Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, մինչ իշխանության գալն ու դրանից հետո, ամենատարբեր առիթներով քննադատել են բանակի վիճակը, նախկիններին մեղադրել այն թալանելու, պատշաճ ուշադրություն չդարձնելու եւ անմխիթար վիճակով իրենց հանձնելու մեջ։
Օրինակ, դեռ 2017 թվականին խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարեց․ «Սերժ Սարգսյանն այո՛, ՀՀ-ի բոլոր ձախողումների, որոնք արձանագրվեցին, թիվ մեկ պատասխանատուն է: Անվտանգություն, ի՞նչ անվտանգության մասին եք խոսում: Ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքները կորցնելո՞ւ: Հանկարծ չփորձեք նախկին պաշտոնյաների վրա գցեք: Էդ, որ տանում էիք խրամատները, «կանսերվի կոկոշները» շարում, էդ ո՞վ էր էդ վախտ «կանսերվի կոկոշների» գերագույն գլխավոր հրամանատարը, ե՞ս էի»։
Նույն թվականի մարտի 7-ին քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «Մինչ Ադրբեջանը իր առաջնագիծը հագեցնում էր տեխնոլոգիական գործիքներով, մեր բարձրագույն ղեկավարությունը կանսերվի կոկոշներ էր շարում խրամատների եզրերով Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:
Հեղափոխությունից հետո նրա թիմը հպարտանում էր, թե ազատվել են «կանսերվի կոկոշներից»։ Հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ին համակարգող Տարոն Չախոյանն օրինակ արբանյակ ունենալու փաստից ոգևորված գրել էր․ «Հիմա «կանսեռվի կոկոշները» փոխարինում ենք տիեզերական արբանյակով, որի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների հսկողության համար»։
Փաստ է, որ նախկիններին քննադատել սիրող Նիկոլ Փաշինյանի պահած բանակում մինչեւ հիմա զինվորները հենց իր խոսքով ասած ավտոբենզինով են վառարան միացնում, որպեսզի տաքանան, քնում են կիսախալխուլ հյուղակում, քնում են երկաթե, հին մահճակալների վրա՝ անմարդկային եւ անմխիթար պայմաններում։
Հենց նրա օրոք բանակում խաղաղ պայմաններում ունենում ենք 15 զոհ՝ բանակն անտեր թողնելու, բարեփոխումներ չանելու, սահմանները չկահավորելու հետեւանքով։