ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցուցմունքի առաջին մասը՝ նախորդ համարում

 

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանի ցուցմունքի երկրորդ մասը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քրեական վարույթով:

Հարց

-Ասացե՛ք, թե ինչ կարգով է սահմանվում  դատավորների հերթապահությունը. հերթապահության գրաֆիկ կազմվո՞ւմ է, թե՞ ոչ։

Պատասխան

-Հայտնում եմ, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-1» նստավայրի դատավորների հերթապահությունը սահմանվում է իմ կողմից ամեն ամիս տրվող հրամանով։ Այդ հրամանների համաձայն՝ նշված նստավայրի բոլոր դատավորները համարվում են ամեն օր հերթապահող դատավորներ։ Սակայն նույն դատավորների կողմից ստեղծվել է հերթապահող երկու խումբ աշխատանքային ծանրաբեռնվածությունն այդկերպ կարգավորելու համար, եւ հերթապահությունն իրականացվել է  նշված խմբերի կողմից օրը մեջ։ Շաբաթվա ուրբաթ օրը հերթապահող խումբը  հերթապահել է նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի հաջորդ շաբաթ եւ կիրակի օրերին ազատ լինի, հերթապահի հաջորդ խումբը։

Հարց

-Ասացե՛ք, թե ինչ կարգով եւ հանգամանքներում եք մակագրել 2022թ.-ի սեպտեմբերի 17-ին դատարան ներկայացված ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող թիվ 12146422 քրեական վարույթով մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Պատասխան

-Հարցին պատասխանում եմ, որ 2022թ.-ի սեպտեմբերի 17-ը եղել է շաբաթ օր, այսինքն՝ այդ օրը մակագրությունները կատարվել են էլեկտրոնային եղանակով։ Նշեմ, որ այդ նույն ժամանակահատվածում «Աջափնյակ-1»  նստավայրի գրասենյակում, ի թիվս այլնի, մուտքագրվել է ԵԴ/0345/15/22 եւ ԵԴ/0346/15/22 երկու միջնորդություններ՝ տարբեր անձանց վերաբերյալ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ ԵԴ/0345/15/22  միջնորդությամբ սկզբնական կալանքը քննել էր դատավոր Արմեն Շիրոյանը, իսկ   ԵԴ/0346/15/22-ը՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանը։ Միջնորդությունները մուտքագրվելուց հետո աշխատակիցն էլեկտրոնային կայքով պատրաստել է դրանց մակագրման թերթիկները եւ ուղարկել «Կենտրոն» նստավայրի գրասենյակի ղեկավարի այդ ժամանակ պարտականությունները կատարող Մարիային, որը դրանք էլեկտրոնային կայքով ուղարկել է  իմ անձնական էլեկտրոնային կայքին։ Ես այդ միջնորդությունների քննարկումը մակագրել եմ  դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ նույն կարգով էլեկտրոնային եղանակով Մարիայի միջոցով հետ եմ ուղարկել «Աջափնյակ-1» նստավայր։ Դրանից հետո նկատելով, որ ԵԴ/0345/15/22  գործով սկզբնական կալանքը քննել է դատավոր Արմեն Շիրոյանը, մտածել եմ, որ երկու միջնորդությունները նխալմամբ եմ մակագրել  դատավոր Արուսյակ Ալեքսանյանին։ Րոպեներ անց զանգահարել եմ Մարիային, ասել եմ, որ «Աջափնյակ-1»  նստավայրից հետ պահանջի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մակագրված երկու միջնորդությունները, դրանք նորից ուղարկի վերամակագրման, քանի որ սխալ  մակագրում եմ կատարել։ Հետագա 10 րոպեի ընթացքում  պարզել եմ, որ դատավոր Ռազմիկ Մարիկյանը գտնվում է արձակուրդում, եւ էլեկտրոնային նույն կարգով Մարիայից ստանալով վերամակագրման թերթիկները՝ ներկայացված ԵԴ/0345/15/22   գործով միջնորդության քննարկումը  վերամակագրել եմ դատավոր Արմեն Շիրոյանին, որ այդ օրը հերթապահող խմբում է եղել եւ գտնվել է դատարանում, իսկ ԵԴ/0346/15/22 գործով միջնորդության քննարկումը վերամակագրել եմ  դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, քանի որ, արդեն նշեցի, դատավոր Ռազմիկ Մարիկյանը  արձակուրդում էր գտնվում։ Վերամակագրման թերթիկները իմ անձնական կայքով ուղարկել եմ Մարիայի գործարկած էլեկտրոնային կայքին, որպեսզի ուղարկի դրանք «Աջափնյակ-1» նստավայր։ Դրա հաջորդ օրը, տեղեկանալով, որ ԵԴ/0345/15/22  գործով միջնորդության քննումը չի հանձնվել  դատավոր Արմեն Շիրոյանին, փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվել,  եւ ինչն է պատճառը։ Մարիային հրավիրել եմ իմ աշխատասենյակ եւ ասել եմ, որ ճշտի, թե ինչ պատճառով ԵԴ/0345/15/22   գործով միջնորդությունը չի հանձնվել դատավոր Արմեն Շիրոյանին։ Քիչ անց Մարիան ինձ տեղեկացրեց, որ ճշտել է տվյալ օրը «Աջափնյակ-1» նստավայրի գրասենյակում հերթապահող Նաիրայից եւ պարզել, որ Արուսյակ Ալեքսանյանին մակագրված հիշյալ երկու միջնորդությունները հետ են պահանջվել կազմից, սակայն գրասենյակ ներկայացվել է միայն ԵԴ/0346/15/22 գործով միջնորդությունը։ Դրանից հետո Մարիային խնդրել եմ, որ բացատրի, թե ինչու է նման իրավիճակ եղել, Մարիան էլ ասաց, որ «Աջափնյակ-1» նստավայրի գրասենյակի աշխատակիցները չեն կարողանում բացատրել, թե ինչու է նման բան եղել։ Ցանկանում եմ նշել, որ իմ անձնական [email protected] կայքում, որը գործարկում եմ իմ «Աամսունգ 1+» մոդելի բջջային հեռախոսով, երեւում է, որ երկու միջնորդությունները մակագրել եմ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, մակագրման թերթիկներն էլեկտրոնային կայքով ուղարկել եմ Մարիային, ապա վերամակագրումներն եմ ուղարկել Մարիայի գործարկած էլեկտրոնային կայքին, սակայն «Կենտրոն» նստավայրի գրասենյակի էլեկտրոնային կայքում, որը գործարկվել է Մարիայի կողմից, եւ այդ կայքի գաղտնաբառը, բացի տվյալ ժամանակ արձակուրդում գտնվող գրասենյակի ղեկավարից, իմացել է միայն Մարիան, երեւում է, որ միայն ԵԴ/0346/15/22 գործով միջնորդության վերամակագրման թերթիկն է ողարկվել «Աջափնյակ-1» նստավայր։ Գրասենյակի ղեկավար Լիլիթից ստացած տեղեկություններով՝ ԵԴ/0345/15/22   գործով միջնորդության վերամակագրումը չկա նաեւ «Աջափնյակ-1» նստավայրի էլեկտրոնային կայքում։ Այդ մասով նույնպես պարզաբանում եմ պահանջել Մարիայից, որը պատասխանել է, որ խառը օր էր, շատ միջնորդություններ էին ստացվում, կապը լավ չէր աշխատում, հնարավոր է, որ ԵԴ/0345/15/22  գործով միջնորդության վերամակագրումը չի ուղարկվել «Աջափնյակ-1» նստավայր, կամ ուղարկվել է, սակայն տեխնիկական պատճառներով չի հասել «Աջափնյակ-1» նստավայր եւ չի պահպանվել էլեկտրոնային կայքում։ Չնայած այդ հանգամանքին՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, տեսնելով որ ԵԴ/0345/15/22  գործով  միջնորդության սկզբնական կալանքը քննել է դատավոր Արմեն Շիրոյանը, պետք է այդ միջնորդությունն իր նախաձեռնությամբ ներկայացներ գրասենյակ, քանի որ այդ աշխատանքային կարգը համաձայնեցվել է հենց դատավորների հետ։

Հարց

-Դուք 28.09.2022թ.-ին գրություն եք ուղարկել վարույթն իրականացնող մարմնին,  հայտնել եք, որ դատավոր Արման Շիրոյանի՝ միջնորդությունը չճանաչելու պատճառը եղել է գրասենյակի աշխատակիցների աշխատանքային ծանրաբեռնվածությունը. ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան

-Հարցին պատասխանում եմ, որ ես արդեն վերը նշեցի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, իսկ ինչ վերաբերում է իմ կողմից տրված գրությանը, ապա գրությամբ նշված  աշխատանքային ծանրաբեռնվածություն ասելով՝ նկատի  եմ ունեցել վերը նշված հանգամանքները։

Հարց

-Քրեական վարույթի նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել թիվ ԵԴ/0346/15/22 գործով դատական վարույթում առկա փաստաթղթերը, որով պարզվել է, որ վարույթում մեկ մակագրման թերթիկ է առկա, իսկ վերամակագրության թերթիկ փաստաթղթերում չկա. ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան

-Հարցին չեմ կարող պատասխանել. այդ հարցին կարող է պատասխանել կա՛մ գրասենյակի աշխատողը, կա՛մ Արուսյակ Ալեքսանյանը։

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու եւ այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական եւ վարութային այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են զանգվածային անկարգությունների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձինք, որոնք ձերբակալվել են։ Մասնավորապես, Ա. Բ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, գնացել է Երեւան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող ՀՀ կառավարական կեցավայրի մոտ եւ միացել այնտեղ հավաքված ամբոխին: Այնուհետեւ Ա.Բ-ն, խախտելով բնակարան հանդիսացող ՀՀ կառավարական կեցավայրի անձեռնմխելիությունը, անտեսելով հատուկ պահպանվող օբյեկտի պահպանության ռեժիմը, չենթարկվելով նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակիցների օրինական պահանջին, հաղթահարելով կառավարական կեցավայրի մուտքի դարպասների արգելքը` պարսպի վրայով ներս ցատկելով, ներխուժել է կեցավայրի տարածք, ապա նաեւ մտել է ՀՀ վարչապետին հատկացված առանձնատուն: Այնուհետեւ, դուրս գալով կեցավայրի տարածքից, գնացել է Կ.Դեմիրճյան փողոց, որտեղ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ: Ա.Բ-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետեւանքով վերջինս կորցրել է գիտակցությունը եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 




Լրահոս