ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու հենց հիմա որոշվեց փակել Մալաթիա տոնավաճառը. ինչ միտումներ է տեսնում տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կկասեցվի: Այս մասին որոշումը կայացրել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Նշենք, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ տնտեսվարողին ժամանակ է տրվել դրանք վերացնել: Մեզ հայտնի դարձավ, որ տնտեսվարողը գրություն է ուղարկել տեսչական մարմին եւ հայտնել, որ խախտումները վերացվել են: Սակայն տեսչական մարմինը կատարած աշխատանքները համարել է անբավարար եւ որոշել կասեցնել տոնավաճառի գործունեությունը:

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ եւ տեղեկացավ, որ տեսչական մարմինը ստուգումներից հետո թվով 17 խախտում է գտել: Դրանցից երկուսի հետ, սակայն տոնավաճառի տնօրինությունը համաձայն չէ: Բացի այս, տեսչական մարմինն իր հերթին պարտադրում է առեւտրի կենտրոնին տեղադրել ծխահեռացման համակարգ: Սակայն պարզվում է, որ Հայաստանի ոչ մի տոնավաճառում նման համակարգ տեղադրված չկա:

Տեսչական մարմնի հետ չի ստացվում բանակցել: Պետական մարմինը պահանջում է փակել տոնավաճառը, իսկ տնտեսվարողն իր հերթին պնդում է, որ խախտումները վերացրել է:

Տեղեկացնենք, որ առեւտրի կենտրոնները, տոնավաճառները տեսչական մարմնի տեսադաշտում հայտնվել են նախորդ տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունից հետո: Այժմ Հայաստանի տարածքում գործող խոշոր առեւտրի կենտրոններում ուժեղացված վերահսկողություն է իրականացվում: Իսկ թերությունների հայտնաբերումից հետո տնտեսվարողին այլեւս ժամանակ չի տրվում դրանք վերացնել, այլ՝ անմիջապես գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվում։

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս