ՆՈՐ ԳՐՔԻ ԾՆՈՒՆԴ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ատենագրութիւն Քաղաքական ժողովոյ Ատանայի» գրքի լույս ընծայմամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն ու Մատենադարանը սկիզբ են դնում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին վերաբերող գործերի բնագրերի պատրաստմանն ու հրատարակությանը: Առաջին հատորի շնորհանդեսը տեղի ունեցավ հունվարի 12-ին Մատենադարանում:

 

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի խոսքով՝ այսօր հասարակական գիտությունները, հատկապես՝ պատմագիտությունը, քաղաքականության գերին են դարձել: Ըստ նրա՝ երբեմն արեւի լույսի պես պարզ ու հստակ տեղեկություններն անգամ կասկածի տակ են դրվում: «Արխիվային փաստաթղթերը, վավերագրերն է՛լ ավելի մեծ նշանակություն են ստանում հատկապես այն տարածաշրջաններում, որոնք  հայաթափված են, իսկ այս գիրքն անդրադառնում է 20-րդ դարի սկզբի Ադանայի հայության ներքին կյանքին: «Ատենագրութիւն Քաղաքական ժողովոյ Ատանայի» գրքում տասը տարվա պատմությունն է»,- շեշտեց նա եւ հավելեց՝ գիրքը Մատենադարանի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ ձեռք բերված համագործակցության համաձայնագրի գործնական արդյունքն է:

Նախատեսում են ոչ միայն հրատարակչական, այլեւ այլ բնագավառներում աշխատել՝ համատեղ հետազոտություններ, Անթիլիասում պահվող ձեռագրերի թվայնացում, վերականգնում եւ այլն:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանի հավաստիացմամբ՝ հատորն ունի աղբյուրագիտական արժեք: «Այն նկարագրում է 1905-1915 թվականներին հայ ժողովրդի ներքին կյանքը, դժվարությունները, տագնապները, Կիլիկիայում մեր գոյության ու գործունեության ապացույցները: Կարեւոր է նաեւ հայ եկեղեցու պատմության համար:  Այս գրքում Հայ եկեղեցու (որն ունի Նվիրապետական չորս աթոռներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն) պատմության ուսումնասիրության ժամանակակից նյութերն են: Ներկայացվում են ազգային սահմանադրության գործնական արտահայտությունները, այն, թե ինչ  է ազգային սահմանադրությունը, եւ ինչպես է այն կիրառվել ազգային կյանքը կազմակերպելու մեջ»,- շեշտեց Գերի. Տ. Շահան Առք. Սարգիսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գրքի հրատարակման գործում: Պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց՝ աշխատությունն ընդգրկում է 1905 թվականի մարտի 2-ից մինչեւ 1915 թվականի  ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածի արձանագրությունները, որոնք Ադանայի Հայոց թեմի առաջնորդության  ներքո ապրող բնակչության ազգային կյանքն արտացոլող ու ադանահայության ժողովրդավարության մակարդակի մասին վկայող  բացառիկ փաստագրերից են: «Այն պարունակում է նաեւ կրոնական ժողովի եւ տնտեսական խորհրդի համատեղ խառը նիստերի արձանագրություններ: 1909 թվականի մարտի 1-ից մինչեւ 1910 թվականի հունվարի 1-ը քաղաքական ժողովի նիստեր տեղի չեն ունեցել, ինչը պայմանավորված է եղել 1909 թվականին Ադանայի եւ Հալեպի նահանգներում տեղի ունեցած կոտորածներով եւ դրանց հաջորդող ադանահայության ծանր վիճակով: Հրատարակությունը վերջում ունի ծանոթագրություններ՝ անձինք, վայրեր, հաստատություններ, հոդվածներ, օտար բառերի բացատրություններ եւ այլն, ինչպես նաեւ անձնանունների, տեղանունների, օգտագործած գրականության  ցանկեր ու առարկայական ցուցիչ»,- պատմեց Մալխասյանը:

 

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԷԼՎԻՍ ՓՐԵՍԼԻԻ ՄԻԱԿ ԴՈՒՍՏՐԸ

54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։ Երգչուհու մահվան մասին հայտարարություն է տարածել նրա մայրը՝ Պրիսցիլա Փրեսլին։ «Ծանր սրտով պետք է կիսվեմ այն գույժով, որ իմ գեղեցկուհի դուստր Լիզա Մարին լքեց մեզ», – ամսագրին ասել է երգչուհու մայրը։

 

Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ նրան հունվարի 12-ի առավոտյան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Լիզա Մարիի մոտ «սրտի ամբողջական կանգ» է տեղի ունեցել: TMZ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում Լիզա Մարի Փրեսլին արհեստական կոմայի մեջ է գտնվել:

Փրեսլին իր երաժշտական կարիերայի ընթացքում թողարկել է երեք ալբոմ՝ To Whom It May Concern (2003), Now What (2005) եւ Storm & Grace (2012)։ Երկար ժամանակ նա ղեկավարում էր Էլվիս Փրեսլիի բարեգործական հիմնադրամը։

Փրեսլին այս շաբաթ ներկա է եղել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը: Ի դեպ, այնտեղ դրամատիկական ֆիլմում տղամարդու գլխավոր դերի համար մրցանակը ստացել Է դերասան Օսթին Բաթլերը՝ «Էլվիս» (2022) ֆիլմում խաղացած դերի համար, որը պատմում է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի կյանքի մասին:

 

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձեւի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները: Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները եւս կանցկացվեն մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: Առաջին ուսումնամարզական հավաքը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 16-ից: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու ծանրորդների համար Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար: Փարիզի օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն   61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ եւ +102 կգ, իսկ  կանայք՝  49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ եւ +81 կգ քաշային կարգերում: «Փարիզ-2024»-ին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որեւէ թիմ ունի չորս եւ ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին: Տեղերը ձեւավորվում են այն մրցումների արդյունքներով, որոնցում շնորհվում են վարկանիշային միավորներ:

 

 

 

 

ՈՐՈՇԵՑԻ ՉԳՆԱԼ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ հնարավորություն է ունեցել գլխավորել Պորտուգալիայի հավաքականը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին վստահության համար։ Ազգային թիմից առաջարկ ստանալը հպարտության առիթ է, բայց ես որոշեցի չգնալ հավաքական։ Ես «Ռոմայում» եմ, եւ դա է գլխավորը»,- ասել է Մոուրինյոն: Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ֆերնանդու Սանտուշին փոխարինել է Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, իսպանացի Ռոբերտո Մարտինեսը։

 

 

 

 

ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Բլոգեր Դիմա Մասլեննիկովը շտապ հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ենթադրվում է, որ Մասլեննիկովն ինքն է շտապ օգնություն կանչել։ 29-ամյա բլոգերի մոտ հայտնաբերվել է սրտի ռիթմի խանգարում։ Նախնական ախտորոշումը՝ «վերփորոքային տախիկարդիա»։

Հրատարակության տվյալներով՝ Մասլեննիկովը գտնվում է Մոսկվայի սրտաբանական կլինիկայում՝ բժիշկների հսկողության ներքո։

Բլոգերը պաշտոնապես չի մեկնաբանել հոսպիտալացման մասին տեղեկությունը։




Լրահոս