Արցախի և Ադրբեջանի չկարգավորված հարաբերություններում Հայաստանը դիտորդ լինել չի կարող. Արցախի ԱԺ նախկին նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

– Մեկ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է գտնվում, փակ է Լաչինի միջանցքը: Իրավիճակը գնալով բարդանում է, կենսական նշանակության հարցեր են առաջ գալիս: Ստեղծված իրավիճակից, Արցախը շրջափակումից դուրս բերելու համար ի՞նչ լուծումներ եք տեսնում:

– Քանի որ ստեղծված իրավիճակին գնահատական տալու փորձերի պակաս չկա, առաջարկում եմ նույն հարցերին նայենք մեկ այլ դիտանկյունից` ինչո՞ւ ենք հայտնվել նման կացության մեջ, և ի՞նչ կարելի է անել այդպիսի վիճակներից խուսափելու համար:
Որքան էլ մեծ լինի Արցախում արդեն մեկ ամսից ավել տևող հումանիտար ճգնաժամը նկարագրելու գայթակղությունը, այնուամենայնիվ, պետք է ի սկզբանե արձանագրենք այն պարզ իրողությունը, որ մեզ առաջադրված մարտահրավերը համակարգային լուծման, պետական մակարդակով մոբիլիզացիայի խնդիր է, և այն պահանջում է ներգրավել բոլոր կարող ուժերին՝ անկախ նրանց հանդեպ ունեցած կանխակալ կամ կարծրացած վերաբերմունքից:

Թերևս այստեղ է, որ մենք բախվում ենք համակարգային շեղման փաստին (չնայած, ամեն ինչ արվում է, որ մենք չհանգենք այդ խախտումը կամ շեղումը վերացնելու որոշմանը): Բացատրեմ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը շարունակվում է նաև 2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց ինչքան էլ փաստեր են հավաքվում հօգուտ այն պնդման, որ ժամանակակից պատերազմները հենց այսկերպ են լինում և հենց այդ պատճառով են ստացել հիբրիդային անվանումը, միևնույն է, մեր կառավարող ընտրախավերի մոտ տիրապետում է այն մտայնությունը, թե դա մեր տարածաշրջանի համար չի ասված:

Շրջափակումը նույն պատերազմական գործողությունն է, այսինքն՝ նույն ուժի կիրառման ամենացայտուն օրինակն է: Եվ եթե հայկական պաշտոնական քաղաքական միտքը դրան հակադրում է իր կողմից հնարած և միակողմանի օգտագործվող խաղաղության օրակարգը, ուրեմն նոր սադրանքներն ու կրկնվող շրջափակումները, հոսանքի, գազի և համացանցի անջատումները լինելու են մշտական ռեժիմով:
Հենց այս մոտեցումների տարբերությունն է այսօր երևակվում հայկական երկու հանրապետությունների դիրքորոշումների մեջ, և որի պատճառով վերջերս հաճախակի են այդ տարբերություններն արտահայտվում պաշտոնական հայտարարություններում կամ բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային տեսակետներում:

Հայաստանը չի կարող դիտորդ լինել Արցախի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարաբերություններում, մենք չենք կարող հրաժարվել վերջին երեսուն տարիներին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեկ-մեկ հավաքված փաստաթղթերից և դրանց հիմքով ձևավորված հակամարտության լուծման սկզբունքներից:

Մեր շահերից չի բխում մինչև հիմա չօգտագործված իրավական փաստաթղթերի (օրինակ` Ալմա Աթայի հռչակագրի) շրջանառումը քննարկումների մեջ: Ինքնորոշման իրավունքից կամովին հրաժարումը ի վերջո մեզ զրկելու է հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջազգային իրավունքի ընձեռած գործիքակազմից օգտվելու հնարավորությունից: Եթե մենք այսպիսի համատարած պաշտպանական բնագծեր ու շերտեր չձևավորենք Արցախի շուրջ, մշտապես մեզ փորձելու են պահել օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամերից լուծումներ փնտելու վիճակում:

– Արցախում վերջերս քննարկվում էր արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը: Սրանք ի՞նչ խոսակցություններ են, արդյո՞ք այս պահին ընտրությունների մասին խոսելու ժամանակն է:

– Անկեղծ պիտի ասեմ, որ ինձ համար մինչ այս պահն անհասկանալի է մեր որոշ գործընկերների խանդավառությունը` արտահերթ ընտրություններ անցկացնելու և դրանց ակտիվ մասնակցելու հետ կապված: Մնում է ենթադրել, որ Արցախում վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատված ներքաղաքական զարգացումների հանգուցալուծման համար ոմանց մոտ դիտարկվել է արտահերթ ընտրությունների գաղափարը: Հակառակը պիտի պնդեմ. Արցախում և Արցախի շուրջ ձևավորված իրավիճակը ոչ մի տեղ չի թողնում ներքաղաքական տարաձայնությունների և ճշտումների համար:

Իմ խորին համոզմամբ, այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, պահանջում է բոլորից համախմբվածություն, որի ստուգաբանության մեջ ընտրությունները հաստատ առաջին տեղում չեն:

Զրույցը՝ Սևակ Վարդումյանի




Լրահոս