ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը:
Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից հայտնում են՝ Բլինքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը եւ հերքել, թե Լաչինի միջանցքի փակ է:
Իլհամ Ալիևն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ընդգծել է, որ պետք է դադարեցնել հանքավայրերի անօրինական շահագործումը Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, այնտեղ պետք է ապահովվեն Ադրբեջանի կողմից մշտական մոնիտորինգ և ստուգումներ։
Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, որը պետք է պարունակի միայն երկկողմ հարաբերությունների կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա։
Նկատենք՝ Բլինքենը նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էր հեռախոսազրույց ունեցել մի քանի օր առաջ: Դրանից հետո հետո ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան գրառում արեց, թե Փաշինյանի հետ խոսել է Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ քննարկումները վերսկսելու քայլերի մասին
Վարչապետը նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:
Հավելենք, որ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 44 օր:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.