ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Առաջնագծի ողբերգական վիճակի մասին խոսել եմ դեռ 2 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ ուղիղ հարցին, թե ինչու՞ չունենք կահավորված առաջնագիծ, երկրի թիվ մեկ պաշտոնյան ոչ ադեկվատ պատասխան տվեց. «Ես ուրախ եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլև Դուք չեք կարող տեսնել արվող աշխատանքը: Ինչ արվում է, գաղտնի է արվում: Այն առաջնագիծը, որը տեսանելի է, կանխատեսելի է, վատ առաջնագիծ է»:
Այսօր հրդեհված ճաղավանդակ լուսամուտներով խրճիթը Նիկոլ Փաշինյանի պատկերացրած «լավ առաջնագծի» ատրիբուտներից է. առանց վթարային ելքի, առանց հրդեհային անվտանգության կանոնների պահպանության՝ զուրկ տարրական կենցաղային պայմաններից: Ասելիքը շատ է…
Նշեմ, որ Ազատը սահմանամերձ գյուղ է, թշնամու ուղիղ նշանառության տակ և ազերիներն այնքան մոտ են, որ հաճախ հեռադիտակի կարիք չունեն: Եւ մոտ երկու տարի առաջ հնչեցրած հարց-ահազանգս հենց այս իրավիճակի մասին էր:
Պատերազմից հետո բարձիթողի վիճակում է հայկական բանակը, զինծառայողներն ու զինվորները անմարդկային պայմաններում են աշխատում ու ծառայում:
Ազատի ողբերգական դեպքը պիտի սթափեցնող լինի ու բոլոր հատվածներում առաջնագծի պատշաճ կահավորանքը դառնա թիվ մեկ զբաղմունքը Նիկոլ Փաշինյանի անկարող թիմի համար:
Չեք կարող կառավարել, հեռացեք: Քանի՞ մարդ պիտի մահանա, որ ձեր կառավարման տկարությունն ինքներդ ընդունեք:
Հ.Գ. ՀՀ Կառավարության նիստում նախնական վարկածի վրա հիմնված տեսակետը` որպես կայացած փաստ շրջանառելը ևս անպատասխանատու վարքագիծ է»: