«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ Արցախի ապաշրջափակումը քաղաքական հարց է, հետեւաբար այն պետք է քաղաքական ճանապարհով լուծել: Ըստ նրա՝ ՀՀ օրվա իշխանության ոչ մի ներկայացուցիչ էլ անձամբ չի գնալու ու փորձի ապաշրջափակել Արցախը:
-Պարո՛ն Մելիքյան, մեկ ամսից ավելի է՝ Արցախը շրջափակման մեջ է, միջազգային տարբեր կազմակերպություններ, հարթակներ կոչեր եւ հորդորներ հնչեցրել են, անգամ ՄԱԿ-ն է նիստ արել, սակայն հայտարարություններից այն կողմ որեւէ էական քայլ չի արվել: Ձեր գնահատականը ո՞րն է իրավիճակին:
-Առաջինը, որ կարող ենք արձանագրել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շրջանակներում, այն է, որ Ադրբեջանն օգտվում է իր համար բարենպաստ պայմաններից այն պատճառով, որ Ռուսաստանի գլուխն է խառը ամենատարբեր, այդ թվում՝ Ուկրաինայի հարցերով, միջազգային անվտանգության համակարգն է թուլացած. սա մի հարթություն է: Երկրորդն այն է, որ Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանն Արցախի շահը պաշտպանելու հակում չունի, քայլեր չեն ձեռնարկելու: Տեսնում ենք իշխող քաղաքական թիմի հայտարարությունները, եւ Ադրբեջանին հաջողվում է երկար ժամանակ փակ պահել Լաչինի միջանցքը: Ալիեւը մշտապես է խոսել էթնիկ զտումների մասին:
-Հայ հասարակությունը դժգոհում է, որ միջազգային հանրությունը խոսում է մարդու իրավունքներից, բայց Արցախի դեպքում լուռ է, չի տեսնում ու չի արձագանքում: Սրանք էմոցիոնա՞լ հայտարարություններ են մեր հասարակության կողմից:
-Իսկապես այդպես է, եւ դա նորություն չէ: 2016 թվականից սկսած՝ միջազգային հանրությունն Արցախին ու արցախահայությանը չի վերաբերում պատշաճ ձեւով, սակայն այստեղ նոր իրողություն է ավելացել, եւ Հայաստանի իշխանություններն են նպաստում դրան, որ միջազգային կառույցները պատշաճ չեն ներկայացնում արձագանք:
-Այսինքն՝ քայլերը բավարար չե՞ն:
-Իհարկե, որովհետեւ նախանձախնդիր պետք է լինեն ՀՀ իշխանությունները, բայց այդպիսին չեն: Ավելին՝ նրանք ամեն կերպ ցույց են տալիս, թե այդ խնդիրը գլխացավանք է: Ես լուծման մասով իրավական ճանապարհի մասին չեմ կարող խոսել: Սա քաղաքական խնդիր է, եւ քաղաքական լուծումներ են պետք: Շատ հաճախ մարդիկ գերագնահատում են իրավական գործիքակազմի կշիռը, եւ ես տեսնում եմ խնդրի լուծման բանալին այն մասով, որ Երեւանում այլ իշխանութուն լինի: Եթե Հայաստանում այլ իշխանություն լինի, ապա այս խնդիրը կլուծվեր: Ես փաստն եմ արձանագրում, հակառակ դեպքում մենք չենք կարող հաջողության հասնել:
-Կարծիքներ կան, որ ճանապարհները սպառված են, եւ հարցը պետք է լուծել ուժի կիրառման սկզբունքով:
-Չէ, դրանք էմոցիոնալ հայտարարություններ են: Նման բաներ ես չեմ պատկերացնում, արդյունավետությունհը չեմ պատկերացնում: Եթե Հայաստանի իշխանությունները հայակենտրոն լինեին, փորձեին ճեղքել պաշտպանությունը, դա կլիներ արդյունավետ, իսկ հիմա չեմ պատկերացնում դա: Պատկերացրե՛ք՝ Գագիկ Մելքոնյանը գնա եւ պաշտպանություն ճեղքի այն դեպքում, երբ նրա հայտարարություններն այն մասին են, որ պետք է Արցախից հրաժարվել: Իհարկե, դա ծիծաղելի է: Բոլորն են գագիկ մելքոնյան այս իշխանությունների մեջ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Մեկ ամսից ավելի է՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականությունն Արցախում՝ փաստացի պատանդ պահելով 120 000 մարդու, որից 30 000-ը՝ երեխա, 20 000-ը՝ ծեր, 9000-ը՝ հաշմանդամություն ունեցող։
Ադրբեջանն Արցախում ստեղծել է հումանիտար արտակարգ իրավիճակ, որի հետեւանքով՝
l ձմեռային ցուրտ պայմաններում Արցախը հոսանքազրկված է. Հայաստանից սնուցվող միակ բարձրավոլտ գծի Աղավնո-Բերձոր հատվածում արձանագրվել է վթար: Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հատվածում հնարավոր չէ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ:
l Ադրբեջանական կողմը կտրել է Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները եւ խոչընդոտում է նորոգման աշխատանքները:
l Ադրբեջանը արգելափակել է սննդամթերքի, դեղորայքի եւ, առհասարակ, բոլոր մատակարարումներն Արցախ:
l Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից, սննդի պակասի պատճառով փակվել են ավելի, քան 100 կրթական հաստատություններ:
l Հազարավոր ընտանիքներ բաժանված են, երեխաները գտնվում են ծնողներից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։
Ադրբեջանին անպատժելի թողնելու պայմաններում Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ադրբեջանի այս հանցավոր քաղաքականության նպատակն է հայաթափել Արցախը։ Դրա վկայությունն է նաեւ Ալիեւի վերջին հայտարարությունը, որ եթե հայերը Արցախում չեն ցանկանա Ադրբեջանի քաղաքացի լինել, միջանցքը բաց է, կարող են գնալ»։
ՊԱԴԱՎԱՏԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրե՛ք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»: Հետարքիր էր՝ արդյոք հիմա արդեն փոխվել է իրավիճակը, եւ 5 տարի առաջ հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը արգելում է արդյոք տրանսպոտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենայով գործի գնալ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան, ու լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Վարչության պետը մշտապես շրջայցերի, ստուգայցերի մեջ է, ունի ծառայողական մեքենա: Վարորդ կա, որի ամսական կարիքների համար բենզին է դուրս գրվում»: Ստացվում է՝ 8 տարի առաջ տրանսպորտի վարչության պետը չպետք է մեքենա ունենար՝ ըստ Փաշինյանի, սակայն հիմա ոչ միայն պետք է, այլեւ ունի: Ընդ որում՝ նկատենք, որ եթե տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանին հաճախ կարելի էր տեսնել կանգառներում երթուղիներին հետեւելիս, հիմա, փաստորեն, տրանսպորտի վարչության նոր պետը ծառայողական ավտոմեքենայից է օգտվում: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից 5 տարի անց մենք շարունակում ենք լինել «զարմանալի պետություն», որտեղ շարունակում է ծառայողական մեքենա ունենալ Երեւանի քաղաքապետարանի տրասնպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ ԿԱ
«44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հատուկջոկատայինների ստորաբաժանումներ է ստեղծել, զորամասեր կառուցել (ի դեպ, մի քանի զորամաս հենց Արցախի շուրջն է տեղակայել)»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ռազմական փարձագետ Կարեն Վրթանեսյանն ու ավելացնում, որ հատուկջոկատայիններն ակտիվորեն մասնակցել են սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններին, ավելին՝ հիմնական ծանրաբեռնվածությունը հենց այդ ստորաբաժանումների վրա է դրված եղել: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանին, այսպես ասած, մեկ տարի տրած ժամկետին, ինչից հետո Բաքուն ռազմական ճանապարհով է իր հարցերը լուծելու, ապա Վրթանեսյանն Ադրբեջանի առաջնորդի խոսքերում խաբեություն է նկատում: Բացատրում է՝ նա հենց այսօր էլ կարող է ռազմական գործողություններ սկսել, ունի դրա հնարավորությունը: Ու եթե, այսպես ասած, մեկ տարի ժամկետ է տալիս, ապա դա չի նշանակում՝ մենք պետք է ապահովագրվենք ու մտածենք, որ սպառնալիք չկա: Չմոռանանք, շարունակում է մեր զրուցակիցը, այս պահին Հայաստանի սուվերեն տարածքը նույնպես օկուպացված է հակառակորդի կողմից: Եթե ակտիվ կրակահերթեր չկան, ապա չի նշանակում, թե մեր նկատմամբ ռազմական գործողություններ չեն վարվում: Ինչ վերաբերում է Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող փոփոխութուններին, ապա, փորձագետն ասում է, 2018-ից ի վեր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բանակի դեմ արշավ է իրականացնում, եւ այդ ամենի ֆոնին բանակի մեջքն ուղղելն իսկապես բարդ է լինելու: Գործող իշխանությունների օրոք, սակայն, ընդգծում է Վրթանեսյանը, բանակը մարտունակ դարձնել պարզապես հնարավոր չէ: