ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները երկու կամ երեք օր առաջ Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Վոլկովի մասնակցությամբ. երեկ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը։

 

Հիշեցնելով, որ երեկ ինքը նաեւ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի գործընկերոջ հետ, Սերգեյ Լավրովը պնդեց, թե ճանապարհի բացման հարցը շուտով կլուծվի։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով լիարժեք երթեւեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված նոյեմբերի 9-ի հայտարարության չափանիշների վրա։

Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ ռուսական կողմը շեշտել է նաեւ հարակից բոլոր հարցերով փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա վերսկսվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։

«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել։ Հիմա մեր զինվորականները ուսումնասիրում են այդ տվյալները։ Մենք շատ պարզ բան ենք առաջարկել. խաղաղապահ առաքելությունը, որը Ռուսաստանն ուղարկել է այնտեղ, եռակողմ հայտարարության համաձայն՝ օժտված է շարժը վերահսկելու լիազորություններով։ Եվ այդ առաքելությունն ունի բոլոր հնարավորությունները ստուգելու՝ արդյոք տրանսպորտային միջոցներում արգելված, ոչ հումանիտար ու քաղաքացիական նշանակության իրեր կան», – ասել է Լավրովը։

«Արցախի շրջափակումը քաղաքական է. սա միայն ճանապարհի արգելափակում չէ, Ադրբեջանի նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է»,- այսօր ընդլայնված խորհրդակցությանն ասել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Պայքարը գնում է սուբյեկտայնության համար, – նշել է նա՝ շարունակելով:- Ես հստակ ասում եմ, որ մեր նպատակն է ունենալ անկախ Արցախ, որը պետք է լինի անվտանգ եւ զարգացած։ Դա շատ կարեւոր նպատակ է, որին հասնելը շատ դժվար է։ Բայց ես դա եմ համարում միակ ճանապարհը ու եկել եմ, որ միասին ամեն ինչ անենք՝ այդ նպատակին հասնելու համար»:

Բաքուն շարունակում է հայտարարել, որ ճանապարհը փակ չէ:

Ռուբեն Վարդանյանը նշել է՝ երեկ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվող երեխաների հետ կապված միջադեպն ապացուցում է հակառակը. «Կատարվել է անընդունելի դեպք, որը հաստատեց, որ ճանապարհը փակ է մնում: Շուրջ վեց շաբաթ ընտանիքից բաժանված երեխաներին փորձ է արվել վերադարձնել խաղաղապահների միջոցով, բայց տեսանք, որ անգամ այս պարագայում ադրբեջանցիներն իրենց թույլ են տվել մտնել երեխաներին տեղափոխող մեքենա, նկարահանում կատարել. սա ակնհայտ ոտնձգություն է եւ մեծ սթրես է եղել երեխաների համար»:

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ նա նշել է, որ այն չափազանց բարդ է, քանի որ ճգնաժամի պայմաններում արդեն հին համակարգն ու մեխանիզմները չեն գործում, եւ անհրաժեշտ է համարել ճգնաժամին արձագանքող ճկուն լուծումներով նոր ու ավելի արդյունավետ համակարգի ձեւավորումը: Այս մասին մանրամասներ էր հայտնել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից, այնուհետեւ մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքները փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա եւ նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։ Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետեւանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետեւանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետեւ՝ ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ», – մանրամասնել է օմբուդսմենը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐՁԱԳԱՆՔ ԴԵՌԵՎՍ ՉԿԱ

Ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» խումբը երեկ ահաբեկող գործողություններ է իրականացրել Հայաստանից Արցախ վերադարձող 19 երեխայի նկատմամբ: Ադրբեջանցիները, դեմքերը փակած, ներխուժել են երեխաներին տեղափոխող մեքենա ու ահաբեկել երեխաներին:

 

«Ժողվոուրդ» օրաթերթն Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանից հետաքրքրվել է՝ ինչպես է միջազգային հանրությունն արձագանքել միջադեպին:

-Պարո՛ն Ստեփանյան, այս միջադեպից հետո դիմե՞լ եք երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին, ի՞նչ արձագանք կա:

-Դեպքի նկարագրության հայտարարությունն առանձին նամակով ուղարկվել է միջազգային տարբեր կազմակերպությունների եւ կառույցների: Արձագանք դեռեւս չկա:

-Ձեր գնահատմամբ՝ արդյոք Ադրբեջանի անպատժելությունը եւ միջազգային հանրության լռությունը չի՞ հանգեցնում Ադրբեջանի կողմից իրականացվող նոր՝ ավելի ծանր հանցագործությունների արցախցիների նկատմամբ:

-Իհարկե, լռությունն է պատճառը, եւ եթե նայեք Ադրբեջանի վարքագիծը, կտեսնեք, որ որքան անպատժելիությունը պահպանվում է, այնքան Ադրբեջանն ավելի լկտի քայլերի է դիմում: Օրինակ՝ Արցախում գազամատակարարումը դադարեցվել է, այսինքն՝ խաղում են մարդկանց կյանքի հետ, 120.000 արցախցի Ադրբեջանի իշխանությունների քմահաճույքներին է թողնված. սա անպատժելիության հետեւանք է:

-Պարո՛ն Ստեփանյան, ըստ Ձեզ՝ Հայաստանի եւ Արցախի իշխանություններն օգտագործո՞ւմ են իրենց ձեռքի տակ եղած ողջ դիվանագիտական գործիքակազմը միջազգային հարթակում:

-Որքանով տեղյակ եմ, դիվանագիտական տարբեր խողովակներով հարցը բարձրաձայնվում է: Հարցը քննարկվում է նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ եւ նրանց խողովակներով: Հարցն այն է, որ սա հետեւողական աշխատանք պահանջող իրավիճակ է, որի հանգուցալուծման համար բոլոր կողմերի ջանքերը պետք է ներդրվեն:

-Միջազգային հանրությունը թեեւ պարբերաբար հայտարարություններ է անում Արցախի շրջափակման մասով, սակայն դրանք հայտարարություններից այն կողմ չեն անցնում, որեւէ շոշափելի քայլեր չեն արվում այս ուղղությամբ:

Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության արձագանքը Արցախում ստեղծված ճգնաժամին, արդյոք միայն հայտարարություններ անելը բավարա՞ր է այս դեպքում:

-Բավարար կգնահատեի, եթե ճանապարհը բացվեր, բայց արդեն 38 օր փակ ճանապարհ ունենալը 21-րդ դարում աբսուրդ է. այս դեպքում ինչպե՞ս կարող եմ բավարար գնահատել:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀՖՖ-Ի ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ ԳՈՐԾԵՐԸ

Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից գրեթե 5 տարի առաջ սկսված ֆուտբոլի մարզադաշտի կառուցապատումը կիսատ է մնացել։ 2018թ. մարտի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը աշխատանքային այցով մեկնել է  Ներքին Կարմիրաղբյուր, որտեղ Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ քննարկել է մարզադաշտի վերակառուցման հետ կապված խնդիրները։ Ռ. Հայրապետյանը լրագրողներին հայտնել է, որ այդ տարվա սեպտեմբերին  հիմնանորոգված մարզադաշտը պատրաստ կլինի։ 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը։ ՀՖՖ նոր  ղեկավարությունը Ն. Կարմիրաղբյուրի խաղադաշտի կանաչ ծածկը ոռոգելու համար ոռոգման ջրագիծ է կառուցել, խաղադաշտի ծածկը որոշ չափով հարթեցրել է, սակայն խաղադաշտի անհարթությունը  շտկող, հարթեցնող տեխնիկա չի ուղարկել սահմանամերձ գյուղ։ Մարզադաշտի հանդերձարանում  «Բաքսի» է տեղադրվել, սակայն  այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա։ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը հայտնեց, որ  գյուղի մարզադաշտում  շուրջ 3 տարի վերակառուցման  աշխատանքները դադարեցված են, ՀՖՖ նախագահի տեղակալ Արմեն Նիկողոսյանը վերջին անգամ իր հետ հեռախոսազրույց է ունեցել մոտ մեկ տարի առաջ։ Վարչական ղեկավարն ասաց, որ ինքը մի քանի անգամ հնձել է տվել խաղադաշտի խոտը։ ՀՖՖ-ն Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղում խաղադաշտ է կառուցել, որը գտնվում է  Բերդավանում՝  «Փյունիկ»  ակումբի ակադեմիայի մասնաճյուղից ոչ հեռու։ Բերդավանցի երեխաները  նախընտրում են ֆուտբոլ խաղալ մերկ հողի վրա, քան ֆեդերացիայի կառուցած խաղադաշտում, որովհետեւ խաղադաշտի մակերեսն  անհարթ է, վախենում են այնտեղ վնասվածքներ ստանալ։

 

 

 

ՕՏԱՐՎԵԼ Է 87 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ

2022թ.-ի դեկտեմբերի 7-ին Դիլիջան համայնքի ավագանին համաձայնություն է տվել համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկությանը եւ համայնքին պատկանող  2-սենյականոց բնակարանն օտարել է  87 հազար  300 դրամով: Որոշումը հրապարակված է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքում:  Որոշման արձանագրության մեջ նշված է.  «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է  տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Հովսեփյան փողոցի թիվ 83 շենքի թիվ 18 երկուսենյականոց՝  58,2 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը վարձակալին ուղղակի վաճառքի ձեւով 87 300 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը»։  Ավագանու որոշման մեջ նշված չէ , թե 87 հազար 300 դրամով ում է օտարվել Դիլիջան քաղաքում երկուսենյականոց, 58,2 քառակուսի մետր մակերեսով բնակարանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս