«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ Թեւան Պողոսյանը:
-Պարո՛ն Պողոսյան, Արցախը մեկ ամիս է՝ ամբողջ աշխարհի ու Հայաստանի հետ կապվելու եղանակ չունի, որովհետեւ փակ է հաղորդակցային միակ միջոցը՝ Լաչինի միջանցքը: Գնահատականներ հնչել են ամենատարբեր մակարդակով, ընդհուպ ՄԱԿ-ի ամբիոնից է խոսվել այդ մասին, բայց գնահատականներից եւ կոչերից այն կողմ գործողություն չենք տեսնում: Ի՞նչ անել այս իրավիճակում:
-Երբ որ ասում են, թե գործողություններ չկան, պետք է հասկանանք, թե ումից ենք ինչ ակնկալել: Ունենք շատ հետաքրքիր իրրավիճակներ, եւ ինչ-որ բաներ ենք նախաձեռնում ու գիտենք, որ այդ ինստիտուտները, բացի ասելուց, ոչինչ չեն անում: Երբ այս վիճակն ենք ունենում, ապա ինքներս պետք է հասկանանք, թե ինչ պետք է անեինք, որ կոնկրետ լիներ: Եթե պետք է լիներ ՄԱԿ-ի բանաձեւ, պետք է հասկանալ, որ ինչ-որ մեկը պետք է լիներ, որ դա կյանքի կոչեր: Աշխարհում ով է այդ մեկը՝ ման ենք գալիս: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է նախաձեռնենք: Ֆրանսիան այնպես չէ, որ ինքն իրենով նստել ու որոշել է բանաձեւ հեղինակել: Եղել է հայկական կողմից խնդրանք, բայց այդ խնդրանքի ժամանակ մոռացել ենք շատ կարեւոր մի բան ասել, որ պետք է արդյունք ունենանք: Ինչ-որ երկիր երբ բան է անում, իր շահերից ելնելով է նաեւ անում: Ամեն օր մի նոր բան է բացահայտվում:
-Հայկական կողմը չի՞ կարողանում արդյունքի հասնել:
-Կան տարբեր պատճառներ, օրինակ՝ որ չես կարողանում կամ չես ցանկանում, ամեն ինչ փնթի ես անում, որ ոչ մի արդյունք չտա: Կա իշխանություն, որ ինչ որ բան չի ցանկանում, բայց ձեւական քայլեր է անում: Արցախի պետնախարարի հայտարարությունը, որ կան տարաձայնություններ Արցախի հետ, հետաքրքիր է, եւ նշում են, թե կաշխատեն այն իշխանությունների հետ, որոնք այլ կարծիք ունեն: Մյուս տարբերակն այն է, որ ուզում ես, բայց ինչ-որ բան չի ստացվում:
-Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները, լայվեր մտնելը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի պահվածքն է կրկնում:
-Նայեք, ինտերնետի դարաշրջան է, եւ նաեւ բնական է, որ մարդիկ սոցիալական ցանցերով են տեղեկություն ստանում: Դա տեղեկություն եւ իրազեկում է. ճիշտ մոտեցում եմ համարում, որ հանրության հետ պետք է խոսել եւ իրազեկել: Համաձայն եմ մի հանգամանքի հետ, որ եթե բերելու եք օրինակ, ապա անուն ասեք: Մեր հասարակությունում կան տարբեր խնդիրներ, եւ արժեքների մեջ մեկը, երբ ռեսուրսներ ունի, փորձում է իրեն այլ կերպ պահել: Արցախում դրական փոփոխություններ եւս կան, եւ կողմ եմ, որ բացասական բաների մասին բարձրաձայնվում է, սակայն պետք է անուններ նշվեն եւ ձեռքերից բռնեն: Ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքը հնարավոր կլինի բացել այլ ճանապարհով, ոչ թե բանակցություններով: Կարող եք այնպիսի գործողություններ անել, որ դա Ադրբեջանին կորուստներ կպատճառի: Երբ ճանապարհը փակվի, ապա պետք է մի բան մտածել, որ չկրկնվի այժմյան երեւույթները լրատվական դաշտում: Հայաստանում մի անգամ է իշխանափոխություն եղել, այն էլ՝ ճանապարհ փակելով, եւ նաեւ դա է պատճառը, որ այժմ ընդդիմությունը եւս փորձում է ճանապարհ փակելով իշխանափոխություն անել: Երբ մենք տեսնում ենք, որ պարտված իշխանությունը մնացել է իշխանության, մենք զարմանում ենք: Եթե իշխանությունը քայլեր է անում եւ ձախողում է, պետք է գիտակցված հեռանա: Այդքանից հետո նա շարունակում է մնալ իշխանության, խոսել նաեւ Արցախը կորցնելու մասին: Եթե Արցախը կորցնենք, Հայաստանն էլ ենք կորցնելու: Շեշտադրումը դնել մեկը մյուսով ամենասխալ բանն է: Պետք է երկուսն էլ հասկանալ, որ Հայաստան պահելու համար պետք է պահել Արցախը եւ հակառակը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԱԿ ՉԷ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԲԱՆԱԿԸ
Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից առաջ ինքը գիտեր, որ մենք ունենք մարտունակ բանակ, սակայն պատերազմից հետո պարզեց, որ այդպես չէ:
Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, որպես զինվորական՝ ինչպե՞ս կգնահատեք Փաշինյանի այս հայտարարությունը, արդյոք սա բանակը թիրախավորող հերթական հայտարարությունը չէ՞ր:
