Ռոբերտ Քոչարյանը պասիվանալու «հրահանգ» չի տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցությունը հունվարի 8-ին արտագնա նիստ էր անցկացրել, որին մասնակցել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ArmLur.am-ին խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ արտագնա նիստի ժամանակ քննարկել են Լաչինում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը, ներքաղաքական իրավիճակը, ամփոփվել է անցած տարին, խոսել ենք ֆրակցիայի մարտավարական քայլերի մասին:

Մամուլում այսօր լուրեր շրջանառվեցին, որ այդ հանդիպման ժամանակ «Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձևավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք»։

ArmLur.am-ը այս առիթով դիմել է «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների, որոնք ներկա են եղել հանդիպմանը:
Ագնեսա Խամոյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ֆրակցիայի նիստը բավականին ակտիվ է անցել, իսկ պասիվանալու մասին խոսակցություն չի եղել.

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ֆրակցիայի վերջին նիստի ժամանակ, որը եղել է արտագնա, և որին մասնակցել է նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, անցել է բավականին ակտիվ, աշխատանքային, քննակվել են մեր աշխատանքները, պլանավորվել են նաև մեր հետագա աշխատանքները, գործունեությունը: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ տեղեկությունը, թե նախագահ Քոչարյանը հայտարարել է, որ որոշել է պասիվանալ, իսկ թիմակիցներին հորդորել է անելիքների կազմակերպման հարցում ազատ լինեն, չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Խամոյանը:

Արծվիկ Մինասյանը մեր ճշգրտող հարցին արձագանքեց հակիրճ՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց.

«Խմբակցության հետ վերջին հանդիպման ընթացքում նման որևէ հայտարարություն չի եղել: Ճիշտ հակառակը` հանդիպումն ունեցել է ակտիվ աշխատանքային բնույթ, ունեցել ենք կարևոր քննարկումներ առաջիկա գործունեության վերաբերյալ»:

Անդրանիկ Թևանյանը մեր հարցին արձագանքեց՝ բամբասանքները չի մեկնաբանում:

Աննա Գրիգորյանը ևս հերքեց, թե նման զրույց չի եղել.

«Ավել մեկնաբանություն տալ չեմ ցանկանում, պարզապես՝ հերքում եմ»:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս