ԱՎԵԼԻ ՇԱՏ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւան-Արցախ տեսակամուրջի միջոցով ներկայացվեց Արցախում տիրող իրավիճակը: «31-րդ օրն է շրջափակման, դա նշանակում է՝ մենք ունենք խնդիրներ՝ պարենային ապրանքների հետ կապված, ինֆրաստրուկտուրայի բոլոր օղակներում, բժշկության մեջ,  միմյանցից բաժանված ընտանքիներ ունենք, դեպքեր կան, որ մարդիկ մահացել են, չեն կարողանում հողին հանձնել եւ այլն»,- Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջի ժամանակ նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

 

«Հարեւան պետությունը ասում է, որ խնդիրներ չկան. նրանք իսկապես չեն ուզում իրականությունը ընդունել։ Իրենց հաշվարկներով՝ այս մի ամսվա մեջ անցել է մոտ 400 մեքենա,  եւ եթե մենք նայենք մինչեւ բլոկադան, մեկ օրվա մեջ ավելի շատ մեքենա է անցել.  սա խոսում է ճգնաժամի առկայության մասին։ Ամեն տեղ խնդիրներ կան, բայց, միեւնույն ժամանակ, այս ամեն ինչը մեզ միավորեց, տեսանք, որ եւ՛ պետությունը, եւ՛ հասարակությունը միասին են դժվար ժամանակահատվածում»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 25-ի հանրահավաքը ցույց տվեց, որ ժողովուրդը պատրաստ է կանգնելու պետության կողքին, եւ իրենց պայքարը ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ պայքար է՝ հանուն սեփական հողում ապրելու իրավունքի։ Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջի ժամանակ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը պարզաբանեց, թե ինչ սպասելիքներ ուներ Հայաստանից, որոնք չեն իրականացել, երբ հայտարարել էր, թե Հայաստանը Արցախում տեղի ունեցողին չի արձագանքում այնպես, ինչպես ինքն էր սպասում։

«Մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, 100 տոկոսով չեն հասկանում, թե ինչ է նշանակում բլոկադա։ Հայաստանում կան ՀԿ-ներ, որոնք կարող են դիմել միջազգային կազմակերպությունների՝ նշելով մարդու իրավունքների այն խախտումները, որոնք կատարվում են Հայաստանում։ Մոտ 400.000 հոգի ունի արցախցու արմատներ, եւ ես հույս ունեի ու վստահ էի, որ իրենք անտարբեր չեն ու անհանգիստ են Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ, բայց նույն ցույցերը դեսպանատների մոտ ցույց տվեցին, որ մարդկանց մոտ հետաքրքրությունը քիչ է։ Ինձ թվում էր, որ արձագանքը ԱԺ-ից եւ այլ պետական մարմիններից ավելի մեծ կլիներ»,- ասաց Վարդանյանը։

Հարցին՝ ինչ սպասելիքներ ունի ՀՀ իշխանություններից, պետնախարարն ասաց.  «Հայաստանի իշխանությունը իր դիրքորոշումը արդեն հայտնել է. իրենք աջացում են ֆինանսապես եւ իրավական առումով, իրենք ասել են՝ այսքանը կարող ենք անել, ավելին չեն կարող անել։ Այս իրավիճակում մենք ավելի շատ օգնություն ենք սպասում, բայց ամեն մեկը անում է այնքան, ինչքան կարող է. Հայաստանի իշխանություններն ասում են, որ այդքանը կարող են անել»։

«Ռուս խաղաղապահներն ունեն շատ սահմանափակ մանդատ, քիչ քանակով են այստեղ գտնվում, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ռուս խաղաղապահների եւ՛ քանակն ավելացնենք, եւ՛ զինամթերքը, եւ՛ լուծենք երկարաժամկետության հարցը»,- Ստեփանակերտ-Երեւան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահը այստեղ իրեն ավելի լավ զգա, ռուս խաղաղապահը պետք է զգա, որ ինքն այստեղ մեծ դեր է խաղում, զգա, որ ոչ թե իր դեմ ենք, այլ իրենց կողքն ենք կանգնած։ Վե՛րջ տվեք ռուսներին թիրախավորել, ռուս խաղաղապահը չլիներ այստեղ, մենք էլ այստեղ չէինք լինի. ի՞նչ եք ուզում, որ քննադատե՞նք, չեմ անելու ես այդ բանը։ Դրա համար ամեն ինչ անելու ենք, որ նրանք այստեղ երկարաժամկետ մնան, ուժեղանան, մենք էլ կանգնենք իրենց կողքին»,- եզրափակեց Ռուբեն Վարդանյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 16-ին մեկնարկելու է Ազգային ժողովի այս տարվա առաջին նստաշրջանը: Այս շաբաթ արդեն իսկ տեղի են ունենում հանձնաժողովների նիստեր, իսկ օրակարգը հաստատվելու է վաղը՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը վաղը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, ներկայացնելու է  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ: Այն պետք է քննարկվի հանձնաժողովում, ապա՝ արդեն լիագումար նիստում:

Հայտարարության մեջ նշվում է, թե Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին եւ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով  Հայաստանն Արցախին իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:

Նշվում է նաեւ, որ այս հայտարարության տեքստով նրանք կոչ են անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերը ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ եւ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ:

 

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ

Սահմանամերձ Տավուշում գինու գործարան է վաճառվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաճառքի է հանվել սահմանամերձ Բերդավանի գինու գործարանը: Նշենք, որ Բերդավանի գինու գործարանը հիմնադրվել է 1946 թվականին: Այն ժամանակին մթերել է 10 հազար տոննա խաղող: Ի դեպ, այս օրերին գործարանի արտադրած գինիները վաճառվում են ռուսաստանյան որոշ քաղաքներում: ArmLur.am-ը կապ հաստատեց գործարանի տնօրեն Արշակ Ավագյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչն է գործարանը վաճառելու պատճառը: Մեր հարցին ի պատասխան՝ տեղական արտադրողն ասաց. «Ֆինանսական խնդիր է, ուզում ենք վաճառել: Հարմար չէ, չենք կարողանում աշխատել»:

Իսկ, ահա, Բերդավանի վարչական ներկայացուցիչ Արամ Զուրաբյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ ինքն այս օրերին զանգահարում է այն մարդկանց, որոնք ծնվել են տարածաշրջանում եւ ֆինանսապես ապահովված են, ու առաջարկում է գնել գինու գործարանը. «Ափսոս է, թող Տավուշում ծնվածը գնի»:

 

 

 

 

ԿՈՉ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը կոչ է արել հայկական ու ադրբեջանական կողմերին «անհապաղ» բանակցություններ սկսել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու շուրջ: Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերյան գրառման միջոցով, ուր, մասնավորապես, ասված է. «Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը հորդորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին անհապաղ ներգրավվել բանակցություններում դիվանագիտական լուծում գտնելու նպատակով՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հնարավոր դարձնելու համար: Նա կոչ է արել երկու արտգործնախարարներին կրկին ներգրավվել կայուն խաղաղությանը հասնելու գործընթացում»,- հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

 

 

 

 

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

Հունվարի 16-ին մեկնարկելու է Ազգային ժողովի այս տարվա առաջին նստաշրջանը: Այս շաբաթ արդեն իսկ տեղի են ունենում հանձնաժողովների նիստեր, իսկ օրակարգը հաստատվելու է վաղը՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Դրանից բացի, մյուս հանձնաժողովում քննարկվելու է նաեւ ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծերը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելիք նախագծերը երկրորդ ընթերցմամբ են լինելու: Դրանց թվում են՝ ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերը:

ԿԳՄՍ-ն էլ մի նախագիծ  է ներկայացրել՝ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» անվամբ, որտեղ ամրագրվելու է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն էլ առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարություն ընդունել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ:

 

 

 

ԶԻՆՎՈՐԸ ԻՐԵՆ ՎՆԱՍԵԼ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Եղիշե Սիմոնյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն  բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի ժամկետային զինծառայող՝ 2022թ. հուլիսի 13-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, զորամասի սանհանգույցում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, դիտավորությամբ վնաս է պատճառել իր առողջությանը՝ սուր կտրող առարկայով աջ բազկի շրջանում կատարել է կտրվածքներ, որի հետեւանքով ստացել է առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։  Ե. Սիմոնյանին մեղադրանք  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 528 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությանը հանձնելը։

 




Լրահոս