ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 8

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի թիմակիցների մանիպուլացիաների շարքում այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է քաղաքային իշխանության ղեկավարների հայտարարությունները: Մասնավորապես,  Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար որպես լավ լուր է ներկայացնում հանրային տրանսպորտի ռեֆորմի իրականացման մանրամասները, սակայն «Փաստերի ստուգման հարթակ»-ն ուսումնասիրել է, թե որքանով են ավտոբուսների ներկրման ու, առհասարակ, տրանսպորտային ռեֆորմի վերաբերյալ գործող քաղաքային իշխանության հայտարարած ժամկետները պահվում: Իրականում ներկայացված ժամկետները հեռու են իրականությունից: Հրաչյա Սարգսյանի կառավարման շրջանում՝ 2022-ի օգոստոսին, նա տեղեկացրեց, որ «մրցույթների արդյունքում չինական Zhong Tong մակնիշի 150 հատ ավտոբուս եւ Yutong մակնիշի 15 հատ տրոլեյբուս մինչեւ տարեվերջ կներկրվեն մայրաքաղաք: 2 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց ավտոբուսների արտադրության գործընթացից եւ կրկին վերահաստատեց, որ մինչեւ տարեվերջ դրանք կհասնեն Երեւան։ Այս անգամ քաղաքապետը գրել էր արդեն 165 ավտոբուսների մասին։ Արդեն նոյեմբերի 14-ին մեկ այլ տեսանյութ տեղադրելով՝ քաղաքապետը հայտնեց, որ 150 ավտոբուսներն արդեն Չինաստանի նավահանգստում են եւ օրեր անց կուղեւորվեն Երեւան։ Զուգահեռաբար քաղաքապետը հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին տեսանյութեր տեղադրեց նաեւ ձեռք բերվող 15 նոր տրոլեյբուսների վերաբերյալ, սակայն երկու դեպքում էլ խուսափել էր կոնկրետ ժամկետ նշել, թե երբ դրանք կլինեն Հայաստանում։ Արդեն նոյեմբերի 21-ին Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ տրոլեյբուսները մինչեւ տարեվերջ կլինեն Երեւանում։  Տարեվերջին՝ դեկտեմբերի 26-ին, Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ MAN մակնիշի 87 նոր ավտոբուսներից 4-ը արդեն Երեւանում են, մինչեւ տարեվերջ Երեւան կհասնի նաեւ Zhong Tong մակնիշի 30 ավտոբուս: Հաջորդ օրը, Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով տրանսպորտի վերաբերյալ հարցին, քաղաքապետը հայտնեց, որ MAN մակնիշի ավտոբուսները մինչեւ հունվարի վերջ կլինեն Երեւանում։ Քաղաքապետը խոստացավ նաեւ, որ, բացի 87 MAN ավտոբուսներից, 150 Zhong Tong ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսները եւս մինչեւ հունվարի վերջ կլինեն Երեւանում։ Դրանից մեկ շաբաթ անց՝ հունվարի 4-ին, Երեւան հասան 150 ավտոբուսներից 30-ը։ Նկատենք՝  Երեւան քաղաքի տրանսպորտային նոր համակարգի վերաբերյալ խոստումը չկատարվեց Հայկ Մարությանի օրոք, չի կատարվել մինչ այժմ, իսկ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մինչեւ նոյեմբերի վերջ շարունակում էր խոստանալ, որ գնված ավտոբուսներն ու տրոլեյբուսները այստեղ կլինեն տարեվերջին։ Ստացվում է՝ գործ անել չգիտեն, բայց լավ PR են կարողանում անել, իսկ քաղաքացուն տված խոստումը մնում է օդում:

 

 

 

«Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ն երեկ հերթական անգամ աչքի ընկավ ընդդեմ լրագրողների իր հերթական նախաձեռնություններով եւ հայտարարություններով: Այս անգամ էլ հերթը Զարուհի Բաթոյանինն էր: Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը մոռացության տված՝ պատգամավորը երեկվա կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հանկարծ հիշել էր լրագրողներին: «44-օրյա պատերազմի ժամանակ մենք դեպքերի ականատես եղանք, որ մեդիամասնագետները, լրագրողներն այնպիսի բովանդակություն էին տարածում, որը վտանագավոր էր ոչ միայն քաղաքացիների առողջության եւ կյանքի համար, այլ կարող էր պետական անվտանգության խնդիր առաջացնել»,- նշել էր նա: Բանն այն է, որ պատգամավորին չեն բավարարում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսված մեդիասահմանափակումները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն արձագանքում է. «Իշխանությունն այնքան շատ վնաս է հասցրել երկրին, բնակչության առողջությանը, բնակչության ապագային, որ մենք հազարապատիկ հրապարակումներ էլ անենք՝ չմտածված, վտանգավոր, վնասի չափին չենք կարող անգամ մոտենալ. դրանք սար ու ձորի տարբերություն են»: «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն այս առիթով ասաց. «Օրինակելի կլիներ, եթե Բաթոյանն իր թիմակիցների կողմից ուղղորդվող, անորակ լրատվություն հաղորդող անհասցե կայքերի փակումից սկսեր իր սահմանափակումների ակցիան: Մարդկանց ուղեղները լվացող, ցածրորակ լուրեր հաղորդող՝ իշխանական՝ պատերազմական սուտ լուրեր տարածող կայքերը թողած՝ ի՞նչ սահմանափակումներից է խոսում պատգամավորը»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձն ինչ է հայտնել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա մասնավորապես նշել է, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել: Նախաքննության շահերից ելնելով՝ Ա.Բ-ի անուն-ազգանունը ամբողջությամբ չենք ներկայացնում: Ամեն դեպքում, նշենք, որ նա Երեւան քաղաքի բնակիչ է, ամուսնացած է եւ ունի երեխաներ: Նշենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ Ա.Բ-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Ա.Բ-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Որեւէ մեկը, որն իրականում հարվածել է Միրզոյանին, չի հայտնաբերվել մինչ այժմ. ում հայտնաբերում են իրավապահները, ավելի ուշ պարզվում է, որ նա չի հարվածել Միրզոյանին:

 

 

 

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության արգելքի առիթով հարուցված քրեական  գործը Հակակոռուպցիոն կոմիտեում դոփում է տեղում: Շուրջ երկու տարի է, ինչ Հակակոռուպցիոն կոմիտեում այս գործով քննությունը շարունակվում է, սակայն մինչ օրս քրեական գործով մեղադրյալ չկա: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործը: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: Ինչն է շարունակվում մասնավորապես՝ պարզ չէ: Նկատենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկել է մանր-մունր ձկների` թաղապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձանց, ոստիկանության նախկին տեսուչի եւ նման այլ դեպքերի հետեւից, մինչդեռ խոշոր ձկները լողում են անպատիժ: Հիշեցնենք, որ 2021 թվականին 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված: Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբաններով բողոք էին ներկայացրել: Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը, բողոքի հիման վրա, վերացրել է ՀՔԾ որոշումը եւ հարուցել Է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: Միեւնույնն է, գործը փաստացի չի քննվում, Արմեն Սարգսյանն էլ հասցրեց այդ ընթացքում խորհրդավոր կերպով հրաժարական տալ ու անհետանալ Հայաստանից:




Լրահոս