ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ոչնչացնելու գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու համար 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին տվել է 250.000 ՀՀ դրամ կաշառք:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, եւ այն հետ է վերադարձվել ՀՀ ոչնչացման նպատակով: ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն հիշյալ ժամկետանց ձվի խմբաքանակը չի ոչնչացրել, այլ փոխարենը պիտանելիության ժամկետն անցած՝ ավելի հին ձվի չնչին խմբաքանակ է ոչնչացրել: Դրանից հետո՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ին, ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գ. Պ.-ն կազմել է արձանագրություն այն մասին, թե, իբր, պիտանելիության ժամկետը լրացած 302.000 հատ ձվի ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, ինչն այնուհետեւ հաստատել է իր ստորագրությամբ, որի դիմաց տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավարի դրդմամբ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ից որպես կաշառք ստացել է մեկ արկղ ձու: Այնուհետեւ Ա. Մ.-ն կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերը նշված ակտը դրել է պաշտոնական շրջանառության մեջ եւ ուղարկել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

Ոչնչացման գործընթացը սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու հետեւանքով ժամկետանց ձվի որոշ մասն ըստ էության իրացվել է ՀՀ շուկայում: 26.12.2022թ.-ին ՀՀ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ն, ՍԱՏՄ երկու պաշտոնատար անձինք եւ ՍՊ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 445-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 445-րդ հոդվածի 1-ին մասով, եւ Ռ. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /երկու դրվագ/ եւ 46-445-րդ հոդվածի 1-ին մասով: Ռ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Գ. Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ համակցված կիրառվել են ՀՀ-ից բացակայելն արգելելը եւ պաշտոնավարումը կասեցնելը: Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են հսկող դատախազին, ում կողմից այն հաստատվել է, եւ նյութերն ուղարկվել են դատարան:

 

 

 

ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

2022 նոյեմբերի 23-ին ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների, եւ պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին, Վահիդ Սահակյանին,Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Ղազարյանին ենթարկի ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության:

 

Նկատենք, որ ոստիկանությունը բավականին ակտիվ կերպով մտել է դատարան եւ բարձրացնում է ծնողներին պատասխանատվության ենթարկելու հարցը, իսկ ո՞վ պետք է պատասխան տա ծնողների նկատմամբ բռնության դեպքով:

Այդ միջադեպից անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել. ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հրաժարական չի տվել եւ այս պայմաններում դատի է տվել ծնողներին. սա է Հայաստանի արդարադատությունը: Իսկ թե ինչ կանի դատարանը, կհետեւենք զարգացումներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուկի առիթով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գործի կասեցման մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երբ Քննչական կոմիտեում քրեական գործ կամ վարույթ է հարուցվել, ոստիկանությունը որոշել է Ներքին անվտանգության վարչությունում առկա քննությունը կասեցնել մինչեւ այդ քրեական գործի ավարտը:

Այսինքն՝ Քննչական կոմիտեի քննության ավարտից հետո ոստիկանության ղեկավարությունը իր համապատասխան քայլերը կիրականացնի:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչեւ օրս որեւէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:

Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ, ու այդ մասին վկայում է շուրջ երկու ամիս տեւող քննությունը, որի արդյուքում մինչ օրս չկա մեղադրյալ:

Երեկ Վարչական դատարանում Գարիկ Գալեյանի գործով առաջին նիստն էր:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԱՊԱԳԱՆ ՀԱՍԵԼ Է ԴԻԼԻՋԱՆ

Հունվարի 10-ին Դիլիջանի համայնքապետարանում կայացել է 2023 թվականի առաջին գործակարգավարական խորհդակցությունը։ Դիլիջանի համայնքապետարանի աշխատողները, խորհրդակցության մասնակիցները զարմանքով տեսել են, որ Դիլիջանի խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը  վիրահատել է իր քիթը։ Դա Դիլիջանի համայնքապետի կյանքում նոր տարում միակ փոփոխությունը չէ։ 2022թ. դեկտեմբերի 1-ին Դիլիջան համայնքի ավագանին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով, որոշել է Դիլիջան համայնքի ղեկավարի վարձատրության չափը 2023 թվականի համար սահմանել ամսական 465 հազար դրամ։ Հետաքրքիր է, որ ավագանու նույն այդ նիստի որոշմամբ հաստատվել է Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափը, որն իր մեջ ներառում է նաեւ համայնքի ղեկավարի աշխատավարձը։ Այնուամենայնիվ, ավագանու  առանձին որոշմամբ սահմանվել է համայնքի ղեկավարի վարձատրության չափը։ Ուշագրավ է, որ համայնքի ղեկավարի աշխատավարձի չափի բարձրացմանը կողմ են քվեարկել նիստին ներկա ավագանու բոլոր 14 անդամները։ 1984թ. ծնված Դ. Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշիվյանի որոշմամբ 2021թ. փետրվարի 26-ին նշանակվել  է Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, նույն թվականի հոկտեմբերի 17-ին կայացած համայնքի ավագանու համամասնական ընտրությունների արդյունքներով ձեւավորված ավագանու կողմից ընտրվել է համայնքի ղեկավար։ Նա ավարտել է  Դիլիջանի պետական քոլեջը, այժմ հեռակա սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում, ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարն է։

 

 

 

ՉՀԵՌԱՆԱԼՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում  է Նարեկ Պետրոսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2020թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի Հատիս կոչվող մարտական դիրքի դիմաց ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ՝ նույն վաշտի պայմանագրային զինծառայող Արտաշես Մակարյանի կողմից մարտական հերթապահությանը ոչ  սթափ վիճակում ներկայանալու պատճառով ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող կրտսեր սերժանտ Ա. Մակարյանին՝ բռունցքով երեք անգամ հարվածելով վերջինիս կրծքավանդակին, պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող  մարմնական վնասվածքներ։ Ն. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 5-րդ մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս