ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 6

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո այլեւս չունի հնարավորություն եւ ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները եւ անվտանգությունը։ Ըստ Աղաջանյանի՝ արցախցիների անվտանգության երաշխավորը, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, միայն ռուս խաղաղապահներն են։ Նույն հարցազրույցում Աղաջանյանը կարծիք էր հայտնել նաեւ, որ առկա միակ ռեսուրսը արցախցիների իրավունքների եւ անվտանգության ապահովման հարցով միջազգային հանրության կողմից ճնշումներն են։ ՀՀ-ն, ըստ Աղաջանյանի, չունի որեւէ ռազմական, տնտեսական եւ քաղաքական ռեսուրս դրանց ապահովման համար։ «ՀՀ-ն որեւէ պրակտիկ, գործնական վերահսկողություն Արցախի նկատմամբ չունի նոյմեբերի 9-ից ի վեր։ Կրկնում եմ՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական նույնիսկ»,- հավելել է նա։ Էդուարդ Աղաջանյանը նշում է, որ վերոնշյալ իրավիճակը ծագել է 2020-ի նոյեմբերից։ Այս հայտարարությունները, սակայն, հակասում են պատերազմից հետո իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանն ու ներկայացրած նախընտրական ու կառավարության ծրագրերին։ Մասնավորապես, 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ ներկայացված նախընտրական ծրագրում՝ Արցախի հիմնախնդրի մասին բաժնում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»։ Իսկ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնում ասվում է, որ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը։ Այսինքն՝ ե՛ւ իշխող կուսակցության, ե՛ւ 2021-ին ընդունված կառավարության ծրագրերում կրկնվում է նախադասությունը, որ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի «անվտանգության երաշխավորը», սակայն թե՛ Էդուարդ Աղաջանյանը, թե՛ այլ ՔՊ-ականներ շարունակաբար հայտարարում են, որ արդեն ռուսական խաղաղապահն է պատասխանատուն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ արցախցի պատգամավորների երեկվա հանդիպումից: Արցախից մեզ հայտնեցին, որ մոտ մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկվել են մեծ մասամբ անվտանգային հարցեր: Արայիկ Հարությունյանը արցախցի պատգամավորներին հստակ ասել է, որ իրավիճակն Արցախում ծայրահեղ է, իսկ Լաչինի միջանցքի հարցն, առհասարակ, փակուղում է. Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունների դուրս գալ որեւէ կողմի հետ: Ինչ վերաբերում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հետ կապված խոսակցություններին, Արցախից մեզ մանրամասնեցին, որ թեեւ ոչ ուղիղ տեքստով, բայց խոսվել է, որ հրաժարականի պահանջը գալիս է Հայաստանի իշխանություններից եւ Արեւմուտքից: Հայաստանի իշխանություններին, մասնավորապես, դուր չի եկել Ռուբեն Վարդանյանի քննադատությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը, ֆինանսական օգնությունից բացի, այլ քայլ չի անում՝ Արցախում ստեղծված ճգնաժամի լուծման հետ կապված: Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ Արայիկ Հարությունյանն իր խոսքում վստահեցրել է, թե Ռուբեն Վարդանյանի հետ անձնական որեւէ խնդիր չունի: Արցախում բոլորը գիտեն, որ իրականում թեեւ տպավորություն կա, թե Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից են նշանակել պետնախարար, իրականում այդպես չէ, առավել եւս՝ որ ՌԴ շահի դեմ Վարդանյանն արդեն դուրս է եկել իր տարբեր հայտարարություններով, այսինքն՝ Վարդանյանը «ռուսների մարդը չէ», նրան Արայիկ Հարությունյանն է նշանակել՝ չճշտելով այդ նշանակումը ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ ՌԴ-ի հետ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության գործով պետք է համապատասխան որոշում կայացնի: Այսօր լրանում է ԱԱԾ նախկին տնօրենի մահվան երրորդ տարին, եւ ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ անպատասխան արդեն 3 տարի. ինչո՞ւ նա գնաց այդ ծայրահեղ քայլին: Վարույթն իրականացնող մարմինը քննել էր միայն ինքնասպանության վարկածը, որից հետո որոշեց կասեցնել քրեական գործով քննությունը: Ի՞նչ ունենք այսօր. նոր քրեական դատավարության օրենսգրքով այլեւս կասեցված վարույթներ չեն կարող լինել։ Ընթացակարգը հետեւյալն է. կասեցված գործերը պետք է վերսկսվեն եւ համապատասխան քրեադատավարական որոշումներով ավարտվեն։ Նույն ընթացակարգը պետք է գործի նաեւ Գեւորգի Կուտոյանի քրեական գործով, եւ Քննչական կոմիտեն, ըստ էության, պետք է կոնկրետ որոշում կայացնի՝ կա՛մ պետք է վերսկսի քրեական վարույթը, եւ նոր վարութային գործողություններ արվեն, մեղադրանք առաջադրվի, կա՛մ վարույթը կարճելու որոշում կայացվի: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե եւ հարց ուղղել, թե արդյոք քրեական վարույթը կարճվել է, թե վերսկսվել: Ի պատասխան՝ ՀՀ քնչական կոմիտեից հայտնեցին. «Այս պահին կասեցված է վարույթը։ Նոր, այսինքն՝ գործող Քրեադատավարական օրենսգրքի ընթացակարգերով համապատասխան լուծում կտրվի»։

 

 

 

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությանը: Գրել էինք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը «սեւ ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է: «Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սեւ ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նաեւ «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ ասելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբեւէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում»: Այս մասին լուրը հրապարակելուց հետո «Սիլ ինշուրանս»  ընկերությունը շտապեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ուղարկել հերքման ինչ-որ տեքստ՝ պահանջելով «մեկշաբաթյա ժամկետում «Ժողովուրդ» օրաթերթի առաջին իսկ թողարկման մեջ՝ 1-ին էջում, եւ www.armlur.am կայքում հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, այն է՝ «ՊԵԿ-ը պահանջել է Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը ներառել «սեւ ցուցակում» փաստը»: Բայց ի՞նչը հերքենք, եթե մենք ունենք մեր գրածը վկայող կոնկրետ փաստաթուղթ:




Լրահոս