ՍՈՒՏ ՀԱՂՈՐԴՈՒՄ՝ ՀՈՐԵՂԲՈՐ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ. նոյեմբերի 8-ին  Գոռ Չոբանյանը  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է  տվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. վաճառել է գյուղի շարքացանը, մշակույթի տան տանիքը փոխարինել է նոր թիթեղներով, եւ փոխարինված 100քմ  ընդհանուր  մակերեսով թիթեղներն այժմ առկա չեն, գյուղի մանկապարտեզի հին, բետոնյա «պանելները» տարել է իր տան մոտ եւ սարքել անասնագոմ, գյուղի համար ստացված «պոպոքի»  տնկիները ամբողջությամբ տվել է գյուղապետարանում աշխատող Ս.-ին, գյուղին պատկանող 2 մետաղյա տարաները վաճառել է, դրանք ներկայումս գտնվում են  «Տավուշ տեքստիլ»  գործարանում,  գյուղի  հաստոցները 420 հազար դրամով վաճառել է նույն գյուղի բնակիչ Սարգիս Խ.-ին։ Գոռ Չոբանյանի հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Բերդ համայնքի Վ. Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ դեկտեմբերի 15-ին ինքը՝ որպես վկա, հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում,  ասաց, որ իր դեմ հաղորդում տված Գոռ Չոբանյանն իր հարազատ հորեղբոր որդին է, նա  մեծ հակում ունի ալկոհոլի հանդեպ, նրա երեխաները այժմ մանկատանն են, ինքը Աբովյանում ուրիշների անասուններն է պահում, կինն էլ Բերդում նույն գործով է զբաղվում, Գոռն ու իր կինը նախկինում «Կիսաբաց լուսամուտներում»   նկարահանվել են։  Կ. Չոբանյանը կետ առ կետ հերքեց իրեն առաջադրված մեղադրանքները։ Նա ասաց, որ վերոհիշյալ տնկիների տնկումը եղել է քաղաքացիական նախաձեռնություն, դասախոսներ են եկել, Վ. Կարմիրաղբյուրում, Ն. Կարմիրաղբյուրում, Չինարիում տնկիներ են տնկել, Վ. Կարմիրաղբյուրում մի քանի տասնյակ ընտանիքների բաժանել ընկուզենու տնկիներ։

 

«Տավուշ տեքստիլ»  գործարանում գտնվող տարաների մասին Կ. Չոբանյանը հայտնեց, որ 2008թ. նոյեմբերի 1-ին ինքը ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը, այդ  ժամանակ համայնքապետարանի հաշվեկշռում տարաներ չեն եղել։ Համայնքի ավագանու՝ 2012թ. կամ 2013թ. որոշմամբ՝  գյուղի բնակիչ Սարգիս Խոջայանին 400 հազար դրամով վաճառվել է հաստոց, որը եղել 1965թ. արտադրության, հնամաշ, անսարք վիճակում։ Մանկապարտեզի նախկին հենասալերը պատկանել են  «Տավուշշին»  ընկերությանը,  մասնագիտական եզրակացությամբ դրանք խոտանվել են որպես շինարարական աղբ։ Կ. Չոբանյանը դրանցից 11 հատ խնդրել է   «Տավուշշին»-ի  տնօրեն Վաչիկ Ապրեսյանից եւ այդ խոտանված հենասալերից 3մx5մ մակերեսով անասնագոմ է սարքել, խոտանված հենասալերից տվել են նաեւ գյուղի այլ  բնակիչների։ Կ. Չոբանյանն ասաց, որ գյուղի մշակույթի տան տանիքը ադրբեջանական գնդակոծություններից մեծ չափով վնասվել է,  2020թ. մշակույթի տան կտուրը փոխել են, վնասված թիթեղները ստացականով  հանձնել են սահմանապահ դիրքերից մեկին։ 2008թ. արտադրության շարքացանը Կ. Չոբանյանը գյուղ  է բերել Համաշխարհային բանկի ծրագրով, այն համայնքապետարանի հաշվեկշռում է եւ ծառայում է համայնքին։ Կ. Չոբանյանը լրագրողիս տրամադրեց  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2022թ. նոյեմբերի 18-ի որոշումը՝ իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածով քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ։ Այս դեպքում բողոքը վերաբերում  էր համայնքապետանի հաշվեկշում գտնվող 1979 եւ 1982 թվականների  արտադրության  «ծԼԹԸ հԽ5»  մակնիշի հացահատիկահավաք 2 կոմբայններին, որոնք 2001թ.-ից չեն շահագործվել եւ գտնվել են կոմբայնավարների  տների բակերում։  2015թ. մայիսի 7-ին  Վ. Կարմիրաղբյուր համայնքը 27,5 միլիոն դրամով  ձեռք է բերել  հացահատիկահավաք նոր կոմբայն, դրանից հետո համայնքի ավագանին միաձայն որոշել է  հնամաշ եւ անպետք 2 կոմբայնները վաճառել եւ գումարներն ուղղել նոր կոմբայնի  գումարի մասնակի վճարմանը։ Կոմբայններից մեկը 400 հազար դրամով գնել է  գյուղի բնակիչ Սարգիս Խոջայանը, երկրորդ կոմբայնը գնել ցանկացող չի եղել։

Կ. Չոբանյանը հայտնեց, որ իր դեմ  զրպարտանքների հետեւում կանգնած են իրենց գյուղից 4-5 մարդ, որոնք 2008 թվականից մինչեւ հիմա համայնքի բյուջե ընդհանրապես հարկեր ու տուրքեր  չեն մուծել։ Նրանք գյուղից օղի եւ գինի  են ուղարկում ալկոհոլի նկատմամբ մեծ հակում ունեցող Գոռ Չոբանյանին, որը զրպարտել է իր  հորեղբոր որդի վարչական ղեկավարին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԲԵՆԶԻՆՆ ԷԺԱՆԱՑԵԼ Է

Այս տարվա հունվարի 9-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.29 դոլար: Բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են նաեւ մեր հանրապետությունում: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 350 դրամով, Պրեմիումը՝ 370 դրամով:

Այս շուկայում գնանկում արձանագրել է նաեւ Հայաստանի վիճակագրական կոմիտեն, ըստ որի՝ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է բենզինի 11.3, դիզելային վառելիքի՝ 7.2 տոկոս գնանկում:

Նախորդ տարվա դեկտեմբերին, 2021 թվականի դեկտեմբերի համեմատ, բենզինն էժանացել է 14.8 տոկոսով, դիզելային վառելիքը՝ թանկացել 13.7 տոկոսով:

Բենզինի գնի նվազման պատճառներից մեկը նավթամթերքի համաշխարհային շուկայում գրանցված անկումն է: Մասնագետների խոսքերով՝ մեր հանրապետությունում բենզինի ցածր գինը դեռ կպահպանվի. չի բացառվում, որ այն առաջիկայում է՛լ ավելի էժանանա:

 

 

ԾՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է

Հայաստանում նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ծնվածների թիվը պակասել է:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի 11 ամիսներին ծնվածների թիվը կազմել է 33 հազար 346, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 33 հազար 625, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 33 հազար 177:

Պակասել է նաեւ մեռելածինների թիվը՝ 11 ամիսների ընթացքում 465-ից հասնելով 399-ի:

 

 

 

 

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ

Մանկական կերի շուկայում թանկացումներ են արձանագրվել։

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մանկական սննդի գինը նախորդ տարվա դեկտեմբերին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել է 4.1 տոկոսով, իսկ, ահա, նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մանկական սնունդը թանկացել է 0.6 տոկոսով։

Տեղեկացնենք, որ 100-գրամանոց խյուսերը սկսում են 1700 դրամից, իսկ շիլաների գները սկսում են 1700 դրամից եւ հասնում մինչեւ 6000 դրամի։

Կաթնային խառնուրդի արժեքը սկսում է 4600 դրամից եւ հասնում մինչեւ 17000 դրամի։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Տավուշի մարզի համայնքների աղբավայրերի տեղակայության վայրը խնդիր է։ Օրինակ՝ Իջեւան քաղաքի աղբավայրը գտնվում է Իջեւան խոշորացված համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական տարածքում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին։ Բնակավայրերին մոտ են գտնվում նաեւ Նոյեմբերյան եւ Դիլիջան քաղաքների աղբավայրերը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին  երկու անգամ, վերջինը՝ 2022թ.  դեկտեմբերի 26-ին, տեղեկատվական հարցում է ուղարկվել «Ժողովուրդ» օրաթերթի անունից՝ խնդրելով պատասխանել այն հարցին, թե Տավուշի մարզի տարածքում ներկայումս քանի աղբավայր է գործում, դրանցից քանիսն ունի համապատասխան հողհատկացում, քանիսն է համապատասխանում օրենքներով  աղբավայրերին ներկայացվող պահանջներին։ Երկու անգամն  էլ մարզպետը խուսափել է պատասխանել՝ խորհուրդ տալով հարցն ուղղել մարզի համայնքապետարաններին, քանի որ հարցը նրանց գործառույթների  տիրույթում է։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմը ինչո՞ւ է պետական բյուջեից մեծ  աշխատավարձեր, պարգեւավճարներ ստանում, ո՞րն է մարզում  իր համակարգող բնույթը, եթե մարզպետը  խուսափում է պատասխանել մարզում գործող աղբավայրերի վերաբերյալ հասարակ  հարցին։

 

 

 

ՊԱՏԸ ՉԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ

Ավելի քան երեք տարի է, ինչ Տավուշի մարզի  Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ,  համեմատաբար ապահով ճանապարհին կառուցված, ճանապարհի դիմացի բարձունքներում տեղակայված ադրբեջանական հենակետերի գնդակոծություններից պաշտպանող պատի մի մասը քանդված է։ Անցած տարիներին պետական բյուջեից հսկայական գումարներ են հատկացվել պետական պաշտոնյաներին պարգեւատրելու նպատակով, սակայն սահմանագոտում ավտոմեքենաների երթեւեկի անվտանգությունն ապահովող պատի քանդված հատվածի վերանորոգման համար պետական բյուջեից գումար չի հատկացվել։ Եթե սահմանագոտու այդ հատվածում իրավիճակը լարվի, ադրբեջանական զինուժը  հրաձգային կրակ բացի, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի վերոհիշյալ հատվածով անցնող ավտոմեքենաները եւ դրանցում գտնվողներն ազերի զինյալների համար դառնալու են անպաշտպան թիրախներ։

 

 

 

ԾՐԱԳՐԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԹՂԹԻ ՎՐԱ

2017 թվականին նախատեսվում էր Տավուշի մարզում կառուցել Հախումի եւ Կողբի ջրամբարները, դրանցում ընդհանուր առմամբ կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն սահմանագոտում այդ ջրամբարների կառուցման ծրագրերը մնացին թղթի վրա։  Նիկոլ Փաշինյանի իշխանության չորսուկես տարիների ընթացքում Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվել։ Տավուշի մարզի Աղստեւ, Ոսկեպար, Հախում, Քարահան եւ այլ գետերի քաղցրահամ ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, այնտեղ կուտակվում են ոռոգման ջրամբարներում, ոռոգում Ադրբեջանի դաշտերն ու այգիները։ Վերջին տարիներին ամռանն  Ադրբեջանում երաշտ է,  Տավուշի սահմանագոտում ոռոգման ջրամբարների կառուցումից հետո Ադրբեջանը որոշակի կախվածություն կունենար Հայաստանից։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս