Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է մասնակի փոխհատուցել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում գտնվող հյուրանոցներից օգտված տնտեսվարողների ծախսերը։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft հարթակում, որտեղ կարծիքներ եւ առաջարկություններ կարող են հայտնել բոլոր հետաքրքրված կողմերը։
ՀՀ ներդրումային խորհրդի տարածած հաղորդագրությամբ առաջարկվում է մինչեւ 2023 թվականի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցներից օգտված տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում` արդեն իսկ վճարված գումարի 60%-ի չափով (բայց ոչ ավելի, քան 3,000,000 դրամ)։ Նշվում է, որ աջակցության այս միջոցառումը կապահովի լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների եւ այլ տնտեսվարողների համար: Սա առավել կարեւոր է սահմանամերձ մարզերում, ինչպիսիք են Վայոց ձորը եւ Սյունիքը։ Այս մարզերը զբոսաշրջային հոսքերի նկատելի անկում են արձանագրում՝ պայմանավորված Արցախի շուրջ իրավիճակով եւ զարգացումներով։ Ակնկալվում է, որ այս առաջարկից կօգտվեն հիմնականում ընկերություններ, որոնք կկազմակերպեն կորպորատիվ քննարկումներ, կարճատեւ դասընթացներ կամ այլ աշխատանքային հանդիպումներ թիրախային մարզերի հյուրանոցներում եւ հյուրատներում։ Ընդ որում՝ նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն ընկերություններ, որոնց առնվազն 5 աշխատակից օգտվում է տվյալ ծառայությունից:
Առաջարկվող բարեփոխումների, քննարկվող հարցերի ընթացքի մասին հավելյալ թարմացված տեղեկատվություն կարող եք գտնել կայքի «Նորություններ» բաժնում, արդեն ընդունված կամ առաջարկվող բարեփոխումների ցանկը կարող եք գտնել կայքի «Բարեփոխումներ» բաժնում։
ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է 7 ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2008 թվականից իրականացվել է «Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում եւ հրատարակում» ծրագիրը: Այն մասնագետների կողմից գնահատվել է որպես բարձր արդյունավետություն ունեցող ծրագիր եւ իրականացվում է հատուկ այդ նպատակով կազմված մասնագիտական հանձնախմբի օժանդակությամբ:
Ծրագրի շրջանակում 2008-2022 թվականներին պետական պատվերով հրատարակվել է 325 անուն գրականություն:
Ծրագրի իրականացումը պայմանավորված է մշակութային կրթության որակի բարելավման, ժամանակակից պահանջներին համահունչ ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, աշխատանքային տետրերի, դասագրքերի, ժողովածուների եւ ուղեցույցների մշակման եւ կիրառման, արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրքային ֆոնդի համալրման անհրաժեշտությամբ: Այն միտված է նաեւ գեղարվեստական կրթության ոլորտում ուսուցման նոր մեթոդների վերաբերյալ մասնագիտական շրջանակների իրազեկմանը, դասական եւ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների եւ պրակտիկ նյութերի տարածմանն ու հանրահռչակմանը:
Ծրագրի իրականացմամբ լուծվում է նաեւ հայալեզու մասնագիտական գրականության հրատարակման եւ տարածման խնդիրը, ապահովվում են նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ժողովածուների եւ գրականության հասանելիությունն ու մատչելիությունը: «Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում եւ հրատարակում» ծրագրի շրջանակում 2022 թ. հրատարակվել է 7 ուսումնամեթոդական ձեռնարկ՝ Արարատ Աղասյան «Արվեստի պատմություն. կերպարվեստ (Գիրք 2)», Նաիրա Հովհաննիսյան, Մարիա Դիվանյան, Սրբուհի Բաբայան, Աշխեն Բոյաջյան «Պատմակենցաղային պարեր, դասական պար, հայկական ժողովրդական պար, ժողբնորոշ պար» (առարկայական ծրագրեր)», Անահիտ Կիրակոսյան «Հայ ժողովրդական նվագարաններ», Ջեննի Ասատրյան (կազմող) «Հայ կոմպոզիտորների մանկական երգեր», Նունե Պողոսյան (կազմող) «Քրիստոմատիա կիթառի համար» (1-7 դասարաններ), Սուրեն Խորոզյան (կազմող) «Քրիստոմատիա կլարնետի համար» (1-7 դասարաններ), Աղավնի Հովակիմյան «Քրիստոմատիա սանթուրի համար (2-5 դասարաններ):
Նշենք, որ հրատարակված ձեռնարկներն անվճար կտրամադրվեն հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին: Տեղեկացնենք նաեւ, որ 2023 թվականին նախատեսվում է հրատարակել 11 ուսումնամեթոդական ձեռնարկ:
2022 Թ.՝ 111687 ԸՆԹԵՐՑՈՂ
Նախարարության ենթակայության 12 գրադարանները ամփոփել են 2022 թվականի արդյունքները: Ըստ այդմ՝ 2022 թ. գրադարանները ունեցել են 111687 ընթերցող, 24010 էլեկտրոնային շտեմարաններից օտվող, սպասարկված միավորների թիվը կազմել է 3 միլիոն 70 հազար 42 միավոր, 82530՝ գրքերի համալրում, 2310՝ հրատարակված գրքեր, թվայնացված էջերի քանակ՝ 1 670 826: «Հայ գիրք» եւ «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում թվայնացված էջերի քանակը կազմել է 12 միլիոն 195 հազար 435 էջ:
Նախորդ տարի Հայաստանի ազգային գրադարանում առավել մեծ պահանջարկ են ունեցել հայ ժամանակակից հեղինակներից Սյունե Սեւադան, Նարինե Աբգարյանը, Մելիք Հակոբյանը, Աշոտ Աղաբաբյանը։ Արտասահմանյան գրողներից 2022 թվականին առաջատար են եղել Խալեդ Հոսեյնին եւ Ագաթա Քրիստին։ Ընթերցողների մեջ գերակշռող խումբը 19-25 տարեկաններն են։ Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է նաեւ «Հայաստանի գրադարանները 2021 թվականին» աշխատանքների վիճակագրական վերլուծություն ձեռնարկը։
Վերլուծական տվյալներում ընդգրկվել են Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար, գիտատեխնիկական եւ գիտաբժշկական գրադարանների տարեկան ամփոփ տվյալները։ Գրքում ընդրկվել են 10 մարզային գրադարանների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական շրջանների 23 գրադարանների տվյալները։ Գրադարանների վիճակագրական ամփոփ տվյալներում առանձին ներկայացվել են հանրապետության բուհական գրադարանները, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության տարածքում գործող գրադարանները։ Գիրքը կազմել եւ աղյուսակները համադրել է Լիլիթ Մուրադյանը։ Համաձայն գրքում զետեղված հաշվետվությունների՝ ՀՀ-ում 2021 թ. գործել է հանրային բնույթի 651 գրադարան, որից 10՝ մարզային, 117՝ քաղաքային, 502՝ գյուղական, 22՝ մանկական:
ԱՆԺԱՄԿԵՏ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Զենքի առեւտրի լիցենզիաներն այսուհետ տրամադրվելու են անժամկետ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է կառավարության՝ 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին։
Այսինքն՝ այսուհետ լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից լիցենզավորող մարմին է ներկայացվելու զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացություն՝ նարկոլոգիական եւ հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ բժշկական տեղեկանքների փոխարեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