Նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 33 հազար 282 դեպք: Իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 27 հազար 56 դեպք: Այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 6226 դեպքով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: 2021 թվականի 11 ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 14 հազար 603 դեպք, նախորդ տարվա այդ ցուցանիշը կազմել է 18 հազար 623: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը եւս ավելացել է: Մասնավորապես առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 2021-ի տասնմեկ ամիսներին եղել է 318՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 893: Հատկանշական է, որ հանցագործությունների տեսակներով պայմանավորված՝ ավելացել են կաշառք ստանալու դեպքերը:
Մասնավորապես 2021 թվականի տասնմեկ ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 196 դեպք է գրանցվել, իսկ անցյալ տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 200-ի: Բացի այս, նշենք, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի քանակը մեկ տարվա ընթացքում 44-ից դարձել է 84:
Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով անցյալ տարվա տասնմեկ ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել: 2021 թվականի հունվար-նոյեմբերին 5668 դեպքի դիմաց անցյալ տարի արձանագրվել է 10 հազար 418 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ:
Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում:
Սյունէ Համբարձումյան