ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն կտրվի արվեստի եւ մարզադպրոցների ուսուցիչներին եւ մարզիչներին: Կառավարության նիստում ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին նախագիծը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

Նախարարի խոսքով՝ կառավարությունը արտադպրոցական ոլորտում նախատեսում է ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ։

«Արտադպրոցական հաստատությունների ցանցը դեռեւս խորհրդային ժամանակահատվածում  եւ այս պահին հանրապետությունում ունենք. երաժշտական, արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն կա,  որոնցից 50-ը տեղակայված են Երեւանում, 190-ը՝ մարզերում, եւ այդ դպրոցներում եւ կենտրոններում սովորում է շուրջ 50 հազար երեխա:

Բացի այդ, ունենք 174 սպորտային կազմակերպություններ, որտեղ մարզվել է ավելի քան 42 հազար երեխա։ Այս հաստատություններում ուսուցումը իրականացվում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլաններով, որով սահմանվում են համապատասխան բովանդակային չափորոշիչները»,- ասաց նախարարը։

Նախարարը տեղեկացրեց, որ երաժշտական, արվեստի, գեղարվեստի եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդում է 5099 ուսուցիչ, սպորտային կազմակերպություններում աշխատանք է իրականացնում  2100-ից մի փոքր ավել մարզիչ մանկավարժ։

«Ոլորտում կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն քաղաքականությունը, մասնագիտական զարգացման ծրագրերը, ֆինանսավորումը եւ այլն։

Այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի։ Մասնավորապես՝ «Կրթության մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիչները կկարողանան անցնել կամավոր ատեստավորում եւ հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում ստանալ հավելավճար։

Այստեղ խնդիրը մի փոքր բարդ է, որովհետեւ արտադպրոցական կազմակերպությունների գերակշիռ մասը համայնքային են, եւ այստեղ վարձատրությունը խիստ տարբերվում է, ուստի նախատեսում ենք, որ պետական քաղաքականության միջոցով պետք է կարողանալ ավելի համահարթ մոտեցման տանել, եւ, հետեւաբար, պլանավորում ենք, որ հավելավճարները կլինեն ֆիքսված գումարների միջոցով»,- եզրափակեց Անդրեասյանը։




Լրահոս