ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդյոք Ֆրանսիան պատրա՞ստ է փաստահավաք խումբ ուղարկել Արցախ եւ Լաչինի միջանցք։ Երեկ լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեին, որը Հայաստանում է եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ երեկ ասուլիսի էր մասնակցում: Նա նշեց, թե չգիտի՝ արդյոք Հայաստանի իշխանություններից նման դիմում եղել է, թե ոչ։ «Չգիտեմ՝ արդյոք Հայաստանը նման դիմում ձեւակերպել եւ ուղղել է Ֆրանսիային կամ Եվրոպային։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին», – նշեց Բրոն-Պիվեն։

 

Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտության մասին ավելի վաղ խոսել էր վարչապետ Փաշինյանը, երեկ էլ այդ մասին հայտարարել է Հայաստանի ատգործնախարարը՝ շեշտելով տեղում հումանիտար իրավիճակի գնահատման կարեւորությունը։

Խոսելով արդեն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին անցած տարի տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության մասին՝  Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշեց, թե հույս ունի, որ կկարողանան եւս մեկ անգամ դիմել Եվրոպային եւ եւս մեկ առաքելություն ուղարկել Հայաստան: «Բնականաբար, այս քննարկումները շարունակվում են։ Սա այն դիրքորոշումն է, որ պաշտպանում է Ֆրանսիան։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր անդամ պետություն համաձայն լինի այդ դիրքորոշման հետ։ Այսօր Ֆրանսիան չի փոխարինում Եվրամիությանը երկու երկրների սահմանին»։

Այս հարցին պատասխանեց նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ Ֆրանսիան Հայաստանին պետք է ոչ թե որպես կողմ, այլ որպես միջնորդ: «Եթե ես չեմ սխալվում, դրա համար առնվազն պետք է նաեւ Ադրբեջանի համաձայնությունը։ Նաեւ գործընկերը նշեց Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարությունները, բայց արդարացի հնչում է, որ դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։ Եվ այդ պարագայում Ֆրանսիայի Հանրապետությանը մենք միայն կարող ենք շնորհակալ լինել։ Անդրադառնալով նաեւ նախորդ գործընկերոջ հարցին՝ ես ուզում եմ մի բան մենք ֆիքսենք. Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ։ Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն բերելու համար, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար»։ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը երեկ հրավիրած ասուլիսում ասաց, թե շատ անհանգիստ են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Արցախի շրջափակումը գնալով վատթարացնում է մարդասիրական իրավիճակը, հետեւաբար շատ կարեւոր է, որ ճանապարհը բացվի. «Շատ կարեւոր է, որ վերականգնվի ազատ երթեւեկությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ էլեկտրական ու ինտերնետային կապերը։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»։ Լրագրողներից մեկն էլ հարցրեց, թե ինչու Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ։ Յաել Բրոն-Պիվեն ասաց, թե կարծում են, որ այլ քայլեր տեղին չէ կիրառել, քանի դեռ հնարավոր խաղաղության եւ երկոսության ճանապարհը սպառված չէ։ Ժամանակը չէ՞, որ Ֆրանսիան անի առաջին քայլը եւ ճանաչի Արցախի անկախությունը։ Այս հարցին Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց, թե պաշտոնական Փարիզը չի ճանաչում այդ անկախությունը՝ համապատասխան միջազգային իրավունքին։  Ինչպես գիտեք ե՛ւ Ֆրանսիայի Սենատը, ե՛ւ  Ազգային ժողովը ընդունել են բանաձեւեր դատապարտելու Արցախի շրջափակումը, Լաչինի միջանցքի փակումը եւ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմաններին։

Հարցին՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին աջակցող բանաձեւ է ընդունել, որում նաեւ կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը, չի պատրաստվում արդյոք Ֆրանսիան անել առաջին քայլը եւ ճանաչել Արցախի անկախությունը, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, դուք ճանաչում եք Ֆրանսիայի դիրքորոշումը, եւ այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը. սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին ենթարկվում ենք»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹԱՐՄԱՑՐԵԼ Է ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման հարցերի նախարարությունը եւ արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը: Փոփոխությամբ հստակեցվում է հետեւյալը. «Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որեւէ պետության զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի նկատմամբ դիվերսիայի հստակ վտանգ»։

