Տղամարդն Էջմիածնի հրապարակում ու դպրոցներից մեկի մոտ գումարի դիմաց թմրանյութ է իրացրել. գործով կա մի քանի մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մարզում մի քանի անձանց կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչոթյունից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է զգալի չափերի չհասնող 0.61 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի, ինչպես նաև զգալի չափերի 0.17 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Նախնական պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի ապրիլի 26-ին՝ օրվա տարբեր ժամերի, Էջմիածին քաղաքում, մի դեպքում քաղաքային հրապարակում, մեկ այլ դեպքում՝ դպրոցներից մեկի մոտակայքում 10.000-ական ՀՀ դրամի դիմաց ապօրինի իրացրել է 23 և 42-ամյա տղամարդկանց: Հիշյալ թմրամիջոցները նույն օրը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից՝ վերջիններիս անձնական խուզարկությամբ:

Ընդ որում, ըստ վարույթում առկա տվյալների՝ 23-ամյա երիտասարդը կախվածություն է ձեռք բերել 50-ամյա տղամարդուց անհատույց տարբերակով մի քանի անգամ թմրանյութ ստանալու և օգտագործելու հետևանքով, որից հետո էլ վերջինիցս գնել է վերոնշյալ թմրամիջոցը։

Բացի այդ, Երևան քաղաքում 50-ամյա տղամարդը առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ 0.25 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի թմրամիջոց, որից հետո այն տեղափոխել է Էջմիածին քաղաք, որտեղից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկելու ընթացքում գրպանից գետնին է նետել այն, որը նույն օրը իր մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է:

Մեկ այլ օր, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին, նրա մոտ անձնական խուզարկությամբ վերարկուի աջ գրպանում, ինչպես նաև ներքնազգեստի վրա կարված կտորե գրպանում հայտնաբերվել է խոշոր չափերի՝ 0.6 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի՝ անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք բերված և պահված թմրամիջոց:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

23 և 42-ամյա տղամարդկանց ևս մեղադրանք է ներկայացվել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, երեք անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:




Լրահոս