ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է տվել Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծմանը։
«Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության հաստատմանը, տեղում վստահության ամրապնդմանն ու այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, որ կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից գործադրվող ջանքերին», – նշված է ԵՄ խորհրդի այսօր տարածած հաղորդագրության մեջ։
«Հայաստանում առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման նոր փուլի մեկնարկն է ազդարարում։ ԵՄ շարունակելու է աջակցել լարվածության թուլացմանն ուղղած ջանքերին՝ հանձնառու լինելով աշխատել երկու կողմերի հետ՝ վերջնական նպատակ ունենալով տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը», – հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։