-Ո՞վ է գնահատական տվողը. Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ բանակի մարտունակությունը գնահատելու ունակություն ունենա. դա՝ առաջին: Երկրորդ՝ իր երեկվա խոսքը չես կարող այսօրվա խոսքի հետ համեմատել, անընդհատ խուսանավող հայտարարություններ է անում: Ինքն այդ մարդը չէ, որ գնահատական տա բանակին, մնացած բոլոր գնահատական տվողներն էլ իր կարգի մարդիկ են, որոնք բանակից հեռու են այնքան, որքան ես՝ գինեկոլոգիայից:
-Պարո՛ն Հակոբյան, 2020թ.-ի հուլիսյան մարտերից հետո Փաշինյանը հայտարարում էր, որ մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից է, պարծենում էր մեր բանակով. ի՞նչ փոխվեց 2 տարի անց:
-Ինքն այդ ժամանակ ասում էր՝ ամենից մարտունակ բանակն ունենք, այդ ժամանակ էլ ես իրենց նախատել եմ, որ այդպիսի արտահայտություններ չանեն:
-Արցախում ստեղծված իրավիճակի մասով ի՞նչ կասեք, պարո՛ն Հակոբյան: Արդեն մեկ ամիս կլինի՝ Արցախի կյանքի ճանապարհը փակ է, մեր հայրենակիցները շրջափակման մեջ են այնտեղ: Ինչպե՞ս եք տեսնում այս ճգնաժամի հանգուցալուծումը, ի վերջո, ո՞ւմ ձեռքում է լուծման բանալին.
-Պատասխանատուները Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն են: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այդ երեք երկրներն են ստորագրել, իրենք պատասխանատվություն են կրում նաեւ իրենց ստորագրած փաստաթղթի համար. այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը բացել-փակելուն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեզ համար շատ վատ փաստաթուղթ է. դա հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի համար, որ երբ ուզի, ճանապարհը բացի կամ փակի:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեն 2023 թվականին դառնալու է հանրապետության ամենաշատ գործեր քննող նախաքննական մարմինը: Բանն այն է, որ 2023 թվականի տարեսկզբից ՀՀ բոլոր օլիգարխները հայտնվելու են ՀՀ քննչական կոմիտեի տեսադաշտում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023թ. հունվարի 1-ից տնտեսական հանցագործություններով նախաքննության գործառույթը ՀՀ պետեկամուտների կոմիտեից փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտեին, եւ ՀՀ ՊԵԿ-ն այլեւս չի հանդիսանալու նախաքննություն իրականացնող մարմին։ Համապատասխան իրավական ակտերի հիման վրա կատարված սույն փոփոխության արդյունքում ՀՀ ՊԵԿ քննչական մարմնի 55 հաստիքները 2023թ. հունվարի 1-ից փոխանցվում են ՀՀ ՔԿ-ին։ Վերոնշյալ փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության՝ դեռեւս 2019թ. որոշումներով հաստատված՝ դատաիրավական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարություններից եւ դրանց իրականացման միջոցառումների ծրագրերից։ Այն պայմանավորված է նույնաբնույթ հանցագործությունների վերաբերյալ տարբեր նախաքննական մարմինների կողմից քննություն իրականացնելու պրակտիկայից հրաժարվելու, գործառույթների կրկնությունը բացառելու անհրաժեշտությունից։ Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն իր պաշտոնավարման տարիներին ամեն ինչ անում էր, որ ՊԵԿ քննչական վարչությունը անջատվեր ՊԵԿ-ից եւ միանար կոմիտեին, սակայն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը հաղթեց եւ օլիգարխներին իր մահակի տակ պահելու համար չտվեց նախաքննության իրավունքը ուրիշի: Այսպիսով, ՀՀ ՊԵԿ քննչականը եւս Արգիշտի Քյարամյանի ձեռքում է:
ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ
Հունվարի 8-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում մի հայտարարություն արեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: «Մենք գիտենք, որ ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ», – նշել էր նա: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի կողմից նշված ունեւոր ընտանիքը ոչ թե մեկնել է հանգստանալու, այլ հիվանդ երեխային են բերել բուժման: Ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանը, այդ մասին իմանալով, արել է հայտարարություններ, որոնք նաեւ պառակտիչ բնույթի են եղել: Ինչո՞ւ. երեկ Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, որին ի պատասխան՝ պետնախարարը խուսափեց ուղիղ պատասխան տալուց։ «Ես երբ տեղափոխվել եմ Արցախ, զգացել եմ՝ մարդկանց մոտ կա անարդարության զգացում, մարդիկ զգում են, որ տարբեր պայմաններում են ապրում՝ լինելով նույն վտանգի առջեւ: Դա է մեր իրականությունը: Ամոթը պետք է գա մեր մեջ մտնի, ոչ թե օրենքով պատժել: Ես ասել եւ ասելու եմ այդպիսի դեպքերի մասին, չեմ ափսոսում խոսքերիս համար»,- հայտարարեց Արցախի պետնախարարը: