ArmLur.am-ը գրել էր, որ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հունվարի 23-ին, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում պետք է ունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշում է, որ այս հանդիպումներից մեծ սպասումներ կան.
«Խնդրի լուծումը կուլմինացիայի է հասել, ենթադրում եմ, որ այս հանդիպումները որոշիչ կլինեն, այլևս հնարավոր չէ Լաչինի միջանցքը փակ պահել: Ես էական ակնկալիքներ ունեմ, կարծում եմ՝ մեկ-երկու օրվա մեջ վճռական որոշում պետք է կայացվի»,-ասում է Բագրատյանը:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան