ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը վստահեցնում է՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը Սահմանադրական դատարան տեղափոխելու գործընթացի հանգուցալուծումը կախված է այն հանգամանքից, թե ինչ վարք ու գործունեություն կդրսեւորեն ընդդիմադիր պատգամավորները:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց՝ գործընթացը ոչ թե մահակ է, այլ այն բանի վկայումը, որ իրենք ընտրողների առջեւ հաշվետու են:

-Պարո՛ն Պապոյան,  Արցախն արդեն 38 օր է՝ շրջափակման մեջ է, տարբեր գնահատականներ եղել են,  կառույցներ արձագանքել են, բայց Լաչինի ճանապարհը շարունակում է փակ մնալ: Ի՞նչ գնահատական կարող եք տալ այս ամենին:

-Գիտեք, նոր գնահատականներ չկան,  ամեն ինչ նշվել է, եւ կա երկու կողմ, որոնք անելիքներ ունեն: Առաջինը ադրբեջանական կողմն է ու մեղավորը,  որը միտումնավոր ու պետական մակարդակով է փակել ճանապարհը: Դրա նպատակն այնտեղ մարդկանց կա՛մ սովամահ անելն է, կա՛մ այն, որ մարդիկ այնտեղից գաղթեն: Իրենց համար դա փորձված բան է եւ հայ ժողովրդի ճակատագրում եղած բան: Եվ երկրորդ անելիքը ռուսական կողմն է, քանի որ եթե չնահանջեին, տեղի չէր ունենա գաղթը: Դա կյանքի ճանապարհ է: Լաչինի միջանցքը ՀՀ տարածքը չէ, ցավոք սրտի, եւ նոյեմբերի 9-ի համաձայնագրով այնտեղ անելիք ունի միայն ռուսական կողմը, եւ տարածքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Այս կոնտեքստում նրանց պատասխանատվության տակ է այդ ճանապարհի բացելը: Եթե քարաթափում տեղի ունենար,  նույն ձեւ պետք է նրանք գնային եւ ճանապարհը բացեին: Մեր խնդիրն է տալ հնարավորություն, որ ռուսական կողմն իր պարտականությունը կատարի: Եթե նրանց  պետք են լրացուցիչ լիազորություններ, ապա թող այդ մասին ասեն, որպեսզի հասկանանք:

-Այսինքն՝ գնդակն իրե՞նց դաշտում է:

-Եկեք ճիշտ հասկանանք. հայկական կողմից ցանկացած գործողություն կամ խոսակցություն առիթ է Ադրբեջանին եւ Թուրքիային նոր պատերազմ սկսելու: Իսկ միգուցե նրանց ցանկությունը հենց դա՞ է,  օրինակ՝ որ տաքարյունություն դրսեւորվի, մի երկու գործողություն ավել տեղի ունենա, եւ լայնածավալ պատերազմ սկսվի: Սա սադրանք է ՀՀ դեմ Արցախի ժողովորդին ճնշելու միջոցով: Միգուցե սովորական քաղաքացու համար էմոցիաները շատ են,  բայց պետության  պարագայում պետք է դրանք մի կողմ դնել եւ սառը դատել:

-Իշանությունն արդեն երկրորդ անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու մասին է խոսում: Ի՞նչ կլինի այս անգամ:

-Եկեք սպասենք դեպքերի զարգացմանը. դրանք հարցեր են, որոնք գտնվում են քաղաքական հարցերի տիրույթում նաեւ: Օրինակ՝ առաջին դեպքում մենք որոշեցինք հնարավորություն տալ, որ գան աշխատեն: Հիմա նրանց մոտ կիսաաշխատանքային ռեժիմ է: Նրանք գալիս, գրանցվում են առավոտյան,  որ աշխատավարձ ստանան, եւ ամեն ինչ անում են, որ նրանց աշխատավարձը չպակասի: Նրանք քվեարկում են ձեռնպահ կամ դեմ՝ օրենքները չկարդալով: Եթե նրանք չքվեարկեն,  կզրկվեն մանդատներից: Այս անգամ եւս քաղաքական որոշման հարց է, եւ կքննարկենք, ու Դուք կիմանաք: Մենք չենք կարող մեր ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել: Առաջին անգամից հետո ինչ-որ պրոցես է գնում,  նրանք գալիս, գրանցվում են թեկուզ աշխատավարձ ստանալու համար, եւ ես կարծում եմ՝ միգուցե պետք է քննարկել եւ կրկին հնարավորություն տալ մնալ աշխատելու:

-Ստացվում է՝ սա որպես մահա՞կ եք պահում:

-Բացարձակ: Ես նման բան չասացի, բայց եթե իրենք աշխատանքի չգային բացարձակ, մահակ լիներ-չլիներ, այդ որոշումը կկայացվեր. մենք պատասխանատվություն ունենք քաղաքացիների առջեւ:  Եթե իրենք վատ են աշխատում, իրենց եւ իրենց ընտրողների հարցն է:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉԻ՞Ց ՍԿՍՎԵՑ ՊԱՅՔԱՐԸ

Այս օրերին բոլորը սպասում էին, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակն Արցախում, եւ արդյոք պետնախարար Արայիկ Հարությունյանը կազատվի պաշտոնից: Ի վերջո, որոշում կայացվեց, որ Արայիկ Հարությունյանը ո՛չ հրաժարական կտա,  ո՛չ էլ Ռուբեն Վարդանյանը կազատվի պաշտոնից:

 

Իսկ ինչի՞ց սկսվեցին նրանց տարաձայնությունները:  Բանն այն է, որ Արցախի շրջափակման պայմաններում  Ռուբեն Վարդանյանն անում էր հայտարարություններ, որոնք ոչ միայն արցախցիների միջեւ էին տարաձայնություններ առաջացնում, այլ նաեւ հայաստանցիների համար էին անհասկանալի:

Նրանց հարաբերություններն ավելի սրվեցին հունվարի 8-ին՝ Ռուբեն Վարդանյանի կողմից հնչեցրած հայտարարություններից հետո, որոնք կիքսեր էին: Նախ նա հայտարարեց, թե ճանապարհը 100 տոկոս փակ չէ, ապա բացասական երանգներով ներկայացրեց արցախցիներին:

«Ունեցել ենք մի դեպք, երբ ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը. դա շատ մեծ արձագանք է ստացել։ Սա չպետք է ընդունվի որպես հաջողված մարդու օրինակ։ Չեմ ընդունում այն մարդուն, որ պայմանավորվել է ռուս խաղաղապահների հետ, բերել ուտելիք ու վաճառել թանկ գնով, չեմ ընդունում։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։ Չեմ ընդունում այն մարդկանց, որ փորձում են փող աշխատել այս իրավիճակում»,- թվարկեց նա։

Եվ, ահա, այս եւ նմանատիպ հայտարարություններից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զանգ է ստացել, եւ անընդունելի են համարվել Ռուբեն Վարդանյանի նմանատիպ հայտարարությունները:

Արցախում ներքաղաքական լարված իրավիճակը, կարծես թե, հանգուցալուծում ստացավ: Թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը որոշել են հաշտ ու համերաշխ աշխատել, եւ որեւէ պաշտոնանկություն չի լինի:

Այն, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարաբերությունները լարվել էին, ակնհայտ դարձավ տարբեր դրսեւորումներով: Նախ Ռուբեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի օրինակով սկսեց նախկինների դեմ ատելություն գեներացնել,  սկսեց Արցախի շահի դեմ բաներ խոսել, հայտարարեց, թե Լաչինի ճանապարհը ամբողջովին փակ չէ, սնունդ հասնում է ինչ-որ ճանապարհով, հայտարարեց, թե Արցախը երբեք միասնության համար չի պայքարել, եւ այլն:

Իսկ իրականում Վարդանյանն անզոր եղավ անգամ կառավարական կաբինետ ձեւավորել, ամիսներով թափուր մնացին նախարարի պաշտոնները, ի վերջո Արայիկ Հարությունյանի հավատարիմները նշանակվեցին նախարարներ:

Այս լարված իրավիճակն Արցախում հնարավոր եղավ թուլացնել մեկ  պայմանով. այսուհետ Ռուբեն Վարդանյանը քաղաքական հայտարարություններ անելուց առաջ պետք է այդ մասին ասի Արայիկ Հարությունյանին, նրա հետ հստակեցնի: Ստացվում  է՝ Արցախում իշխանությունը կրկին վերադարձել է Արայիկ Հարությունյանին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԶՐԿԵՆ

Քաղաքական իշխանությունը մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացի մասին է խոսում: Ինչպես նախորդ գործընթացը, որ 2022-ի հուլիսին էր սկիզբ առել, այս անգամ եւս անհասկանալի է՝ ինչ շարունակություն կունենա: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է հարցը դուրս հանել խորհրդարանից ու այն, այնուամենայիվ, Սահմանադրական դատարան ուղարկել՝ բարձրագույն այդ ատյանին թողնելով ընդդիմադիրներին մանդատից զրկելու կամ չզրկելու հարցը: Այսինքն՝ օրենքի պահանջը կկատարեն, ԱԺ խորհրդի նիստով կորոշեն հարցը ուղարկել ՍԴ: Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրների շուրջ ծավալվող գործընթացի մասով իշխանության ներսում, այնուամենայնիվ, տարակարծություններ կան, ու ոչ բոլորն են, որ ողջունելու են մանդատազրկության թեման օրակարգ բերելը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ՔՊ-ականներ նպատակահարմար չեն գտնում Արցախի շրջափակման այս օրերին քննարկման առարկա քաղաքական ինտրիգներ պարունակող հարցերը դարձնել, այդ թվում նաեւ՝ մանդատազրկության թեման: Հարցի պարզաբանման համար «ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանին դիմեց: Նրա կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու ու այդ առնչությամբ ՍԴ դիմելու գործընթացն օրենքի շրջանակներում է արվում: «Օրենքը նման հնարավորություն տալիս է, որպեսզի Սահմանադրական դատարանը քննի այդ հարցը: Կարծում եմ, որ մեր երկրի հարցն ինձ համար առնվազն դա չէ: Առաջնայինն այսօր Լաչինի միջանցքն օր առաջ բացելու հարցն է, երկրորդը՝ այն վտանգը, որ սպառնում է Հայաստանի անվտանգությանը»,- մեր ունեցած տեղեկություններն ըստ երեւույթին հաստատելով՝ ասաց ՔՊ-ական պատգամավորը:

 

 

 

ԱՌԵՐԵՍՈՒՄ ՉԿԱ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հայտնեց, որ արդեն 1 ամիս է, ինչ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են, մինչդեռ ՀՀ վարչական դատարանում ակտիվ կերպով նշանակվել են ոստիկանության կողմից զինվորների ծնողներին դատի տալու նիստերը: Այսինքն՝ ոստիկանությունը հա՛մ քաշքշել է որդեկորույս մայրերին, հա՛մ էլ նրանց դատի է տվել: Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի էր ունեցել քաշքշուկ ոստիկանների եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների միջեւ, որից հետո ոստիկանները, բռնությամբ քաշքշելով ծնողներին, հեռացնում էին պանթեոնից: Այս խայտառակ միջադեպով հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ պաշտոն ստացավ եւ այս պայմաններում էլ դատի է տվել ծնողներին, պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել: Նկատենք, որ երեկ ՀՀ վարչական դատարանում, Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առաջին նիստն էր: Ի դեպ, նիստին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ, ներկա էր նաեւ հանձնաժողովի փորձագետը:




Լրահոս