2020թ-ից հետո ՊՆ 4 նախարար է փոխվել, սա լուրջ խնդիր է. փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության ներկայացուցիչները թեև մշտապես ամենաբարձր մակարդակով հայտարարել են բանակի ռեֆորմների, դիրքերի կահավորման մասին, սակայն Ազատ գյուղի զորամասի հրդեհը, որը 15 զինվորի կյանք խլեց, ցույց տվեց, որ բանակում շատ լուրջ խնդիրներ կան, իսկ մեր զինվորները իրենց ծառայությունն իրականացնում են մեղմ ասած ոչ պատշաճ պայմաններում:

Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, պատերազմից արդեն շուրջ երկու-երեք տարի անցել է, այս ժամանակահատվածը բավարար չէ՞ր, որ դիրքերը կահավորեին, զինվորների համար ծառայության պատշաճ պայմաններ ապահովեին.

-Ժամանակը պետք է որ բավարար լիներ, իսկ թե գործադրված ջանքերը որքա՞նով են բավարար եղել, դա արդեն հարց է: Քանի որ դիրքային կահավորումը պետական գաղտնիքի հետ է առնչվում, դժվար է ասել՝ի՞նչ է աշխատանք է տարվում, փակ ինֆորմացիայի հետ գործ ունենք, բայց, դատելով երբեմն սպրդող ինֆորմացիայից, ամեն դեպքում՝ դիրքերի կահավորման լուրջ խնդիր կա: Խնդիրը երկու մասի կարելի է բաժանել՝մարտական դիրքերի կահավորում և մարտական դիրքերը սպասարկող անձնակազմի կենցաղային պայմաններ: Երկու –երեք տարին բավարար ժամանակ էր,բայց ունենք այն, ինչ ունենք

-Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ պետությունը ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ բանակի ռեֆորմների համար, տարբեր միջոցառումների համար մեծ գումարներ են հատկացվում, Պապիկյանը վստահեցնում էր՝ բանակը ոչնչի կարիք չունի, եթե գումարը կար՝ ինչու՞ պատշաճ աշխատանք չի տարվել առաջնագծի կահավորման ուղղությամբ.

Կարելի է երկար խոսել այս մասին, բայց կարճ ասենք ՝ կառավարման արդյունավետության խնդիր կա:2020թ-ից հետո ՊՆ 4 նախարար փոխվեց, այսինքն՝ մի նախարարը կարողացել է պաշտոնավարել կես տարի, սա լուրջ խնդիր է, խնդիր է նաև որ զորքը դուրս է եկել բնագծից, եկել է դատարկ տեղ, կառավարման խնդիր է ՝ ամենալայն իմաստով, որն արտացոլվում է նաև պաշտպանական ոլորտում:

-Երբ տարբեր փորձագետներ կամ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում էին, որ առաջնագիծը կահավորված չէ, հենց Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր այդ մարդկանց, թե տեղեկություն են տալիս թշնամուն.

-Պաշտպանական ոլորտը շատ նուրբ ոլորտ է, միշտ առնչվում է պետական գաղտնիքի հետ: Պետք է միջին տարբերակ գտնել՝ որ և՛ թշնամուն տեղեկություն չտրվի, և՛ քաղաքացիական հասարակության հսկողությունը առկա լինի: Հեշտ է ասել, պետական գաղտնիք է ու ոչինչ չասել, բայց մյուս կողմից էլ հակառակ ծայրահեղության մեջ պետք չէ ընկնել ու բոլոր նկարահանող սարք ունեցող մարդկանց թողնել դիրքեր, դա էլ ճիշտ չէ, պետք է ունենանք պետական համակարգն որը վերահսկողություն կիրականացնի: Պետք են նաև հասարակության կայացած մարմիններ, որոնք կհսկեն գործընթացը, հիմա, ցավոք, մեր երկրում չկա այս ամենը:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս