Անի համայնքում ՔՊ-ն կանի նույն սցենարը, ինչ որ Թալինում. Ժողովուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կնքահայրությամբ, այս տարվա մարտի 26-ին կրկին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կացկացվեն:

Նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանու մանդատներ ստացած քաղաքական երեք ուժերն այդպես էլ իրար հետ լեզու չէին գտել, ու Անիում իշխանություն չէր ձեւավորվել:

Շիրակի մարզի 19 բնակավայրեր ներառող Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն, որ ավագանու ութ մանդատ էր ստացել ու զիջում էր 10 մանդատ ստացած «Ազգ-համայնք» դաշինքին, ըստ երեւույթին, ցանկանում է նույն սցենարն իրագործել, ինչ որ Թալինում արեց։ ՔՊ-ն Թալինում հնարավոր բոլոր մեթոդներով նախ տապալեց ընդդիմադիրների հավանական կոալիցիան, ապա իր թեկնածուին համայնքի պաշտոնակատար նշանակեց, ու արդեն թալինյան երկրորդ ընտրությունների ժամանակ վերջինս համայնքապետ ընտրվեց։

ՔՊ-ի՝ Անիի ընտրություններում հաղթանակ չտարած թեկնածուն՝ Արամ Սարիբեկյանը, վարչապետի՝ 2022-ի դեկտեմբերի 8-ի որոշմամբ՝ Անիի համայնքապետի պարտականությունները կատարող պաշտոնակատար է նշանակվել։ Համաձայն ՔՊ-ի կողմից գործի դրվող սցենարի՝ ենթադրելի է, որ Սարիբեկյանը մինչեւ մարտ ամիս տեղը տեղին կուսումնասիրի համայնքային ենթակառուցվածքները, համայնքապետի լիազորություններն ի շահ իրեն ու առաջիկա ընտրությունների գործի կդնի ու արդեն երկրորդ փորձից համայնքապետ կընտրվի։

Այսինքն՝ հավանական է, որ այստեղ նույնպես քաղաքական իշխանությունն անելու է հնարավորը կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելու համար։

Իհարկե, հնարավոր է, որ Սարիբեկյանը, արդար մղումներ ունենալով, համայնքապետի որեւէ լծակ էլ հանուն իրեն կամ ՔՊ-ի չօգտագործի, բայց դա պարզելու համար նախեւառաջ լրագրողների հետ պետք է շփվի:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս