Արցախը շրջափակման մեջ պահելու ու Լաչինի միջանցքը փակ պահելու մասով Ադրբեջանում նույնպես անհասկանալի, ջղաձգված տրամադրություններ են՝ իրավիճակի անդադար ձգձգմամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Ադրբեջանցիները, ասում է մեր զրուցակիցը, լավ են հասկացել, որ 45 օր Լաչինի միջանցքը փակ պահելով՝ որևէ արդյունքի չեն հասել:
Այս ամենին գումարած, շարունակում է Հայրապետյանը, պաշտոնական Բաքվին նյարդայնացնում են միջազգային տարբեր հարթակներից հնչող կոչերն ու ազդակները, ինչից հետո էլ մեր հարևաններն Արցախի շուրջը փորձում են սեղմել օղակը:
Ադրբեջանը, Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով, իր հասարակությանը բացատրում է, որ աշխարն իրենց թույլ չի տալիս էթնիկ զտումների ուղղակի ճանապարհով գնալ, հետևաբար իրենք այս՝ Արցախը շրջափակելու մեթոդն են ընտրել: Ձեռագիրը սակայն, ընդգծում է, նույնն է ինչ 30 տարի առաջ էր՝ Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում:
Սևակ Վարդումյան