Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են մի շարք հրատապ հարցեր: Ներկայացվել է կտրոնային համակարգի անցման հետ կապված իրավիճակը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նշվել է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բացահայտվում են գործընթացի հետ կապված խնդիրները, տեսչական և վերահսկող մարմինների կողմից արագ արձագանք է լինում բնակչության ահազանգերին (ինչպես մատակարարված բրինձի տեսակներից մեկի դեպքում), և փորձ է արվում դրանց հնարավորինս արագ լուծումներ տալ:
Ընդհանուր առմամբ դրական համարելով համակարգի ներդրման ընթացքը՝ պետնախարարը հանձնարարել է ամփոփել և ներկայացնել գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Օպերատիվ շտաբը նաև կոչ է արել բոլոր քաղաքացիներին՝ ստանալ պարենային հինգ ապրանքատեսակների վաճառքի կտրոնները, որպեսզի մատակարարումները կատարվեն համապատասխան սահմանաչափերով:
Նիստում ներկայացվել է նաև էներգամատակարարման և գազամատակարարման հետ կապված ընթացիկ իրավիճակը: Նշվել է, որ ադրբեջանական կողմի միջամտությամբ Հայաստանից Արցախը սնուցող բարձրավոլտ միակ էլեկտրագծի խափանման և գազամատակարարման՝ պարբերական դարձած անջատումների պայմաններում ՝ էլեկտրամատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել:
Փաստացի էլեկտրաէներգիայի մատակարարումը ներկայումս իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին, ինչի պատճառով համակարգը շատ ծանրաբեռնված է, ավելանում են վթարների թիվը: Այս իրավիճակում ոլորտի պատասխանատուները հորդորում են բնակչությանը՝ առավելագույնս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան:
Նիստի ընթացքում զեկուցվել է նաև դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը: