ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽՈՉԸՆԴՈՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լաչինի միջանցքի արգելափակումը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն ուղիղ խախտում են իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջանցքի շրջափակումն ու այդ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար, սակայն ո՞վ է ասում, թե դա չէ Ադրբեջանի հեռահար նպատակը»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահը վերջին հարցազրույցում կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել ՀՀ նկատմամբ: Պատգամավորը հետարքրքվեց միջազգային կառույցների արձագանքով:

 

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ երեկ, բազմաթիվ անդրադարձեր եղան Արցախի շուրջ ստեղծված  իրավիճակին,  հայ-վրացական հարաբերություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ  Երեւանում կայացած Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին եւ հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ, ընդհանրապես, հայ-վրացական հարաբերությունները։

«Գիտեք, հարաբերությունների հետ կապված ամենակարեւոր արտահայտիչը նա է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը ստանձնել են երկու երկրների վարչապետերը։ Դա տեղի է ունեցել նախորդ տարի, եւ արդեն երկրորդ դեպքն էր, երբ այդ ֆորմատով աշխատանքներ են իրականացվում։ 2020 թվականի առեւտրաշրջանառության արդյունքները շատ տպավորիչ են»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ 2019 թվականին Վրաստանի վարչապետը այցելել էր Հայաստան, եւ այդ ժամանակ խնդիր էին դրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում առեւտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի։

«Հիմա հաստատաբար շատ մոտեցել ենք կամ հատել ենք 1 միլիարդ դոլարը»,- հավելեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած։

«Հիմա ավելի շատ կենտրոնացած ենք 2023 թվականի ցուցանիշների աճի վրա, որովհետեւ բարձր աճերը մի խնդիր ունեն՝ աճերը պետք է շարունակել, որովհետեւ եթե չշարունակենք, կունենանք հետընթաց։ Իհարկե, քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված, եւ պետք է այնպես անել, որ այդ հարաբերությունները ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով։ Այն, որ Հայաստանի եւ Վրաստանի  քաղաքացիները կկարողանան սահմանը անցնել նույնականացման քարտերով, դա  ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային, մարդկային գործոն է։ Կարծում եմ՝ այդ հանգամանքը իրոք կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, մանավանդ որ քննարկում ենք Հայաստանում վրացերենի եւ Վրաստանում հայերենի ուսուցման որակի բարելավման հարցը»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչպես անցած տարի, այս անգամ եւս ես Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաեւ կլինի հանդիպում եւ քննարկում: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է նաեւ երկխոսությունը շարունակելու, զարգացնելու եւ ավելի կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար»,- ասաց Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը 2022 թվականի մարտին մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում հանդիպել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԵՐԹ ԿԱՆԻ

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը որոշել է երթով շարժվել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա մասնավորապես նախատեսում է այս տարվա հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը՝ ժ.12.00-15.00-ն՝ Հանրապետության հրապարակում հավաք, եւ ժ.15.00-ից Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածք-«Հաղթանակ» կամուրջ-Ծովակալ Իսակովի պողոտա-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խաչմերուկ-«Եռաբլուր» պանթեոնի Փառքի կամար-«Եռաբլուր» զինվորական պանթեոն երթուղով երթ անցկացնել:

 

 

 

ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման եւ գազամատակարարումը խափանելու համատեքստում շեշտել է Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու անհրաժեշտությունը:  Մարուքյանն այս մասին ընդգծել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառմամբ: Նա նշել է, որ Ադրբեջանը խափանել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը կասեցրել  է Արցախ գազամատակարարումը, ինչպես նաեւ խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության բոլոր հիմնական կենսական կարիքների ապահովմանը: «Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժամիջոցների ենթարկվի»,- շեշտել է Մարուքյանը:

 

 

ԴԱՐՁԱՎ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԻՐԸ

Հայաստանը դարձավ Կովկասում առաջին երկիրը, որը ստորագրեց Երեխաների, երիտասարդների եւ կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը աշխարհում այս հռչակագիրը ստորագրող 38-րդ երկիրն է։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը  նշեց, որ Հայաստանը հռչակագրի ստորագրմամբ պարտավորվում է ապահովել երեխաների եւ երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ: «Այսօր կլիմայական փոփոխությունները ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար դարձել են առաջնային, եւ երեխաններն ու երիտասարդները, ըստ էության, կլիմայական փոփոխությունների  ամենախոցելի թիրախում են գտնվում: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։ Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն եւ ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում»,- ասաց Սիմիդյանը։

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ

Սույն թվականի հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29օ եւ արեւելյան երկայնության 44.96օ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։

 

 

 

ՀՐԱՏԱՊ ՆԱՄԱԿՆԵՐ

Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային կառույցներին: «Ադրբեջանի կառավարության գործակալները խախտել են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի անկյունաքարային դրույթները, որը պետք է դառնա միջազգային իրավասու մարմինների հրատապ քննության ու Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժիչ գործողությունների առարկա։  Ադրբեջանն այս հանցավոր գործողությամբ եւս մեկ քայլ կատարեց էթնիկ հայերի ցեղասպանության քաղաքականության կյանքի կոչման ուղղությամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռության պայմաններում մարդկության դեմ Ադրբեջանի հանցագործությունները կրելու են շարունակական բնույթ»,- նշել է նա։

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾԻ ԴՈՒՍՏՐԸ

Ներքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ, նախկինում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի հայրը ՀՀԿ-ի իշխանության տարիներին բարձր պաշտոն է զբաղեցրել եւ հասցրել մեղադրվել կոռուպցիոն մի աղմկահարույց գործի շրջանակներում: Խոսքը ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանի մասին է, որը հայտնի է նաեւ որպես վեդեցի Տոզդոյի Աշոտ: Դեռ 2014 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  Աշոտ Սարգսյանը ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով: Նրա գլխավորած «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերությունը գործում էր 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ էր մատուցել պետական եւ հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, դատարանների շենքերը: Ըստ այդ ժամանակ առկա տեղեկությունների՝  Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ունեցել է ՊՆ-ում հզոր տանիք՝ ի դեմս ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի, որն Աշոտ Սարգսյանի համերկրացին է: Կալանքի տակ էր գտնվում, սակայն, միայն Աշոտ Սարգսյանը: Կոմիտաս Մուրադյանը նախկինում եղել է ԼՂՀ ՊԲ 9-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, որտեղ հակառակորդը ապրիլի 2-ին մարտական լուրջ գործողություններ գրանցեց: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Մուրադյանը եւ քառօրյա պատերազմի ժամանակ ազատված մի քանի անձինք «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում Սերժ Սարգսյանին ներկայացրել էին զենքերի տեսականին՝ հպարտությամբ նշելով, թե ինչ ունենք մենք, ինչ ունի հակառակորդը, սակայն իրականում թանգարանում ներկայացված զենքերը ՊՆ զինանոցում չէին էլ եղել: Հենց դրա համար Սերժ Սարգսյանը պատժեց մատակարար Սարգսյանին: Փաստորեն,  Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախկինում  մեծ հափշտակութան համար կալանավորված գործարարի դստերը բարձր պաշտոնի է նշանակել:




Լրահոս