 

 

ԿԱՅՑԵԼԵՆ ԿՈՎԿԱՍ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության եւ գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը եւ Արեւելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեն հունվարի 16-ից 19-ը կայցելեն Կովկաս՝ նախ՝ Հայաստան, այնուհետեւ՝ Վրաստան, որից հետո՝ Ադրբեջան:  Ուղեւորության նպատակն է քննարկել առաջիկա ծրագրերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Օրակարգում են նաեւ ֆինանսական կայունության, քաղաքականության բարեփոխումների եւ երկրների վերաբերյալ բանկի առաջիկա նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ քննարկումները:

 

 

 

ԱՅՑ՝ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը հունվարի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

 

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ԿԽՄԿ-ԻՑ

Արցախն արդեն մեկ ամիս է՝ շրջափակված է Ադրբեջանի կողմից: Այս ընթացքում շրջափակված Արցախից պարբերաբար առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները Կարմիր խաչի միջնորդութամբ տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ:

ArmLur.am-ը դիմեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն՝ պարզելու՝ արդյոք եղել է դեպք, որ արդեն ապաքինված արցախցիները իրենց միջնորդությամբ հետ վերադառնան Արցախ:

Կարմիր խաչից մեզ հայտնեցին, որ այս պահին չկա որեւէ գործողություն՝ կապված նրանց՝ Արցախ վերադարձի հետ. «Ըստ իրենց առողջական վիճակի՝ կարող ենք առաջարկել մեր միջնորդությունը՝ իրենց տեղափոխելու հարցում»,-ասաց Ամատունին:

Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք իրավիճակի պատճառով մնացել են իրենց ընտանիքներից անջատ, Զառա Ամատունին ասաց, որ նրանց Արցախ վերադարձի հարցը մնում է իրենց ուշադրության կենտրոնում:

 

 

 

 

 

ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր մամուլի ասուլիսի ժամանակ արել է հայտարարություններ, որոնցով ապացուցել է, որ Լաչինի միջանցքը փակելը նպատակ ունի Արցախը հայաթափել։ Իր հայտարարություններից մեկով նա ասում է. «Ովքեր չեն ուզում լինել մեր քաղաքացիները,  ճանապարհը փակ չէ, այն բաց է։ Կարող են հեռանալ։ Կա՛մ ինքնուրույն կարող են հեռանալ, մենք նրանց չենք խանգարի, կա՛մ ռուս խաղաղապահների մեքենաներով կամ ավտոբուսներով։ Ճանապարհը բաց է»։

Մեկ այլ հատվածում նա նշում է. «Լաչինում այս ցրտին կանգնած մեր երիտասարդները մեր հերոսներն են: Նրանց հետ կապված կեղծ տեղեկատվություն են տարածում, թե իբրեւ բլոկադա են ստեղծել, բայց սա սուտ է: Մենք գիտենք, որ իրանական մեքենաներ էին մտնում այդ ճանապարհով, նրանց մեքենաներին կեղծ հայկական համարներ էին տեղադրվում: Մենք ամեն ինչից տեղյակ ենք եղել: Հիմա էլ խաղաղապահները ուտելիք են տանում այնտեղ ապրող հայերին, Կարմիր խաչն է մտնում: Չկա բլոկադա: Հայերը եւ նրանց հովանավորները փորձում են կեղծել իրականությունը: Ակցիան շարունակվելու է: Մեր պահանջները ազնիվ են: Մենք ապրելու պայմաններ կստեղծենք նրանց համար, ովքեր պատրաստ են ապրել ադրբեջանական դրոշի ներքո»: Այս մեկնաբանությամբ Ալիեւը եւս մեկ անգամ խոստովանում է, որ այս ակցիան կազմակերպել է հենց ինքը, նպատակն էլ հայերին դուրս հանելն է։




Լրահոս