
Հոկտեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհին Արմավիր քաղաքի սկզբնամասում ՎԱԶ-2106 մակնիշի 63 ԼԼ 515 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ բախվել էլեկտրասյանը: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ էլեկտրասյունը շրջվել է, իսկ հոսանքի լարերը՝ պոկվել եւ թափվել գետնին: Վթարի հետեւանքով վարորդը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, իսկ ուղեւորը տեղում մահացել: Փաստի առթիվ Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը ոստիկանության աշխատակից էր: Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում պարզելու համար մահացածի եւ վիրավոր ինքնությունը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի: