Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Թեհրանի փոխքաղաքապետերի հետ:
Թեհրանի քաղաքապետի ֆինանսական և տնտեսական գծով տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ հանդիպմանը մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում կառուցապատման ոլորտում:
Քաղաքային տնտեսության կառավարման գործում ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է մի շարք խոշոր նախագծերի, որոնք նախատեսվում են Երևանում: Մասնավորապես՝ Հրաչյա Սարգսյանը խոսել է մետրոպոլիտենի նոր կայարանի, Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատվածի շինարարության, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման կայանի, աղբավայրի փակման և նոր աղբավայր կառուցելու նախագծերի մասին:
Կարևորելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության հաստատումը՝ հանդիպման մասնակիցները համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամություն են հայտնել:
Ըստ աղբյուրի՝ Թեհրանի քաղաքապետի քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի գծով տեղակալ Հոսեին Նազարիի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են կանաչապատման ոլորտին առնչվող խնդիրներ: Քաղաքային այգիների ձևավորում, անտառտնկարկների հիմնում ու ճիշտ բուսատեսակների և ծառատեսակների ընտրություն. քույր քաղաք Թեհրանը պատրաստ է Երևանին փոխանցել կուտակած փորձն ու հաջողած ծրագրերը:
Նշվում է, որ եթե մինչև իսլամական հեղափոխությունը Թեհրանի կանաչ մակերեսը եղել է 4 200 հեկտար և քաղաքն ունեցել է 75 այգի, ապա այժմ կանաչ մակերեսը հասնում է 61 հազ հեկտարի, հանգստի գոտիների թիվն էլ 2 352 է: