«Տղե՛րք ջան, բարձրաձայնե՛ք Արցախի խնդրի մասին, տարածե՛ք ձեր էջերում, խնդրում եմ, խոսե՛ք, մի՛ լռեք»,- կոչ է արել երգիչ Անդրեն՝ դիմելով աշխարհում մեծ լսարան եւ ճանաչում ունեցող հայ հայտնիներին:
«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Աբրահամ, Լեւոն Արոնյան, Ռազմիկ Ամյան, տղե՛րք ջան, բարձրաձայնե՛ք Արցախի խնդրի մասին, տարածե՛ք ձեր էջերում, խնդրում եմ, խոսե՛ք, մի՛ լռեք : Սիրելի՛ հետեւորդներ ջան, մեկնաբանություններում նշե՛ք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,-մասնավորապես գրել էր Անդրեն:
Ի դեպ, նշենք, որ Լաչինի միջանցքի փակման հետ կապված՝ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դերասանները, երգիչները եւ հասարակ քաղաքացիները: Նրանք, «Բացե՛լ կյանքի ճանապարհը», «Ո՛չ ցեղասպանությանը», «Մե՛նք ենք Արցախը» վանկարկելով, Ազատության հրապարակից երթով գնացին դեպի Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատներ, այնուհետեւ հասան ՄԱԿ-ի գրասենյակ եւ բողոքի ակցիաներ արեցին` պահանջելով, որ ստիպեն Ադրբեջանին բացել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: Ակցիայի մասնակիցներն էին Տոմա Պետրոսյանը, Պոնչ Իսպիրյանը, Արտեմ Վալտերը եւ ուրիշներ:
Ակցիայի մասնակիցների պնդմամբ` իրենք ցանկանում են աշխարհի ուշադրությունը հրավիրել Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին։
Հիշեցնենք, որ մեկ ամսից ավելի է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը եւ արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120-հազարանոց բնակչության համար։ Նման գործողություններով ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության բնակչությանը փաստացի զրկել է արտաքին աշխարհի հետ շփման միակ հնարավորությունից՝ 120 հազար բնակչությանը թողնելով լիակատար շրջափակման մեջ՝ դրանից բխող հումանիտար, առողջապահական եւ տնտեսական բոլոր հետեւանքներով հանդերձ։
Ադրբեջանական կողմը խափանել է նաեւ Արցախի գազամատակարարումը՝ շարունակելով Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները:
Ավելին՝ հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով: Յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ստանալ միանգամից 9 կտրոն: Կտրոնների տրամադրումը կատարվել է հունվարի 17-ից:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՁԱՅՆԱԳՐԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Android բջջային օպերացիոն համակարգում ավելացվել է սեփական ձայնը ձայնագրելու եւ զարթուցիչում եւ ժամանակաչափում երաժշտության փոխարեն հենց դա օգտագործելու հնարավորություն։
Իրականում օգտատերերը նախկինում եւս կարող էին իրենց սեփական աուդիո ֆայլերն այդ նպատակով օգտագործել, բայց դա անելն ավելի դժվար էր, քան հիմա. դրա համար անհրաժեշտ էր File Manager-ի օգնությամբ պատճենել անհրաժեշտ աուդիո ֆայլերը եւ ձայնի կարգավորումների մենյուի միջոցով ավելացնել դրանք եւ սահմանել որպես զարթուցիչի ազդանշան:
Այժմ ձայնի ձայնագրման գործառույթը հայտնվել է անմիջապես «Ժամացույց» հավելվածում, ինչը զգալիորեն կհեշտացնի զարթուցիչի եւ ժամանակաչափի համար հատուկ ազդանշանի տեղադրման գործընթացը. հիմա արդեն կարելի է ձայնագրիչի վրա ձայնագրել ցանկացած ձայն, այդ թվում՝ ինչ-որ հաղորդագրություն, կատվի մլավոց կամ ցանկացած այլ ձայն, որ կարող է ձեր մտքով անցնել։
Առայժմ նորամուծությունը հասանելի է միայն Google Pixel շարքի սմարթֆոններում։ Այնուամենայնիվ, փորձագետները հույս ունեն, որ այլ արտադրողների Android սարքերը նույնպես կստանան այն։ Նշենք, որ Apple-ի iPhone սմարթֆոնները դեռեւս չունեն զանգի, զարթուցիչի կամ ծանուցման ձայնի համար ցանկացած ձայն օգտագործելու հնարավորություն:
ՆՈՐ «ՇՈՈՒ» Է ՍԿՍՈՒՄ
Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանը 2023 թվականը որոշել է սկսել նոր ներկայացումով: Նախորդ տարվանից հայտնի «Քաղաքապետը» մոնոնեկայացումը տեղի կունենա փետրվարի 6-ին եւ 7-ին Սունդուկյանի անվան թատրոնում: Նախորդ ներկայացումները տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, եւ հիմա ոգեշնչվելով՝ նա որոշել է շարունակել իր ներկայացումները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տոմսերի արժեքը սկսում է 4000-ից մինչեւ 20.000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Հայկ Մարությանը մտադրվել էր այդ ներկայացումների ժամանակ օգտագործել Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message), սակայն դրանից հետո նրան լռեցնելու փորձեր են արվել, եւ այդ հաղորդագրություններն այդպես էլ ներկայացման ժամանակ չեն ներկայացվել:
Ի դեպ, հենց այդ մոնոներկայացումից հետո երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» ՔՊ-ն սկսել է հարվածել, որի կառավարման շրջանում մայրաքաղաքի եւ որեւէ մի ոլորտում դրական շոշափելի տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց: Ու բնավ պատահական չէ, որ Պետական վերահսկողական ծառայությունը եւս քաղաքապետարանի մասով «աղմկոտ» բացահայտումներ էր արել:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԶՎԵՐԵՎԻ ՄՈՒՍԱՆ
Ոճաբան եւ շոումեն Սերգեյ Զվերեւը երգչուհի Լյուբով Ուսպենսկայային անվանել է իր մուսան եւ կատակել նրա հետ ընտանիք կազմելու վերաբերյալ։
Շոումենը վստահություն է հայտնել, որ Ուսպենսկայայի հետ հիանալի զույգ կկազմի, եւ նշել, որ երկար ընդմիջումից հետո նորից սկսել է երգեր գրել։
«Ես անմիջապես ոգեշնչվեցի եւ նույնիսկ մի բան գրեցի. չգիտեմ՝ այն քառատող է, թե կրկներգ։ Հակառակ որ վաղուց չեմ գրել, ես կարծում եմ, որ սա հենց մուսան է», – ասել է նա։
Զվերեւի ուշադրությանն ի պատասխան՝ Ուսպենսկայան ասել է. «Այն, որ նա երգում է ինձ համար, իհարկե, անսպասելի է եւ հաճելի անակնկալ։ Եթե կարողացել եմ ոգեշնչել նրան երգել, ինձ համար շատ ուրախալի է»։