Արմավիրի մարզի բնակչի մոտ ատրճանակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 24-ին Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի 37-ամյա մի բնակչի:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով, և մոխրացած հետքերով ապակե գլանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Նույն օրը Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Ֆրունզեի փողոցի շենքերից մեկի նկուղում մի խումբ երիտասարդներ պահում են զենք-զինամթերք: Քրեական հետախույզները նշված նկուղում հայտնաբերեցին «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով: Այնուհետև նույն նկուղում ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 19-20 տարեկան չորս երիտասարդ: Նրանցից մեկը հայտնեց, որ նռնակն իրենն է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նռնակի ձեռք բերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս