ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը՝ ազատման պատճառի, Ժաննա Անդրեասյանի և նոր կոմիտեի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կարեն Քեռյանը մինչ ազատման դիմում գրելը շատ լուրջ խոսակցություն է ունեցել  նախարարության վերնախավի հետ, ինչից հետո հրաժարականի դիմումում շատ վրդովված  գրել է, որ իրեն համար ընդունելի չէ նախարար Ժաննա Անդրեասյանի նոր գործելաոճը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Կարեն Քեռյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասն պատճառների մասին ավելի ուշ կխոսի, սակայն ընդգծեց, որ այն քաղաքականությունը, որ վարում է այս պահին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը, նրա համար անընդունելի է:

Հարցին, թե խնդիրը կոնկրետ Ժաննա Անդրեասյանի հետ է կապված. թե ոչ, մեր զրուցակիցն ասաց.«Խնդիրը անձերով պայմանավորված չէ, խնդիրը նրանում է, թե  ինչ գործողություններ են տեղի ունենում  ու ինչ միջավայրում է տեղի ունենում, չնայած, որ ի վերջո գալիս է անձերի, բայց ով էլ որ լիներ այդ իրավիճակում, միեւնույնն է, եթե  նույն բանը արված լիներ իմ հանդեպ, ես նույն էի անելու»:

Քեռյանի խոսքով՝ նախարարությունը որոշում է կայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեն եւ Գիտության կոմիտեն միացնելով ստեղծել նոր կառույց, որը կկոչվի Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, եւ սա է եղել այն հիմնական պատճառը, որի համար նա ազատման դիմում է գրել:

«Այսինքն առանց իմ իմացության քննարկվել եւ մշակվել է նախագիծ, այն դեպքում, երբ կառույցներից մեկի ղեկավարն ընդհանրապես տեղյակ չէ, դա ինձ համար անընդունելի է»,- վրդովված հայտնեց նա:

Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս միացմամբ նախարարությունը փորձում է այնպես անել, որ այլևս փոխնախարարի անհրաժեշտություն չլինի: Ժաննա Անդրեասյանի նախարար նշանակվելուց հետո փոխնախարարի այդ հաստիքը դեռ թափուր է, այսինքն այս միացմամբ պետք է այնպես լինի, որ այլևս փոխնախարար այդ գծով չնշանակեն:

Նշենք, որ Գիտության կոմիտեի նախագահն այժմ Սարգիս Հայոցյանն է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս