

Այսինքն՝ հացի արտադրության ծավալները անցյալ տարվա 11 ամիսներին, 2021 նույն ժամանակահատվածի համեմատ, 0.5 տոկոսով է նվազել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նույն ժամանակահատվածում մակարոնեղենի արտադրության ծավալներն են աճել՝ 3 տոկոսով:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 4854 տոննա մակարոն։ Սակայն մակարոն արտադրողները խիստ մտահոգված են, որովհետեւ հայկական ողջ շուկան ողողված է դրսից ներկրվող մակարոնով, եւ տեղական արտադրողները չեն դիմանում մրցակցությանը։ Նշենք, որ ռուսական արտադրության մակարոնը մեր շուկայում մեծ տեսակարար կշիռ ունի։ Բայց Հայաստանում մակարոն արտադրելու համար տնտեսվարողները մեծ ծախսեր են անում, իսկ այն ներմուծողներն ավելի շատ են օգտվում:

Արդյունքում տեղական արտադրողները չեն կարողանում իրենց ունեցածը սպառել կամ էլ այն իրացնում են ավելի էժան` այդպիսով մեծ վնասներ կրելով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս