«ՄԱՆՍՈՒՐՅԱՆ. ԽՈՍՔԻ ԵՎ ՄԵՂԵԴՈՒ ԽԱՉՄԵՐՈՒԿԻՆ» ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրո Մանսուրյանի ստեղծագործությունները. «8 հայրեն սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ – Նավապետ Բարի»-ն, որ գրվել է Մեսրոպ Մաշտոցի խոսքերով, Հայաստանում կներկայացվի առաջին անգամ։ Համերգի մասնակիցներն են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երեւանի պետական կամերային երգչախումբը, մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Երեկոն կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Համերգը կազմակերպվում է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակներում։ Նախագծի կազմակերպիչն է «Կողբ» հիմնադրամը, գլխավոր հովանավորն է «Ֆասթ» բանկը, հովանավորներն են Team Telecom Armenia եւ «Տրանսիմպեքս» (FedEx) ընկերությունները։

 

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսը նվիրված էր առաջիկա համերգին եւ մանսուրյանական մրցույթին։

Մաեստրո Մանսուրյանը, անդրադառնալով հունվարի 27-ին կայանալիք համերգին, ընդգծեց, որ այն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ իր տարեդարձի օրն առաջին անգամ հնչելու են երկու կարեւոր ստեղծագործություններ, ինչն իր համար չափազանց հուզիչ է։ Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում մաշտոցյան օրհներգերն են, կոմպոզիտորը գրել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով, եւ առաջին անգամ հնչել է անցյալ տարի։ Հեղինակը նկատեց, որ հայրենների համար մեղեդի գրելն իր երազանքն է եղել։ «Երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները ձայնի եւ դաշնամուրի համար։ Մշտական պահանջ ունեի կրկին անդրադառնալու հայրեններին։ Մլքեյանի հետ երկար տարիներ ենք համագործակցում, ինչը լավ հիմք հանդիսացավ շարունակելու այդ աշխատանքն արդեն նոր ստեղծագործություններով։ Արդյունքում ունենք «8 հայրեն՝ սիրո, պանդխտության եւ լուսնյակ գիշերների»»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունեն եւս մեկ անգամ կարեւորելու պոեզիան, երաժշտությունը՝ մաեստրո Մանսուրյանի կերպարով փորձելով ոգեշնչել հատկապես երիտասարդ կոմպոզիտորներին։ Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը դառնա ամենամյա։

Մանսուրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր հովանավոր «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ FastBank-ի հիմնադիրները մշտապես աջակցել են տարբեր մշակութային միջոցառումների, ինչը դարձել է իրենց ռազմավարության մաս։ Նման հարթակները շատ կարեւոր են Հայաստանի համար, եւ եթե ուզում ենք ապագայում ունենալ մեծանուն երաժիշտներ, ապա պետք է ստեղծվի համապատասխան միջավայր։ Եվ այս կարեւոր տեսլականին հասնելու համար անհրաժեշտ է աջակցություն, ինչն իրենք անում են։ Լինելով ժամանակակից տեխնոլոգիական ընկերություն՝ FastBank-ը համարում է, որ պետք է մոտ կանգնած լինի դասական արվեստին, մշակույթին, պատմությանը, ինչը մեծ ազդակներ է հաղորդում իրենց աշխատանքի ընթացքում։

ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն իր խոսքում ընդգծեց, որ հունվարի 27-ին կայանալիք համերգը պատասխանատվության առումով տարբերվում է մյուս համերգներից, քանի որ հայրենները, որոնք պետք է ներկայացվեն երեկոյի ընթացքում, Մանսուրյանը նվիրել է հենց իրեն. «Ես այն երջանիկներից եմ, ում Տիգրան Մանսուրյանը նվիրել է պարտիտուր, որը հնչելու է այդ կարեւոր օրը։ Պետք է լինենք երջանիկ՝ այսպիսի մարդու հետ անընդհատ աշխատելով»։

Անդրադառնալով Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին՝ Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ ժյուրիի կազմը բավական բարդ խնդիր է դրել իր առջեւ. «Մրցույթին մասնակցող կոմպոզիտորները պետք է խորապես ուսումնասիրեն պոեզիան։ Պետք է գրեն այնպիսի ստեղծագործություններ, որոնք փորձեն հետագայում դառնալ ազգային արժեք։ Այդ նպատակին ծառայեցնելու համար մրցույթը, հավանաբար, մի փոքր բարդ կլինի։ Ունենք երիտասարդներ, որոնք հրաշալի գրում են»։

Team Telecom Armenia-ի տնօրեն, մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ Հայկ Եսայանը նշեց, որ ընկերությունը շարունակում է աջակցել հայկական մշակույթի զարգացմանը եւ նոր տաղանդների բացահայտմանն ուղղված ծրագրերին. «Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանում Կոմիտասը կարողացավ երաժշտության միջոցով տարածել մեր մշակույթը՝ այն դարձնելով հայի ինքնության կարեւոր բաղադրիչներից մեկը։ Այժմ մենք պարզապես պարտավոր ենք նպաստել նրա գործի շարունակականությանը, այդ նպատակով էլ միացել ենք մրցույթի կազմակերպչական թիմին»:

 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ԽԱԲԵԼ

2022 թվականի դեկտեմբերի 15-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել էինք հոդված «ՀՀ ոստիկանությանը խաբել են» վերտառությամբ, որում ներկայացրել էինք ՀՀ ոստիկանությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած հաշվեքննության արդյունքները, համաձայն որոնց՝ պարեկապահակային ծառայության ավտոմեքենաների համար մրցույթում հաղթած «ՍՍ» ընկերության կողմից մատակարարված տեսախցիկները չեն համապատասխանում մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրին, ըստ որի՝ տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշների ճանաչման ֆունկցիա մինչեւ 300կմ/ժ արագությամբ շարժվելիս, սակայն Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նախնական փորձարկվել է տեսախցիկների՝ պետհամարանիշների ճանաչման ֆունկցիան արագության ընթացքում, ու արձանագրվել է, որ դրանց առավելագույն արագությունը, որի ժամանակ կարող էին ճանաչել մեքենայի պետհամարանիշները, 220-230կմ/ժ է: Մեր օրաթերթի կողմից այս տվյալների հետագա ուսումնասիրություններով այդ տեղեկությունները այդպես էլ չհաստատվեցին: Մեր խմբագրությունը կապ հաստատեց «ՍՍ» ընկերության հետ մեկնաբանություններ ստանալու նպատակով: Վերջինս էլ իր հերթին կապ է հաստատել ABETECHS GmbH (Grundig Security) ընկերության հետ, որից ձեռք է բերել տեսախցիկները մեր հրապարակման մեջ նշված տեղեկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: ABETECHS GmbH (Grundig Security) ընկերությունը հավաստիացրել է, որ մատակարարված տեսախցիկները ոչ միայն համապատասխանում են պահանջվող պայմաններին, այլ համապատասխան կարգաբերումների դեպքում կարող են գրանցել նաեւ մինչեւ 400 կմ/ժ արագություն, այդ տեսախցիկները կիրառվում են աշխարհի տարբեր երկրների իրավապահ համակարգերում եւ լավագույնս ծառայում են իրենց առջեւ դրված խնդիրների լուծմանը: Բացի այդ, «ՍՍ» ընկերությունը դեկտեմբերի 15-ի հրապարական մեջ տեղ գտած տեղեկատվության առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ ոստիկանությունից խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե որ լիցենզավորված կազմակերպության կողմից է իրականացվել տեսախցիկների փորձարկումը, ինչ տարբերակով եւ ինչ մեթոդոլոգիայով, ինչ կարգաբերումներ են կիրառվել փորձարկման ընթացքում, հնարավորության դեպքում փորձարկումն իրականացրած անձանց տվյալները եւ կատարված փորձարկման արձանագրած արդյունքները: ՀՀ ոստիկանության կողմից, սակայն, այդպես էլ որեւէ տեղեկատվություն կամ պարզաբանում չի տրամադրվել: Քանի որ ՀՀ ոստիկանության եւ որեւէ այլ մարմնի կամ ընկերության կողմից չի ներկայացվել նախորդ հրապարակման մեջ նշված փաստերը հիմնավորող ապացույցներ եւ տվյալներ, ուստի ստացվում է, որ ՀՀ ոստիկանությանը ոչ ոք էլ չի խաբել, եւ նախորդ հրապարակումը հիմնված է եղել չճգրտված տեղեկությունների վրա: Ավելին՝ մեր ունեցած տեղեկություններով՝ այդ տեսախցիկների միջոցով պարեկապահակային ծառայությունը մինչ այժմ կարողացել է հայտնաբերել եւ կանխել բազմաթիվ խախտումներ, ինչը նպաստում է հանրապետությունում օպերատիվ վիճակի վերահսկելիության ուժեղացմանը:




Լրահոս