ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թվականի ապրիլ-նոյեմբերին անցկացվել է Երեւանի եւ ՀՀ մարզերի երաժշտական եւ արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը:

 

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում ընդգրկված «Քույր դպրոցներ» նախագիծը նախարարության աջակցությամբ իրականացվում է 2019 թվականից: Ծրագրի նպատակն է մշակութային կրթության, ավելի լայն առումով՝ արտադպրոցական դաստիարակության ոլորտի շարունակական զարգացումը:

Հանդիսանալով ոլորտի դերակատարների, պատասխանատուների եւ շահառուների միջեւ հորիզոնական շփումների ակտիվացմանն ուղղված կարեւոր նախաձեռնություններից մեկը՝ ծրագիրը կնպաստի մշակութային կրթության ոլորտում իրականացվող գործողությունների արդյունավետության բարձրացմանն ու ընթացիկ հարցերի մասնակցային լուծման ապահովմանը: Ծրագրի շրջանակում ընտրված Երեւանի եւ ՀՀ մարզերի 60 երաժշտական եւ արվեստի դպրոցների միջեւ ստեղծվել են ստեղծագործական, փորձի փոխանակման, համատեղ համերգային ծրագրերի իրականացման, ուսումնամեթոդական աջակցության նոր կապեր: Այցելությունների փուլում կազմակերպվել են համերգներ, վարպետության դասեր, համատեղ համերգային ծրագրեր, հայրենաճանաչության բաղադրիչ ունեցող այցելություններ պատմամշակութային վայրեր եւ թանգարաններ Երեւանում, ՀՀ մարզերում:

Այցելությունների շրջափուլը մեկնարկել է 2022 թ. հունիսի 1-ին եւ շարունակվել է մինչեւ նոյեմբերի 16-ը: Մարզային այցելությունների շրջանակում երեւանաբնակ աշակերտներն ու դասատուները, բացի համերգային ծրագրից, քույր դպրոցի իրենց գործընկերներին ներկայացրել են նաեւ համատեղ ստեղծագործական աշխատանքի իրենց փորձը: Դասատուներն իրականացրել են վարպետության դասեր, յուրաքանչյուրը՝ իր մասնագիտության գծով:

Ընդհանուր առմամբ, իրականացվել է 50 վարպետության դաս, որում ընդգրկվել է շուրջ 250 աշակերտ: Փոխայցելությունների շրջափուլին մասնակցել են 60 դպրոցի 500 սովորող եւ դասատու: 2022 թ. դեկտեմբերի 18-ին, 21-ին եւ 23-ին Երեւանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվել է Երեւանի եւ ՀՀ մարզերի երաժշտական եւ արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի եզրափակիչ գալա համերգաշարը, որի շրջանակում կայացել են 3 համերգ եւ «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: Եզրափակիչ գալա համերգաշարին մասնակցել է Երեւանի եւ մարզերի երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների շուրջ 400 աշակերտ:

Ընդհանուր առմամբ, ծրագրում ընդգրկվել են Երեւանի եւ մարզերի երաժշտական, արվեստի եւ գեղարվեստի դպրոցների շուրջ 900 աշակերտ եւ դասատու:

 

 

 

ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵ՛Ք ԱՐՑԱԽԻ ԽՆԴԻՐԸ

«Տղե՛րք ջան, բարձրաձայնե՛ք Արցախի խնդրի մասին, տարածե՛ք ձեր էջերում, խնդրում եմ, խոսե՛ք, մի՛ լռեք»,- կոչ է արել երգիչ Անդրեն՝ դիմելով աշխարհում մեծ լսարան եւ ճանաչում ունեցող հայ հայտնիներին:

«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան, տղե՛րք ջան, բարձրաձայնե՛ք Արցախի խնդրի մասին, տարածե՛ք ձեր էջերում, խնդրում եմ, խոսե՛ք, մի՛ լռեք : Սիրելի՛ հետեւորդներ ջան, մեկնաբանություններում նշե՛ք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,-մասնավորապես գրել է Անդրեն:

Հիշեցնենք, որ 33 օր է, ինչ  Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը եւ արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120-հազարանոց բնակչության համար։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական եւ տնտեսական բոլոր հետեւանքներով հանդերձ։

Երկավանից ադրբեջանական կողմը կտրել է նաեւ Արցախ մտնող ինտերնետ կապի մալուխները եւ խոչընդոտում է նորոգման աշխատանքներին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐ

Երեկ լրացավ Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցը:

1990 թ. հունվարի 13-ից-19-ը հայերի դեմ իրագործած ջարդերի հետեւանքով ավելի քան 200,000 հայ լքեց Բաքուն:

Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը: Ունենալով հայերի բնակարանների հասցեները եւ քաղաքի քարտեզը` ադրբեջանցի ջարդարարներն արագությամբ գտնում էին հայկական տները եւ դաժանորեն սպանում մարդկանց ազգային պատկանելության համար:

Այդ առնչությամբ ԽՏՎրՏՎՏսՖրՍՈÿ տՐՈՉՊՈ-ն գրում է. «Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ, եւ Բաքուն պայթեց… Քաղաքում ուժեղացել էր հակահայկական հիստերիան, հնչում էին կոչեր համընդհանուր թշնամու դեմ միավորվելու մասին»:

33 տարի անց Լաչինի միջանցքը փակ է, իսկ Իրհամ Ալիեւն ասում է՝ իրենք նպատակ են դրել հասնել հայերի դուրսբերմանը Արցախից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԵՂԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական կողմի հռետորաբանությունը գնալով կոշտանում է: Պաշտոնական Բաքվից եկող հայտարարությունները վկայում են՝ Ադրբեջանը մտադիր չէ որեւէ կերպ Լաչինի միջանցքի բացման հարցով խաղաղ լուծման գնալ:

Ադրբեջանի նախագահն իր վերջին ասուլիսում հերթական անգամ կեղծ հայտարարություններ է արել, թե իրենք չեն փակել Լաչինի միջանցքը, իսկ Արցախի այն քաղաքացիները, որոնք չեն ուզում լինել Ադրբեջանի քաղաքացիներ, ճանապարհը փակ չէ, կարող են հեռանալ։

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան կարծում է, որ Արբեջանի նախագահի այս մանիպուլյացիան ակնհայտ ցուցադրում է Ադրբեջանի նպատակն ու պլանները արցախահայության վերաբերյալ՝ ճնշել, վախեցնել եւ ստիպելով հայաթափել Արցախը:

Փորձագետի խոսքով՝ Ալիեւը շատ լավ հասկանում է, որ Ադրբեջանի կազմում հայերը ապրել չեն համաձայնի: «Սրան են ուղղված նաեւ խաղաղապահներին 2025 թվականին տարածքից դուրս բերման Ադրբեջանի պլանները, քանի որ Ադրբեջանը ռուս խաղաղապահներին մանդատ տրամադրելու փաստաթուղթը, ըստ Փաշինյանի, չի ստորագրել, հետեւաբար Հայաստանի իշխանությունը նախ պետք է պարզաբանի՝ ինչ է մտնում խաղաղապահների մանդատի շրջանակների մեջ, ինչպես են իրենք, նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա հղում անելով, թողնում 120 հազար համաքաղաքացիների ճակատագրի վերաբերյալ պատասխանատվությունը խաղաղապահների վրա՝ չճշտելով նրանց գործառույթի շրջանակները ու սահմանները»,-ասում է ադրբեջանագետը: Փորձագետն արձանագրում է՝ Հայաստանի իշխանությունն արցախահայերի կյանքի իրավունքի ու անվտանգության ապահովման հարցում ձեռքերը լվացել է՝ չստանալով հստակ միջազգային մանդատով երաշխիքներ։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ

2022 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 36 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 35 նյութ:

Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով, ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 7 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 27-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:




Լրահոս