Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ՝ ոչ թե երկու ամսով, այլ առնվազն երկու տարով: Այս մասին երեկ հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ «Ազատության» տեղեկությունների՝ նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ: Սուրեն Պապիկյանը եւ Արմեն Գրիգորյանը ընդունել են ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին: «Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, եւ դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար», – ասված է հանձնախմբի եզրակացության մեջ: Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի` ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, եւ կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:
ArmLur.am-ին այս մասին մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելության առաջին խումբը Հայաստան էր ժամանել երկու ամսով 2022 թվականի հոկտեմբերի 14-ին: Դիտորդություն իրականացնող ԵՄ 40 քաղաքացիական փորձագետ տեղակայվել է երկու ամիս տեւողությամբ: ԵՄ դիտորդները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում իրականացրել են շուրջ 175 պարեկային հերթափոխ։ Այս դիտորդական առաքելությունը տեղակայվել էր՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի եւ Ֆրանսիայի առաջնորդների միջեւ ձեռք բերված քառակողմ պայմանավորվածության համաձայն: Արդեն դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է Հայաստանում նոր՝ երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։
Այսպիսով, մեր տեղեկություններով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի արդեն փետրվար ամսվա ընթացքում. այս օրերին կատարվում են վերջին հստակեցումները: ԵՄ-ն Ադրբեջանից երաշխիքներ է ակնկալում, որ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն լինի, եւ, այլ խոսքով ասած, դիտորդների ուղղությամբ կրակոցներ չեն լինի: Նախորդ անգամ Ադրբեջանը տվել էր այդ երաշխիքը եւ խոստացել ԵՄ-ին, որ սադրանքներ չեն լինի: Այս անգամ, սակայն, այդպես վարվելու համար Ադրբեջանը, մեր տեղեկություններով, ԵՄ-ին պահանջներ է ներկայացրել:
Նախ՝ նկատենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր եկել հրապարակային քննադատությամբ՝ ուղղված ԵՄ-ին՝ ասելով, թե վերջիններս խաբել են իրեն: Ադրբեջանի ղեկավարը, մասնավորապես, նշել էր. «Երկու ամսով էինք պայմանավորվել, իսկ դուք երկարաժամկետ առաքելություն եք տեղակայում: Միեւնույնն է, այդ առաքելությունը չի ամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը, բացասաբար կազդի ԵՄ-ի հովանու ներքո բանակցությունների վրա»:
Այսինքն՝ հրապարակային կերպով Ադրբեջանի նախագահը ճնշում է գործադրում ԵՄ-ի վրա, փորձում իր կանոնները թելադրել: Եվ, ահա, Ադրբեջանի պայմաններից մեկն այն է, որ պետք է հրապարակվելուց առաջ ընթերցի ԵՄ առաջին դիտորդական առաքելության զեկույցը եւ միայն դրանից հետո կորոշի՝ համաձայնություն տալ, թե ոչ:
Ընդգծենք՝ Հայաստանի սուվերեն տարածքի ներսում է տեղակայվում առաքելությունը, եւ այստեղ Ադրբեջանի համաձայնությունը չպետք է էական լինի, սակայն փաստացի նման պահանջներ կան:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը եւ Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը եւ պաշտոնատար այլ անձինք:
Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Հնդկաստանի վարչապետի պաշտոնական թարգմանիչ Նիլակշի Սախա Սինհան Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան է նշանակվել։
Նիլակշի Սախա Սինհան լավ տիրապետում է հինդիին, անգլերենին, բենգալերենին եւ ֆրանսերենին: Նշվում է, որ նա տիրապետում է 15 լեզվի եւ վարչապետին ուղեկցել է արտասահմանյան 14 ուղեւորությունների ժամանակ։ Նա ներկայումս զբաղեցնում է Արտաքին գործերի նախարարության քարտուղարի տեղակալի պաշտոնը։ «Տիկին Նիլակշի Սախա Սինհան նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի հաջորդ դեսպան»,- ասված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ Սախան շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը: Բացի այդ, Մ. Շրիդխարանը նշանակվել է Ադրբեջանում Հնդկաստանի հաջորդ դեսպան։ Նա ներկայումս նույնպես զբաղեցնում է Արտաքին գործերի նախարարության քարտուղարի տեղակալի պաշտոնը։
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ ԵՆ
Շրջափակված Արցախում մնացել են նաեւ օտարերկրյա քաղաքացիներ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։ Արցախի կառավարությունը ռուս խաղաղապահների հետ միասին երկար ժամանակ նախապատրաստում էր եւ երեկ կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։ Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է։
ՄԱՍՆԱԳԵՏ ՉԿԱ
Արբանյակի կառավարման կենտրոն Հայաստանում այդպես էլ չստեղծվեց: Ինչպես հայտնի է, Հայաստանի առաջին արբանյակը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց 2022-ի մայիսի 25-ին։ Այդ ժամանակ իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, թե հնարավորինս կարճ ժամկետներում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն, իսկ նախարարի կողմից ժամկետ նշվեց նաեւ 2022 թվականի տարեվերջը: Նկատենք, որ արբանյակի գործարկման օրվանից տարատեսակ ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ են հնչում արբանյակի պատկանելության, հնարավորությունների եւ նպատակահարմարության մասին, եւ, ամենակարեւորը, ինչպես նշել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որեւէ նկարահանում չի արվել կամ չի հրապարակվել ամենազոր արբանյակի կողմից: Խնդիրն այստեղ ոչ միայն կառավարման կենտրոն չունենալու հանգամանքն է, այլ նաեւ համապատասխան կադրերի առկայությունը: Այսինքն՝ երաշխիք չկա, որ եթե արբանյակի կողմից լուսանկարներ արվեն, մենք ունենք մասնագետներ, որոնք կարող են ուսումնասիրել դրանք կամ կառավարման կենտրոնում համապատասխան աշխատանք իրականացնել:
10 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը 10 ավտոմեքենա է գնել, որոնց համար պետական միջոցներից ծախսել է 222 մլն 600 հազար դրամ կամ ավելի քան 542 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը պայմանագիրը կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ եւ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար վճարել
է 22 մլն 260 հազար դրամ գումար: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ ավտոմեքենաները հատուկ նշանակության են՝ նախատեսված դատապարտյալների եւ կալանավորված անձանց տեղափոխման համար: Բացի այս, նշենք, որ այդ ավտոմեքենաները «Ֆորդ» մակնիշի են, նոր են՝ 2022 թվականի արտադրության, եւ չշահագործված: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՔԿՀ-ներում ավտոմեքենաների քանակի խնդիր կա. ՔԿՀ-ներում բանտարկյալներին ուղեկցող ավտոմեքենաներ քիչ են եղել, եւ մի դատապարտյալին դատարան տեղափոխելուց հետո մյուս դատապարտյալը ստիպված է լինում ժամերով սպասել ավտոմեքենային՝ իր դատական նիստին մասնակցելու համար: Այդ ավտոմեքենաները զուրկ են տարրական պայմաններից. դատապարտյալի ինքնազգացողության վատթարացման ժամանակ պայմաններ չեն եղել, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերվի: Եղել են դեպքեր, երբ դատապարտյալին դատարան տեղափոխելու ժամանակ մեքենան անսարք լինելու պատճառով խափանվել է: