Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վստահ է՝ Արցախի շրջափակման ու Լաչինի միջանցքի փակման հարցում պատասխանատվության մեջ բաժին նաեւ հայաստանյան իշխանություններն ունեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասնում է՝ Լաչինի միջանցքը բացելու համար ինչ պետք է ու կարող է անել իշխանությունը, որ չի անում:
-Պարո՛ն Աբրահամյան, Արցախն արդեն 38 օր է՝ շրջափակման մեջ է, հայտարարություններ եւ կոչեր շարունակում են հնչել, սակայն հստակ արդյունք չենք տեսնում: Ի՞նչ գնահատականք եք տալիս:
-Իրավիճակը բավականին ծանր է, առաջիկա օրերին դա ավելի վատ բնույթ է կրելու: Դա պայմանավորված է դեղորայքի, սննդի պակասով, էլ չեմ խոսում էլեկտրաէներգիայի անբավարար պաշարի մասին, եւ մեծանալու է այն ժամանակահատվածը, երբ Արցախում հովհարային անջատումներ կլինեն: Հիմա եթե արդեն չորսժամյա ռեժիմ է, ապա այսպես շարունակվելու դեպքում երկու-երեք շաբաթ հետո այն կարող է դառնալ ընդամենը 10 կամ 12 ժամ աշխատանքային ռեժիմ: Գիտեք, որ սա հետեւանք է Ադրբեջանի կողմից ահաբեկչական գործողության իրականացման, եւ Հայաստանից Արցախ գնացող էլեկտրագիծը պարզապես շարքից հանվել է: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հանձնվում էր Բերձոր, Սուս ու Աղավնո քաղաքները, եւ երբ ճանապարհը փոփոխության էր ենթարկվում, Հայաստանի իշխանությունները ստանձնել էին պարտականություններ գծերը փոխելու: Սակայն էլեկտրական գիծը փոփոխության չի ենթարկվել, եւ դա հնարավորություն է ստեղծել հենց Բերձորի հատվածում կտրել այն: Հայաստանի դիրքորոշումը համարժեք չէ:
-Ի՞նչ պետք է աներ իշխանությունը, որ չի անում:
-Իշխանության անելիքների մասով խոսենք երկու տեսանկյունից. կար 44-օրյա պատերազմ, դրա հետեւանքներ, մյուս կողմից՝ կամք եւ ցանկության բացակայություն: Դա իշխանության դիրքորոշումն է Արցախի հարցում: Այն հայտարարություններով, որ ՀՀ իշխանությունների կողմից հնչում են, ավելի մեծ աջակցություն ադրբեջանական կողմին հնարավոր չէ պատկերացնել: Իշխանությունը հայտարարում է, որ իր անելիքը միայն հումանիտար բնույթի հարցերում է, եւ, բնականաբար, սա եւս Ադրբեջանի համար գործելու լայն հնարավորություն է միջանցքը փակ թողնելու տեսանկյունից:
-Ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը կանգնի եւ հայտարարի, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, եւ վերահաստատի, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, դրանից հետո Ադրբեջանը կբացի՞ միջանցքը:
-Գիտեք, Դուք վերցրեցիք իմ երեք հիմնական փաստարկներից մեկը եւ այս հարցադրումը դրա վրա կառուցեցիք: Այն իրավիճակը, որ այսօր ստեղծված է, բնականաբար ունի, այսպես ասած, հետեւանքների մի ամբողջ փաթեթ եւ կախված է այդ բոլոր բաղադրիչների առկայությունից: Միայն մեկ բաղադրիչը վերցնելը, քննարկելն ու այն հիմք դարձնելը չի բխում հարցի կարգավորման տրամաբանությունից: Մեկ բան է, թե դու ինչ ես հայտարարում, մեկ այլ բան է, թե այդ հայտարարություններից հետո ինչ իրավիճակ է: Կարող են լինել հայտարարություններ, որ պետք չէ անել, պետք է անել մի քանի ամիս հետո կամ երբեք էլ չանել: Օրինակ՝ չպետք է անել այնպիսի հայտարարություն, ըստ որի՝ Արցախը կարող է լինել Ադրբեջանի մաս. սա հենց այն թեզն է, որ այս ընթացքում խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից առաջ է քաշվում: Չպետք է հնչեն հայտարարություններ, որ, օրինակ, Հայաստանն անգամ իրեն չի կարողանում պաշտպանել, ուր մնաց Արցախին պաշտպանի: Այսպիսի հայտարարություններ հնչում են իշխող թիմի անդամների կողմից: Այս ամենն է փորձում պնդել եւ հիմնավորել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ԿԳՄՍ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է
2022-ի դեկտեմբերի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած լուրը, որ վերաբերում էր այժմ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝ փոխնախարար եղած ժամանակ մարզպետարաններ ու Երեւանի քաղաքապետարան հասցեագրված շրջաբերականին, մեծ իրարանցում էր առաջացրել թե՛ մանկավարժների, թե՛ ոլորտով հետաքրքրվող անձանց, թե՛ նախարարության լրատվական ծառայության աշխատակիցների շրջանում (վերջիններս պետք է կարողանային թեման գեղեցիկ կերպով «բարի» կամ «անշառ» քողի ներքո ներկայացնել): Տիկին Անդրեասյանի շրջանառած շրջաբերականը, հիշեցնենք, «դպրոցները ռազմական օգտագործումից» հեռու պահելու մասին էր, ինչը, օրինակ, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի համոզմամբ, ռազմահայրենասիրական նշանակության ուսումնական ակումբներին կամ խմբակներին դպրոցներից հեռու պահել է նշանակում: Նորանշանակ նախարարը թեեւ քանիցս անձամբ է փորձել թեման «մեկնաբանել» ու մեղքն իր վրայից մեզ վրա գցել, բայց նախարարությունում վերջերս տեղի ունեցած հանդիպումն, օրինակ, ճիշտ հակառակն է ապացուցում, ավելին՝ վերահաստատում մեր լուրի իսկությունը:
Այսպես, հունվարի 10-ին ԿԳՄՍՆ նորանշանակ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ու, ըստ նախարարության լրատվական ծառայության տարածած հաղրորդագրության, հանդիպման նպատակը «համագործակցության հետագա հեռանկարները քննարկելն» է եղել: Նախարաությունը, փաստացի, հասկանալով, որ հարցը նախեւառաջ հանրային դաշտում պետք է քննարկեր, ապա նոր շրջաբերականներ շրջանառեր (թեկուզ միայն ավելորդ աղմուկից խուսափելու համար), ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում է կազմակերպել։ Եվ եթե իսկապես «մութ սենյակում կատուներ չլինեին», ապա գործադրի ներկայացուցիչները ո՛չ հանդիպում կկազմակերպեին, ո՛չ էլ մեր կողմից բարձրաձայնված հարցը կքննարկեին: Հաղորդագրության մեջ ամենազավեշտալին այն է, որ Սվաջյանը վերոնշյալ հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, թե շրջաբերականը որեւէ առնչություն չի ունեցել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուսումնական գործընթացի եւ ռազմահայրենասիրական կազմակերպությունների գործունեության հետ: Սակայն հատուկ տիկին փոխնախարարուհու համար շեշտենք՝ «ՆԶՊ» առարկան դպրոցական ծրագրերից հանելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը բառ անգամ չի գրել, այդ մասին նույնիսկ ակնարկ չի եղել: Ավելին՝ սեւը սպիտակի վրա գրել ենք. «Դպրոցներում, փաստորեն, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել»: Հետրաբար, խիստ կարեւոր է նախ լուրը լավ կարդալ ու ըմբռնել, ապա նոր միայն հայտարարություններ անել:
ԿԳՄՍՆ լրատվական ծառայության մեկ այլ «պարզաբանում», որ վերաբերում էր Գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցած ռեկոտորի աննախադեպ ընտրության մասին «Ժողովուրդ» օրաթերում տպպագրված լուրին, իրականում նորից մեր տեղեկության հաստատումն էր: Լրատվականի կողմից ներկայացված տեքստի վերջին պարբերությունը, այն է՝ «Նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել է, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել», ուղղակի հաստատումն է մեր կողմից բարձրաձայնված այն թնջուկի, որ գրանցվել էր Գեղարվեստի ակադեմիայի ընտրության ժամանակ:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
ՎԱՐՈՒՅԹ
Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ նոր վարույթ կհարուցվի: Պատճառը 2021 եւ 2022 թվականներին ավտոբուսների ձեռքբերման գործընթացն է, ինչը շատ հարցեր է առաջացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոտ: Ըստ հանձնաժողովի՝ 2021 եւ 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերեւույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնք կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը եւ տնտեսական մրցակցության սահմանափակմանը: Բացի այս, արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսավարողի հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը դիմել է քաղաքապետարան 2021 եւ 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Քաղաքապետարանը տրամադրել է ոչ ամբողջական տեղեկություն, բայց, չնայած դրան, հանձնաժողովը որոշել է կասեցնել հարուցված վարույթը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում վերսկսելու է վարույթը: Ի դեպ, նշենք, որ քաղաքապետարանը մինչ այս հասցրել է մեկ անգամ հանձնաժողովի կողմից նախազգուշացում ստանալ տեղեկությունը ոչ ամբողջական տրամադրելու համար: Այս դեպքում քաղաքապետարանից պահանջվել էր ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ինքնակամ կառույցների օրինականացման դիմումների վերաբերյալ տեղեկատվություն, «Քաղաքաշինություն» ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված բոլոր գործող պայմանագրերի պատճենները:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Հայաստանում դատախազների աշխատավարձը զգալի չափով կբարձրանա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է դատախազներին վճարել ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Օրինակ՝ այս տարվա ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար ՀՀ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող ընդհանուր 432 անձի ամսական դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելում նախատեսելու դեպքում նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 2 մլրդ 443 մլն 304 հազար 718 դրամ։
Ըստ Արդարադատության նախարարության՝ դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: