Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն այսօր Բրյուսելում համաձայնեցրել են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ-ում Շվեդիայի նախագահության գրառումը, որը հրապարակվել է Twitter-ում:
«Արտգործնախարարությունների ղեկավարների այսօրվա հանդիպմանը նախարարներն ընդունել են Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ թիրախավորելով բռնաճնշումներ իրագործողներին: ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ Իրանի իշխանությունների կողմից ուժի դաժան և անհամաչափ կիրառումը», – նշված է հաղորդագրությունում:
ԵՄ-ում Շվեդիայի նախագահությունը չի հստակեցնում, թե ում դեմ են կիրառվելու նոր սահմանափակումները:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնը հայտարարել էր, որ ԵՄ ԱԳ նախարարները քննարկում են սև ցուցակում ավելի քան 50 անձանց, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների և մի քանի իրավաբանական անձանց ներառումը: