Արցախին առնչվող բացառիկ որոշում. Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում և խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ջանքերով գումարվել է Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության շրջափակմանը։

Հունվարի 18-ին կայացած նիստի արդյունքում որոշվել է Արցախի շրջափակման հարցով ևս երեք նիստ գումարել, ինչպես նաև տեղում իրավիճակի շուրջ իրազեկվելու համար քննարկման հրավիրել ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին։ Համապատասխան որոշման մեջ օգտագործված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությւոն ձևակերպումը։

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման և արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում սույն որոշումն իր բնույթով բացառիկ է ոչ միայն այն պատճառով, որ կանադական խորհրդարանական հանձնաժողովն օգտագործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը, այլ նաև քննարկման է հրավիրում Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին։ Սա Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման նոր դրսևորում է, ինչի շուրջ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը տևական շրջան աշխատանքներ է իրականացնում։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը կանադական խորհրդարանում առաջիկա զարգացումների վերաբերյալ հանդես կգան հաղորդագրություններով։




Լրահոս