ԸՆԹԵՐՑՈՂԱԿԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԼՍԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր ծրագիրը:

 

Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների եւ ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել եւ ցանկավորվել են արտերկրում գործող մոտ 500 գրադարաններ, որոնք համալրվելու են ծրագրի շրջանակում հրատարակված գրականությամբ:

Ծրագրի համատեքստում խրախուսվում են հայ մշակույթի վերաբերյալ առավել հանրամատչելի շեշտադրումները՝ զերծ գիտական բառապատկերներից եւ բառամթերքներից, ինչը հնարավորություն է տալու ընդլայնելու ոչ միայն ոլորտն ուսումնասիրող մասնագետների շրջանակը, այլեւ ընթերցողական բազմաշերտ լսարանները:

Ծրագրի գաղափարն ի հայտ է եկել եվրոպական երկրների մեծ մասի քաղաքային, շրջանային եւ համալսարանական գրադարանների տվյալների բազան ուսումնասիրելիս. արձանագրվել է այն փաստը, որ ֆոնդերում առկա Հայաստանին ու հայերին առնչվող հայ կամ օտար հեղինակների աշխատանքներ կա՛մ չկան, կա՛մ խիստ սակավ են: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, անդրադառնալով վերը նշված խնդիրներին, ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը նախեւառաջ տեղեկատվական քաղաքականություն է, եւ միայն տիրապետելով ու կառավարելով տեղեկատվական հոսքերը՝ հնարավոր է բարձրացնել, ամրապնդել ճանաչելիության մակարդակն այդ դաշտում:

«Ուսումնասիրելով դաշտում առկա խնդիրները՝ 2022 թվականին ներմուծել ենք «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր անվանակարգը, ինչպես նաեւ դրամաշնորհային այլ ծրագրերով եւս հրատարակել ենք շուրջ 10 անուն գիրք: Հրատարակվել է կարեւոր մի սկզբունքով. դա պետք է լինի հանրամատչելի: Լուրջ ուշադրություն ենք դարձրել ձեւավորմանը եւ ոճին: Այժմ քննարկում ենք ինչպես տպագիր գրքի տարածման, այնպես էլ այդ տեղեկատվությունը թվային տիրույթում դիրքավորելու ուղղությամբ»,-նշել է նախարարի տեղակալը եւ հավելել, որ հրատարակվել է մեծ անհրաժեշտություն ներկայացնող գրականություն, այդ թվում՝ հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որն օտարազգի ընթերցողին, մասնագետին երբեւէ հասանելի չի եղել եւ գալիս է լրացնելու հսկայական մի բաց՝ մեծանուն արվեստագետի կյանքին եւ գործունեությանը վերաբերող:

Արա Խզմալյանը մատնանշել է նաեւ հայկական հնագիտական արժեքները, որոնք նույնպես օտարալեզու հանրությանը ներկայացված չեն եղել, եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը հրատարակել է բարձր չափանիշներով ներկայանալի հրատարակություն: Հրատարակվել է նաեւ Ալ. Սպենդիարյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված օտարալեզու պատկերագիրք՝ հարուստ արխիվային նյութերով:

Որպես նախընտրելի թեմաներ՝ նախանշվել են հետեւյալ ուղղությունները՝ Արցախի պատմամշակութային ժառանգություն (ներառյալ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների ժառանգությունը), hայկական գորգարվեստ (նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսեւորումներ), hնագիտական ժառանգություն, ուրարտագիտություն, հայկական ճարտարապետական ժառանգություն, դասական արժեքների միջազգայնացում: Նշենք, որ 2022 թվականին «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի շրջանակում հրատարակվել է արդեն 5 անուն գիրք՝ «Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագիրք- ուսումնասիրություն (ֆրանսերեն), «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» (անգլերեն), «Արցախի վտանգված քրիստոնյա-հայկական ժառանգությունը» (անգլերեն), «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» (ռուսերեն, անգլերեն), «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (պարսկերեն):

«Այս հրատարակությունները կարեւորվում են նաեւ նրանով, որ տվյալ երկրների քաղաքացիները իմանան, թե հայկական մշակութային ժառանգության ինչ հավաքածուներ են առկա իրենց մշակութային օջախներում, իսկ հարգանքը ցանկացած ժողովրդի եւ նրա մշակույթի հանդեպ սկիզբ է առնում ճանաչողությունից: Այսինքն՝ բարձրացնելով իրազեկվածության մակարդակը Հայաստանի եւ Հայաստանից դուրս թանգարանային, գրադարանային ֆոնդերում պահվող եւ տարբեր հարթակներում ներկայացված արժեքների մասին՝ հաստատում են հնչեցրածս այն միտքը, որ մշակութային քաղաքականությունը տեղեկատվական քաղաքականություն է»,- շեշտել է նախարարի տեղակալը եւ տեղեկացրել, որ Հայաստանի մասին տեղեկատվության հասանելիությունը շարունակաբար ապահովելու համար այս ծրագիրն իրականացվելու է նաեւ 2023 թվականին եւ լինելու է շարունակական:

 

 

 

 

ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Կառավարության հունվարի 12-ի նիստում հաստատվել է կառուցապատողների պատվիրատվությամբ մշակվող բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրարկումն ապահովող որոշման նախագիծ, որը մշակել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

 

Ինչպես հայտնում են կոմիտեից, դեռ 2022 թվականին, Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ, «Քաղաքաշինության մասին» օրենքում սահմանվել էին նոր պահանջներ, որոնց համաձայն՝ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը կարող են մշակվել նաեւ կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ՝ իրենց միջոցների հաշվին: Նախկինում այդ իրավունքը վերապահված էր միայն քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնին: Օրենսդրական փոփոխության կիրարկումն ապահովելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն մշակել եւ կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Քաղաքաշինական ծրագրերի մեծ պահանջարկի պարագայում, այսպես կոչված, «տիպային» նախագծերի կիրառմամբ կկրճատվեն նախագծային աշխատանքների ծախսերը, ժամանակը եւ վարչարարությունը: Կառուցապատողը կօգտվի պարզեցված ընթացակարգից. իր հայեցողությամբ կկարողանա հետագայում կիրառել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ իրականացնելով միայն տեղակապում:

Որոշման համաձայն՝ կառուցապատողն իրավունք ունի նաեւ այլ անձանց իր հայեցողությամբ տրամադրել բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը՝ հեղինակային իրավունքի կարգավորումներն ամրագրելով համապատասխան պայմանագրերով:

Պետական ծրագրերի շրջանակներում նույնպես կարող են կիրառվել կառուցապատողի պատվերով մշակված օրինակելի նախագծերը՝ որոշման մեջ նկարագրված ընթացակարգով:

Կոմիտեից հայտնում են, որ ընդունված որոշման անհրաժեշտությունը բխում է քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագրից, ՀՀ կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից եւ այլ փաստաթղթերից:

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը վստահեցնում է, որ քաղաքապետարանը վերցրել է պարտավորություն՝ Երեւանում՝ պատմամշակութային հուշարձանների վրա ամանորյա տոնական լուսավորության գործընթացն իրականացնել մինիմալ միջամտություններով եւ պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետեւանքով, իսկ քննարկումներին, թե ինչպես են փակվելու շենքերի վրա արված անցքերը, ներգրավվածություն կունենա նաեւ նախարարությունը:

Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:

Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց. «Ամանորյա զարդարանքների համար հրապարակի պատմամշակութային հուշարձանները վնասելու հետ կապված լուրջ աղմուկ բարձրացավ: Ունե՞ք գնահատական, թե հասցված վնասն ինչ չափի է եւ արդյոք վերականգնման ենթակա է»:

«Որեւէ պաշտոնական գնահատում չի իրականացվել: Քաղաքապետարանը վերցրել է պարտավորություն այդ գործընթացը մինիմալ միջամտություններով իրականացնելու համար եւ պարտավորվել է հետո վերացնել բոլոր այն խնդիրները, որոնք կառաջանան այդ գործողությունների հետեւանքով»,- ասաց փոխնախարարը:

Պատգամավորը նշեց՝ լավ չի պատկերացնում, թե, օրինակ, քանդված տուֆը ինչով է վերականգնվելու, որ պատմամշակութային հուշարձանին հասցված վնասը վերականգնվի: Փոխնախարարը նախ նշեց, որ զերծ կմնա որակավորում տալուց, որ վնաս է հասցվել, քանի որ դա պետք է անեն մասնագետները: Նախագիծն իրականացրած կազմակերպության հետ քննարկումներին նախարարությունն անպայման ներկա կլինի: «Եվ կիմանանք, թե ինչպես են փակելու անցքերը, որոնք բացվել են զարդարանքներն ամրացնելու համար»,-ասաց Քոչարյանը:

Ըստ նրա՝ բազմաթիվ գործընթացներ կան, որոնց համար կարիք է լինում շենքերի վրա մինիմալ միջամտություն անելու, եւ հետո նորմալ է այդ միջամտությունների հետեւանքները վերացնելը:




Լրահոս