ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը փորձի  հրապարակավ հավաստիացնել, թե Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վիճակը բարվոք է, եւ նման իրավիճակները հատուկ են աշխարհի շատ թատրոններին, այնուամենայնիվ դժվար չէ նկատել, որ տիկին նախարարի եւ նրա «հուշարարների» նախագիծը բառացիորեն տապալվել է` այսօր երկրի գլխավոր թատրոնը, որը մեկ տարի հետո բոլորելու է իր գոյության 90 տարին, հայտնվել է խոր անորոշության եւ ստեղծագործական պարապի մեջ: Դրան գումարվում են թատրոնի ֆինանսական ցուցանիշները, որոնք տարեվերջին ներկայացրեց թատրոնի տնօրեն, ոստիկանության փոխգնդապետ Ստեփան Դավթյանը: Պարզվեց, որ 1000 տեղանոց դահլիճ եւ բավականին բարձր գների տոմսեր ունեցող թատրոնն աշխատել է 30 տոկոս ծանրաբեռնվածությամբ, իսկ տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ բեմադրվել են երեք ներկայացումներ, որոնցից՝ «Լեգենդ Մակբեթի մասին» եւ «Մեղր» ներկայացումների ծախսերի մասին հաշվետվություններն այդպես էլ չեն հրապարակվում: Նույն` տարեվերջյան ասուլիսում, տնօրենը հայտարարեց, որ հունվար ամսին թատրոնի գեղարվեստական խորհուրդը կնշանակի գլխավոր բեմադրիչի` այսպիսով վերջ դնելով ստեղծագործական քաոսին: Հունվարն ավարտվեց. այդպես էլ չներկայացվեցին ապագա գլխավոր բեմադրիչի տեղը զբաղեցնող հավակնորդների անունները: Չնայած ներկուլիսային խոսակցություններում շոշափվում են դերասան եւ բեմադրիչ Ժան-Պիեռ Նշանյանի, բեմադրիչ Տիգրան Գասպարյանի եւ նախարարի հովանավորյալ Վահան Բադալյանի անունները: Ժ.Պ. Նշանյանն այժմ ֆիլմ է նկարահանում, որի պրոդյուսերը նախարարի ամուսինն է, հետեւաբար փոքր չէ հավանականությունը, որ նա կլինի գլխավոր հավակնորդը: Արմեն Մարությանն ու ընկերներն էլ շահագրգռված են Տիգրան Գասպարյանի նշանակմամբ, իսկ Վահան Բադալյանի հարցում տիկին նախարարը լռում է` գուցե չուզենալով հերթական անգամ վտանգել իր հեղինակությունը, քանի որ նրա փայփայած բեմադրիչի իրականացրած «Լեգենդ Մակբեթի մասին» բեմադրությունը, մեղմ ասած, ստեղծագործական շառաչուն ձախողում էր: Տնօրենը խոստացավ ակտիվ ստեղծագործական տարի` դժգոհելով միայն այն բանի համար, որ թատրոնի տարածքի մի մասը տրամադրել են «Գոյ» թատրոնին: Սակայն արդեն նոր տարում չկազմվեց նոր խաղացանկ, որը պիտի ապահովի թատրոնի 2011 թվականի ստեղծագործական գործունեությունը: Ավելին, նախարարությունն ու նրա «դուդուկի տակ պարող» ոստիկան-տնօրենը վերջապես ազատվեցին միակ բեմադրիչից` Վահե Շահվերդյանից: Ճիշտ է, վերջինիս հետ հանդիպման ժամանակ մշակույթի նախարարը հավաստիացրել էր, թե ինքը տեղյակ չէր տնօրինության նման որոշումից, բայց ո՞վ չգիտի, որ այս թատրոնում բոլոր հարցերը լուծվում են նախարար-տնօրեն տանդեմի փոխհամաձայնությամբ:Նախարարության փչած հերթական փուչիկը պայթեց. այդպես էլ չնշանակվեց գլխավոր բեմադրիչ, այդպես էլ մայր թատրոնը չունեցավ գեղարվեստական առաջնորդ: Իսկ սա նշանակում է, որ թատրոնի ներկա վիճակն ու ճակատագիրը որեւէ մեկին չի հետաքրքրում. ո՛չ նախարարին ու վարչապետին, ո՛չ երկրի նախագահին:ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս