«Ո՛չ Արցախի կառավարությունը, ո՛չ էլ արցախցիները կոնկրետ ժամկետներ չեն տեսնում Լաչինի միջանցքի բացման համար: Ամեն ինչի համար րոպեական, այդ պահից բխող որոշումներ են ընդունվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Արցախի Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը:
Արցախցին, ասում է, թեեւ դիմացկուն է, բայց հենց այնպես, ձեռքերը ծալած նստելով դիմադրել չի լինում: Իշխանությունների կողմից գործողություններ են պետք, մանրամասնում է, ինչն էլ տեսնելով՝ տեղացիներն այնքան էլ չեն ընկճվի:
Այս օրերին Արցախի քաղաքական դաշտում նկատվող ոչ միանաշանակ մթնոլորտի մասին պատգամավորը տեսակետ հայտնել չի շտապում, բայց եւ արձանագրում է՝ այժմ քաղաքական ինտրիգներ ստեղծելու ժամանակը չէ, կատարվող իրադարձություններն էլ իր սրտով չեն:
Խոսքը, մասնավորապես, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծված իրավիճակին է վերաբերում: Այս օրերին բոլորն ուշադրությամբ հետեւում են Արցախում կատարվող իրադարձություններին եւ հանգուցալուծում սպասում։ Բոլորը սպասում եւ կարծում էին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է ստորագրի պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատելու որոշումը, սակայն քննարկումների արդյունքում այլ որոշում կայացվեց:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, ի՞նչ է կատարվում Արցախում այս օրերին:
-Ցավալին այն է, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ Արցախի ժողովուրդը կոնկրետ ժամկետներ չեն տեսնում Լաչինի միջանցքի բացման համար: Բացի այդ, կոնկրետ չի նշվում, թե ինչ է արվում, ստեղծված իրավիճակից փորձում ենք րոպեական որոշումներ կայացնել: Ինչպես գիտեք, սննդի հետ կապված շատ ու շատ տեսակներ բացակայում են, բացի դրանից, անվտանգային խնդիրների հետ կապված եւս կան բազմաթիվ հարցեր, որոնք այս պահին ցանկալի չէ նշել: Ամեն դեպքում, վիճակը գնալով ավելի ու ավելի է բարդանում:
-Իսկ մարդիկ ի՞նչ վիճակում են գտնվում:
-Մարդիկ մտահոգ են, ու, ճիշտ է, մենք ասում ենք՝ արցախցին դիմացկուն ու համբերատար է, բայց գիտեք՝ հենց այնպես մշտապես դիմանալով չէ, պետք է ինչ-որ գործողություն անի, պայքարի, իշխանությունների կողմից այդ ամեն ինչը պետք է տեսնի, որ չընկճվի:
-Իսկ քաղաքական դաշտում ի՞նչ իրավիճակ է տիրում:
-Քաղաքական դաշտում կան տարբեր պրոցեսներ, որին ես չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ այդ նիստերին ու քննարկումներին մեր հանձնաժողովի անդամները ներկա չեն եղել: Որպես հանձնաժողովի նախագահի, համապատասխան ոլորտի ներկայացուցչի՝ ինձ հետ չեն խորհրդակցել: Իրենք նշանակում են, իրենք ազատում են, իրենք՝ հաշտվում: Ավելի լավ կլինի՝ հենց իրենցից հարցնեք, թե ինչ են անում: Ամեն դեպքում, դժգոհ եմ այդ ամեն ինչից, քանի որ այս իրավիճակում, երբ Արցախն արդեն 37 օր շրջափակված է, պետք չէ տրվել անձնական ամբիցիաների, անձնական շահերն առաջ տանել: Պետությունը պետք է ղեկավարվի սթափ, սառը գլխով ու ճիշտ նշանակումներով:
-Նոր նշանակումների՞ց եք դժգոհ:
-Ես դժգոհ եմ ընդհանուր իրավիճակից: Հասկանալի է՝ շատ բաներ մեր ձեռքին չեն, բայց շատ բաներ կան՝ պետք է սկզբունքային դիրքորոշում ունենանք: Ես այս պահին կոնկրետ կարող եմ ժողովրդի կարծիքն ասել, որ այս իրավիճակում ժողովուրդը կողմ չէ որեւէ արտահերթ ընտրության, եւ ասում են, որ պետք է ոչ թե այդ հարցերի մասին մտածել, այլ այս իրավիճակից ելքեր է պետք փնտրել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ
Կառավարական կաբինետում շուրջ մեկ ամիս պաշտոնավարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս ժամանակահատվածում պաշտոնանկությունների շքերթ է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանը պաշտոնի նշանակվելուց տասն օր անց՝ դեկտեմբերի 28-ին, սկսել է ազատման դիմումներ ստորագրել: Նախորդ տարվա ավարտին՝ երկու, իսկ արդեն 2023-ի հունվարի 3-ից մինչ օրս փոխվարչապետի գրասենյակում չորս ազատում է եղել: Ինչ վերաբերում է նշանակումներին, ապա դրանք երկուսն են. Լիանա Խաչատրյանը՝ փոխվարչապետի օգնական, իսկ Արման Ադիլխանյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավար է նշանակվել: Երկուսն էլ, ի դեպ, Խաչատրյանի հետ մեկտեղ Ֆինանսների նախարարությունից են փոխվարչապետի գրասենյակ գնացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոխվարչապետ Խաչատրյանն առաջիկայում ազատման նոր հրամանագրեր կստորագրի ու թափուր մնացած պաշտոններում յուրայիններին կնշանակի:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ խորհրդարանի աշխատակազմի արարողակարգի վարչության նոր պետ է նշանակվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ պաշտոնում է նշանակվել Ալեքսանդր Մխիթարյանը: Տեղեկացանք նաեւ, որ նա ԱԺ է գործուղվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Մխիթարյանը, հավելենք, նախկինում՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, վարչապետի արարողակարգի պետի տեղակալ է եղել: 2019-ի ապրիլին, վարչապետ Փաշինյանի հրամանագրով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հավելենք նաեւ, որ Մխիթարյանից առաջ Ազգային ժողովի արարողակարգի պետը Հակոբ Հաջի-Հակոբյանն էր: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նա աշխատանքից 2022-ի դեկտեմբերի 30-ին է ազատվել:
Նրա անցյալին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր դեռ դեկտեմբերի 8-ին: Մենք, մասնավորապես, գրել էինք, որ նա դատվածություն ունի, դեռեւս 2013-ին, երբ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, կաշառք վերցնելու կասկածանքով (գումարի դիմաց կեղծ վիզաներ է տրամադրել) դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
Նշենք՝ Հաջի-Հակոբյանի դուստրը, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի նշանածն է, նույնպես խորհրդարանում՝ Արտաքին հարաբերությունների վարչությունում է աշխատում: Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանն աշխատանքից ազատել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աներոջը:
ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Լրագրողներին վարձկանների հետ համեմատելու իր անպարկեշտ հայտարարությամբ հայտնի ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հիմա էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում է փորձում պայքարել լրագրողների դեմ: Բանն այն է, որ երեկ առավոտյան ԲԴԽ լրատվական ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լինելու է դատավորների ընդհանուր ժողով: Շատ լրագրողներ, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը, գնացին՝ լուսաբանելու նիստը, զրուցելու դատավորների հետ, սակայն տեղում արդեն լրագրողներին տհաճ անակնկալ էր սպասվում. նրանց արգելվեց ժողովի վայր մտնել, իսկ դատավորներն էլ տարբեր մուտքերով ներս մտան՝ խուսափելով չորրորդ իշխանության հետ հանդիպումից: Լրագրողները ստիպված են եղել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում կամ ետնամուտքի մոտ ցրտին կանգնել եւ սպասել: Այսինքն՝ ԲԴԽ նախագահը ե՛ւ հրավիրում է լրագրողներին՝ լուսաբանելու որեւէ միջոցառում, ե՛ւ արգելքներ է սահմանում, ասել է թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարից ոգեշնչվող նախկին նախարարը լրագրողներին թողել է դրսում: Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի վեցին լրագրողների հետ զրույցում այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խոսելով Ազգային ժողովում իրականացվող լրագրողների դեմ սահմանափակումների եւ դժգոհությունների մասին, նշել էր, որ կողմ է սահմանափակումներին՝ ասելով. «Ազատ շարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են նաեւ թաքնված լինել լրագրողի կերպարի տակ, եւ նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ապավինենք անվտանգության մարմիններին»:
ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա նոյեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 225 միլիոն 321 հազար դոլար: Նկատենք, որ, հոկտեմբեր ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 101 միլիոն 602 հազար դոլարով: Արձանագրենք, որ նոյեմբերին տրանսֆերտները շարունակել են նախորդ տարվա հոկտեմբեր, սեպտեմբեր եւ օգոստոս ամիսների համեմատ նվազել, բայց հուլիս ամսվա համեմատ՝ այն զգալի ավելացել է: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը, նոյեմբեր ամսին կազմել է 317 մլն 935 հազար դոլար. այն, սեպտեմբեր ամսվա համեմատ, 123 մլն 924 հազար դոլարով պակասել է: Նշենք, որ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող մեր հայրենակիցները, եւ նրանց կողմից ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Նկատենք նաեւ, որ պակասել է ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը. եթե նախորդ տարվա սեպտեմբերին այն կազմել է 25 մլն 835 հազար դոլար, ապա նոյեմբերին դարձել է 11 մլն 778 հազար դոլար։