Երեկ Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» հարցի քննարկումը, որի արդյունքում վաղը հնարավոր է ՝ ընդունվի Եվրոպական խորհրդարանի բանաձև:
Խորհրդարանի պատգամավորները շատ կոշտ ելույթներով անդրադարձան Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ պահանջելով անհապաղ բացել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը ընդունել էր 2022թ. Արտաքին և անվտանգային քաղաքականության կատարմանն առնչվող իր տարեկան զեկույցը, որում նույնպես անդրադարձ էր արվել Լեռնային Ղարաբաղի հարցին, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման պատճառներին և հետևանքներին:
«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»»։